
Իսրայելը երկուշաբթի օրն ավիահարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր օբյեկտներին, ինչի հետևանքով, ըստ լիբանանյան իշխանությունների, զոհվել է առնվազն 356 մարդ, այդ թվում՝ 24 երեխա և 42 կին։ Ավելի քան 1200 մարդ վիրավորվել է։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, ըստ լիբանանցի պաշտոնյաներից մեկի, սա 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմի ավարտից հետ զոհերի ամենամեծ թիվն է:
Ինչպես գրում է BBC-ին, այսօր իսրայելական բանակը Լիբանանի հարավում, արևելյան Բեքաա հովտում և Սիրիային մոտ գտնվող հյուսիսային շրջանում հասցրել է իր ամենաուժգին հարվածները Հեզբոլլահի դեմ հակամարտության սկսվելուց ի վեր։ Իսրայելի պաշտպանության ուժերի շտաբի պետ Հերզի Հալևին ասել է, որ իսրայելական բանակը պատրաստվում է Լիբանանում իր գործողության հաջորդ փուլին:
«Ըստ էության, մենք հարվածում ենք մարտական ենթակառուցվածքին, որը «Հեզբոլլահը» կառուցել է վերջին 20 տարիների ընթացքում: Սա շատ կարևոր է։ Մենք թիրախներ ենք խոցում և պատրաստվում հաջորդ փուլերին»,-ասել է նա։ Իսրայելական բանակը հայտնել է, որ երկուշաբթի երեկոյան թիրախային հարված է հասցրել Բեյրութի ուղղությամբ։
Reuters-ը հայտնում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի թիրախը եղել է Հեզբոլլահի հրամանատար Ալի Կարաքին։ Այնուամենայնիվ, «Հեզբոլլահն» ասել է, որ Կարաքին «ողջ-առողջ է և տեղափոխվել է անվտանգ վայր»:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է Լիբանանի բնակիչներին՝ կոչ անելով հեռանալ «վտանգավոր գոտիներից»։ Նա պնդում է, որ երբ Իսրայելի գործողությունն ավարտվի, մարդիկ կկարողանան վերադառնալ իրենց տները։
Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս Աբիադն ասել է, որ «այս հարձակումների հիմնական նպատակն էր հրահրել խաղաղ բնակիչների տեղահանումն այն շրջաններից, որոնք հարձակման են ենթարկվել»։ «Ակնհայտ է, որ Իսրայելի կառավարության մտադրությունն էսկալացիան ու սադրանքն է»,-ասել է նա BBC Radio 4-ին:
«Մենք պատերազմի նոր փուլում ենք: Սկզբում եղել են թիրախային հարձակումներ, իսկ հիմա հարձակումներն իրականացվում են առանց ընտրության»։ Նրա խոսքով՝ բնակչության ճնշող մեծամասնությունը պատերազմ չի ցանկանում։ «Էսկալացիայի որոշումը կայացվել է արտասահմանում»,- հավելել է Աբիադը:




