Գիտական նորարարությունների և կրթության կենտրոնի գիտաշխատող, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Աստղիկ Հակոբյանն իր առաջին քայլն արել է Պոլիտեխնիկի քոլեջում, այնուհետև ընդունվել է Պոլիտեխնիկական համալսարանի ավտոմատացում և կառավարում բաժինը։
Շարունակելով ուսումը Հարավային Կորեայի Սեուլի ազգային համալսարանում՝ արժանացել է գիտությունների մագիստրոսի և PhD կոչումներին էլեկտրական և համակարգչային ինժեներության ոլորտում:
«Եթե կենտրոնանում եմ աշխատանքի վրա, պետք է այն մինչեւ վերջ կատարեմ: Այս ունակությունը ձևավորելը շատ կարևոր է, երբ այնքան ես խորանում նրանում, ինչով զբաղվում ես, որ անգամ չես նկատում՝ որքան ժամանակ է անցել կամ որ սոված ես, կամ որ ընդհանրապես շրջակա աշխարհը գոյություն ունի: Այնքան ես խորանում գիտության մեջ, որ այն դառնում է քո առօրյան», — ասում է Աստղիկը։




