
Հայաստանի ամենամեծ գաթան այս պահին 3 մետր ու 70 սմ տրամագիծ ունի։ Սեպտեմբերի 21-ին «Գաթայի փառատոնի» կազմակերպիչները պատրաստվում են առնվազն 30 սմ-ով մեծացնել այն։ «Արփա» բնապահպանական հիմնադրամի տնօրեն Արուս Ներսիսյանը ասում է՝ Վայոց Ձորի Խաչիկ գյուղում ՀՀ անկախության օրը նշանավորվելու է 2 տարի ընդմիջումից հետո «Գաթայի փառատոնի» վերսկսմամբ․
«Այս տարի կլինի ամենամեծ գաթան՝ մոտ 4 մետր տրամագծով, գաթայի մեջ թաքնված են լինելու մետաղադրամներ։ Այսպիսով, բոլոր այցելուները կարող են տանել իրենց հաջողության մետաղադրամները։ Փառատոնը սկսվելու է ժամը 12-ին, ուղեկցվելու է տեղական պարի և խմբերի ակտիվ կատարումներով, ելույթ կունենա «Գաթա» բենդը, իսկ ժամը 4-ին կկտրվի ամենամեծ գաթան»։
Իսկ մինչև Խաչիկ հասնելը, հյուրերը կարող են տեսնել «Կարմիրգրքում» գրանցված որոշ կենդանիների՝ ասում է Արուս Ներսիսյանը․
«Խաչիկը հայտնի է իր հարուստ կենսաբազմազանությամբ, և մինչ Խաչիկ գյուղ հասնելը, «Արփա» պահպանվող լանդշաֆտն է գտնվում, որտեղ կարող են գնալ և դիտարկել բեզուարյան այծերի, գորշ արջերի, կովկասյան ընձառյուծների, մուֆլոնների»։
Գաթան հայկական մշակույթի յուրահատուկ բաղադրիչներից է՝ ասում են կազմակերպիչները, բազմաթիվ տոնակատարությունների ժամանակ այն ընկալվել է ոչ միայն իբրև քաղցրավենիք, այլև տոնական ատրիբուտ․
«Գաթան պարեցնելով հարսին ընդունելը պահպանվել է Հայաստանի բոլոր տեղերում։ Այդ ավանդույթը գոնե մնացել է։ Եվ մենք փորձում ենք պահպանել ավանդույթները և վերածնունդը տալ այն ավանդույթների, որոնք եղել են»։

Ըստ ավանդույթի՝ յուրաքնաչյուր տոհմ ուներ իր գաթանախշը, հիմա շատ հազվադեպ են ընտանիքներում գաթանախշիչներով գաթա թխում։ Փառատոնի մասնակիցները նաև իրենց յուրօրինակ զարդանախշերով գաթա պատրաստելու հնարավորություն կունենան։
Արենի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գևորգ Սիմոնյան․«Բնակիչները անակնկալներ են պատրաստել մեր հյուրերի համար, կլինեն տարբեր տեսակի, տարբեր միջուկներով, համեմունքներով գաթաներ և համոզված եմ, որ շատ մարդ չի էլ պատկերացնի, որ գաթան այ էդ ձևի միջուկ կամ համ կարող է ունենալ»։
Գևորգ Սիմոնյանը նշում է՝ Արենի խոշորացված համայնքի բոլոր 9 բնակավայրերում այս ամռանը փառատոներ, տոնավաճառներ են կազմակերպվել։ Ասում է՝ բացի զբոսաշրջության զարգացումից, ավանդական ուտեստների հանրահռչակումից, այսպիսի իրադարձությունները նաև բարեկարգում են համայնքը․
«Համայնքները նաև պարտավորվածություն են ունենում, որ եթե փառատոն է, ուրեմն այս ճանապարհը սարքենք, այս լուսավորությունը սարքենք, ենթակառուցվածքը զարգացնենք։ Ճիշտ է՝ մենք ամեն ինչ անում ենք, որ համայնքները համաչափ զարգանան, դա մեր քաղաքականությունն է, և այդ ֆոնին մենք ունենք բոլոր բնակավայրերում տոներ, որ բոլոր գյուղերում հնարավորություն ունենան ներկայացնել բերքն ու բարիքը»։
«Արենի փառատոն» հիմնադրամի համահիմնադիր-տնօրեն Նունե Մանուկյանը արդեն 16 տարի ոլորտում է։ Ասում է՝ Հայաստանում ներքին զբոսաշրջությունը զարգացավ հենց փառատոների շնորհիվ։
«Իրադարձային տուրիզմի ճյուղը, որը որդեգրել էինք 16 տարի առաջ, ինքը արդեն աշխատում է, և եթե դուք տեսնեք, թե ինչքան օպերատորներ են դնում տուրեր դեպի փառատոներ, դա էլ է նպաստում էկոնոմիկայի զարգացմանը, և ամենակարևորը՝ Վայոց Ձորը այն քիչ մարզերից է , որտեղ արտագնա աշխատանքի քիչ են մեկնում երիտասարդները, որովհետև տեսնում են, որ այնտեղ աշխատանք կա»։

Փառատոնը կուղեկցվի Արենիի գինու հյուրասիրությամբ։ 40 տաղավարներում գյուղացիները կներկայացնեն իրենց աշխատանքները։ Նունե Մանուկյանն ասում է՝ եթե տարիներ առաջ նրանց համոզելով էին բերում տաղավարներ, հիմա արդեն իրենք են անհամբերությամբ սպասում․
«Հիշում եմ մեր առաջին փառատոնը , մենք էինք խնդրում, աղաչում, որ գան, 5-6 հոգուց ավելի մարդ չէր գալիս մասնակցելու, այս տարիների ընթացքում 40-ից ավել անգամ մեծացել են, արդեն մենք ենք մտածում՝ վերցնենք, թե ոչ»։
Կազմակերպիչներն առնվազն 2000 այցելու են ակնկալում, բացի գաթա ու լավաշ թխելու վարպետաց դասերից, նաև կավագործության, թաղիքագործության և տիկնիկագործության դասեր կլինեն։




