
Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ընտրողներին իրական քաղաքական այլընտրանք չառաջարկեցին և անցկացվեցին հիմնարար ազատությունները և լրատվամիջոցները չափազանց սահմանափակող իրավական շրջանակներում, թեև դրանք լավ կազմակերպված էին՝ ասվում է միջազգային դիտորդների հայտարարության մեջ։
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) համատեղ դիտորդական առաքելությունը պարզել է, որ վերջին խորհրդարանական ընտրություններից ի վեր ընտրական օրենսդրությունն էապես չի փոխվել, երկարամյա առաջարկություններն անպատասխան են մնացել։
«Այս ընտրությունները տեղի ունեցան սահմանափակող քաղաքական և իրավական միջավայրում, ինչի հետևանքը քաղաքական բազմակարծության բացակայությունն էր՝ զուգորդված ցածր մակարդակի քարոզարշավի հետ, և այս ամենը խաթարեց ընտրական գործընթացը», — ասել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Մայքլ Քրիդը։
«Ավելին, ընտրական հանձնաժողովներում իշխող կուսակցության ներկայացուցիչների գերակայությունը, ինչպես նաև տեղական անկախ դիտորդների մուտքի սահմանափակումները, հակասում էին թափանցիկության և ներառականության սկզբունքներին, որոնք ժողովրդավարական ընտրությունների հիմք են հանդիսանում», – նշել է Քրիդը։
Դիտորդները նշել են, որ թեև ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն արդյունավետ են իրականացվել, բայց քվեարկության օրն արձանագրվել են լուրջ խախտումներ, հատկապես ձայների հաշվարկի ժամանակ։
Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն հետևում էր 279 դիտորդ 34 երկրից։
Նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը մեծամասնություն կկազմի խորհրդարանում։
Ըստ նախնական արդյունքների՝ 125-տեղանոց խորհրդարանում իշխող կուսակցությունը կունենա մոտ 68 մանդատ։ Ընտրվել է նաև 44 անկախ թեկնածու։ Մոտավորապես 6,421,000 գրանցված ընտրող ունեցող երկրում ընտրողների մասնակցությունը կազմել է մոտ 37,27 տոկոս:




