
Բաքուն երկակի ստանդարտներով է առաջնորդվում ոչ միայն բնապահպանության, այլև պատմամշակութային ժառանգության պահպանության ոլորտում։ Ադրբեջանը փորձում է յուրացնել Արցախի հայկական մշակութային ժառանգությունը՝ այն միջազգային հանրությանը որպես աղվանական ներկայացնելով։
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում «Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում» խորագրով գիտաժողովին մասնագետները քննարկել են կոնֆլիկտների հետևանքով առաջացած իրավիճակներն ու դրանց հետևանքները պատմամշակութային ժառանգության ոլորտի վրա։
Մշակութային ժառանգության պահպանման, հանրայնացման խնդիրների քննարկումը համախմբվել է տարբեր երկրների գիտնականներին և հետազոտողներին։
Գիտաժողովի ուշադրության կենտրոնում, մասնավորապես, բռնազավթված Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանության հարցն է։ Դրանց ոչնչացմամբ և յուրացմամբ՝ Բաքուն հիբրիդային մշտական պատերազմ է վարում Հայաստանի և հայության դեմ։
Արցախի մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյան. «Այն կառույցները, որոնք կոչված են հակամարտության գոտիներում պահպանել մշակութային ժառանգությունը արդեն վաղուց դադարել են արձագանքելուց՝ բացառությամբ մի քանի հայտարարությունների»։
Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությանը սպասում է Նախիջևանի ճակատագիրը՝ Հայաստանի Գիտությունների ակադեմիայում կազմակերպված միջազգային համաժողովում ահազանգեց քարտեզագիր, աշխարհագրագետ Ռուբեն Գալչյանը։ Ադրբեջանը փորձում է յուրացնել հայկական մշակութային ժառանգությունը՝ հայտարարելով, որ այն իբր պատկանում է աղվանական մշակույթին՝ շեշտեց Գալչյանը։ Ավելին, Բաքուն փորձում է առաջ տանել կեղծ թեզն այն մասին, որ հայերը տարածաշրջան են եկել XIX դարում։
«Ադրբեջանը, որպես մի երկիր, անկախ երկիր Արաքսից հյուսիս երբևէ որևէ քարտեզում գոյություն չի ունեցել մինչև 1918 թ.-ը։ Պատմական թեզերի մեջ, իրենց գրականության մեջ ներկայացնում են, թե հայերը Կովկասի հարավում գոյություն չեն ունեցել, երբևէ չեն ապրել մինչև 1828 թիվը։ Այդպիսով իրենց երկիրը ուզում են «ազատել» հայերից, բայց հետո գալիս է մշակույթի խնդիրը։ Երբ որ գալիս ես ճարտարապետական հուշարձաններին՝ քրիստոնեական հուշարձաններին, ասում են՝ դե դրանք, գիտեք ինչ, քրիստոնեական հուշարձանները մեր նախնիների՝ աղվանների հուշարձաններն են, քանի որ նրանք քրիստոնյա էին»։
Մասնագետն իրավիճակը զուգահեռում է օսմանյան շրջանի հետ։
«Ադրբեջանցիները Օսմանյան կայսրության օրինակն էին վերցրել։ Օսմանյան կայսրությունը նույն գործն արեց, հայաթափեց իր արևելյան մասի վիլայեթները, հետո սկսեց քանդել հայկական եկեղեցիների հետքերը, որպեսզի հայերից հետք չմնա։ Հետո սկսեցին ասել, որ էստեղ երբեք հայ չի ապրում, բայց այդտեղ մեծ «սխալ» էին արել, որ շատ կրոնափոխ հայեր մնացել էին տեղում և դեռ հիշում են, որ իրենց պապերը, տատերը, հայ են եղել, իսկ հայկական եկեղեցիները ու խաչքարերը այնքան շատ էին, որ ընդհանրապես նրանք չեն կարողացել ոչնչացնել բոլորը։ Իսկ Նախիջևանում ադրբեջանցիները ոչնչացրին բոլոր հայկական մշակութային կոթողները՝ հետևելով օսմանյան օրինակին և կատարելագործելով դա»։

Համեմատության համար Գալչյանը ներկայացրեց հայկական մշակութային ժառանգության վիճակը մուսուլմանական Իրանում։ Իսլամական հանրապետությունում ոչ միայն խնամքով է պահում հայկական ժառանգությունը, այլև մի մասը ներկայացվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ներառելու համար՝ հիշեցրեց գիտնականը։
Ադրբեջանական վանդալիզմի մասին անընդհատ պետք է խոսել՝ ասում է Արցախի մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։
«Ամեն ձևով, անընդհատ դրա մասին խոսել, եթե անընդհատ դրա մասին խոսում ես, ապա գալու է ժամը։ Եթե այսօր չի հաջողվում, ապա վաղը կարող է հաջողվել»։
Հովհաննիսյանը շեշտում է՝ շատ լավ հասկանում է, թե որն է թշնամու այսօրվա մարտավարությունը. նախ՝ ջնջել ղարաբաղյան հետքը։
«Քանդելու են անկախության ժամանակաշրջանում ստեղծված բոլոր հուշարձանները, հուշակոթողները»։
Արցախի Հանրապետությունից առաջ գոյություն ունեցած հուշարձանների մի մասն էլ կձևափոխեն՝ համոզված է Արցախի մշակույթի նախկին նախարարը՝ փոխանցելով, որ արդեն սկսել են մեր վիմագիր արձանագրությունների ոչնչացումը։ Մյուս մասն էլ, նրա համոզմամբ, կվերագրեն իրենց, իբր, քրիստոնեա նախնիներին։
«Ադրբեջանի մշակույթի նախարարության հուշարձանների ցուցակներում թե՛ Գանձասարը, թե՛ Դադիվանքը նշված է որպես իրենց հուշարձաններ»։
Միջազգային փորձագետները նաև նկատում են՝ հիացած են հայկական ճարտարապետությամբ, այն էական ավանդ է ունեցել համաշխարհային ճարտարապետության զարգացման մեջ։




