Մասնագիտություն

Կյանքի գիտություն՝ կենսաքիմիա. «Մասնագիտություն»

Կենսաքիմիան կյանքի գիտություն է: Կենսաքիմիան ավելին է, քան գիտությունը: Հետաքրքրաշարժ, խիստ արդիական, պահանջված և դինամիկ զարգացող ոլորտ, որ հնարավորություն է տալիս թափանցելու գիտության զարմանահրաշ աշխարհը:

Կենսաքիմիան է ուսումնասիրում կենդանի օրգանիզմներում քիմիական ռեակցիաները, դրանց կարգավորումը, դերը և հնարավոր փոփոխություններն ու հետևանքները: Բացատրելով կյանքի քիմիական հիմունքները՝ կենսաքիմիան առկա է մարդու օրգանիզմում կատարվող բոլոր գործընթացների հիմքում:

Լինելով կամուրջ կենսաբանության ու քիմիայի միջև՝ որպես գիտություն առանձնացավ, երբ գիտնականները համատեղեցին կենսաբանությունը օրգանական, անօրգանական և ֆիզիկական քիմիայի հետ և սկսեցին ուսումնասիրել ժառանգականության քիմիական հիմունքները, սննդանյութերից կենդանի օրգանիզմներին անհրաժեշտ էներգիայի ստացման պրոցեսները, հիվանդությունների հիմքում առկա հիմնարար խանգարումները:

Կենսաքիմիան համեմատաբար երիտասարդ գիտություն է, որպես ինքնուրույն գիտություն  զարգացել է մոտավորապես 100 տարի առաջ, սակայն կենսաքիմիական գործընթացները մարդիկ օգտագործում էին շատ վաղուց:

Հետաքրքիր է կենսաքիմիկոսի մասնագիտությունը: Կենսաքիմիայի բնագավառում հիմնարար գիտելիքներով և հմտություններով օժտված, գիտահետազոտական և մանկավարժական աշխատանքներ կատարող, արտադրության մեջ կենսաբանական տեխնոլոգիաների օգտագործմանը և ներդրմանը տիրապետող մասնագետները ունակ կլինեն բացատրելու կենդանի նյութի բաղադրության հիմնական առանձնահատկությունները և նրա բաղադրամասերի կառուցվածքը, հատկությունները, կենսանյութափոխանակային գործընթացները և դրանց կարգավորման մեխանիզմները, նախագծելու ծրագրեր մանրէների և բույսերի կենսագործունեության արգասիքները կենսատեխնոլոգիական արտադրության, բժշկության, դեղագործության բնագավառներում օգտագործելու համար, կատարելու կենսաբանական տարբեր նմուշների կենսաքիմիական, մոլեկուլակենսաբանական, բջջագենետիկական և մանրէաբանական վերլուծություններ:

Զրույց Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Կարեն Թռչունյանի հետ:

Back to top button