
2010թ-ից հետո Հայաստանում առաջին անգամ մշակվել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարություն։ 2024-2040 թվականների համար գործողություններն ու ծրագրերը սահմանող փաստաթուղթն անցել է հանրային քննարկումների փուլը, առաջիկայում կլրամշակվի ու վերջնական տեսքով կներկայացվի կառավարության հաստատմանը։
Ռազմավարությունը բազմավեկտոր է, ընդգրկում է ժողովրդագրական իրավիճակի վրա ազդող բոլոր երևույթների, խնդիրների ու իրադարձությունների վերլուծությունը, իրավիճակի բարելավման ճանապարհային քարտեզը՝ վստահ են փաստաթուղթը մշակած մասնագետները։ Նրանց գնահատմամբ՝ առաջին հերթին պետք է բարելավվի ծնելիության մակարդակի ցուցանիշը․ առկա տվյալներով այն չի ապահովում անգամ բնակչության պարզ վերարտադրություն։
Հայաստանը դիտարկվում է որպես ծերացող երկիր, ու այս խնդիրն ավելի է սրվելու առաջիկա 30 տարիների ընթացքում։ Եզրահանգումը տեղ է գտել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության նախագծի մեջ։ Փաստաթուղթը մշակել է Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը։
Նպատակը մինչև 2040թ․-ը Հայաստանում ժողովրդագրական կորը էականորեն բեկելն է։ Ծնելիության մակարդակի գործող ցուցանիշներով չի ապահովվում անգամ բնակչության պարզ վերարտադրությունը։ Դրա համար ծնելիության գործակիցը պետք է նվազագույնը 2.1 լինի, իսկ Հայասանում այն չի գերազանցում 1.72-ը՝ մանրամասնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։
«Մայրանալու, վերարտադրողական տարիքը բավականին բարձրացել է․ սա նույնպես համաշխարհային տենդենց է։ Հայաստանում մայրանալու տարիքը 28.6-ի է հասել, սա նշանակում է, որ 28-35 տարեկաններն են հիմնականում երեխա ունենում, այս տարիքային խմբի բնակչությունը կազմում է 260 հազար մարդ, որոնց գալիս են փոխարինելու 25-29 տարեկանները․ նրանք վաղվա պոտենցյալ ծնողներն են, որոնց թիվը կտրուկ նվազում է՝ շուրջ 50-60 հազարով։ Սա նշանակում է, որ մենք պոտենցյալ ծնողների թվի էական նվազում ունենք»,-ասում է Խաչատրյանը։

Ծնելիության նվազումն անխուսափելի է, ու այս միտումն առկա է ամբողջ աշխարհում՝ նկատում է կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը։ Այս երևույթը կա այնպիսի երկրներում, ինչպիսին օրինակ Չինաստանն ու Հնդկաստանն են։ Փորձագետը մեջբերում է վերլուծական տվյալներ, ըստ որոնց՝ 2050թ. Երկիր մոլորակի բնակչության աճն առհասարակ կանգնելու է, իսկ մինչև այդ աճելու է միայն աֆրիկյան երկրների հաշվին։
«Սրա դեմ աշխարհը լուծումներ դեռ չունի և չի էլ ունենալու, որովհետև դեմոգրաֆիայի մեր վաղվա օրն արդեն այսօր առկա է։ Ժողովրդագրության ոլորտում հնարավոր չէ ինչ-որ ծրագիր իրականացնել ու կտրուկ փոխել վաղվա օրը, այն, ինչ քո հետ պետք է լինի վաղը, այսօր արդեն առկա է։ Այն մարդիկ, որոնք վաղը ծնող են դառնալու, այսօր ծնվել ու մեծանում են։ Դեմոգրաֆիայի վրա ազդեցության հնարավորությունները որևէ երկրում որևէ քաղաքականության իրականացման դեպքում սահմանափակ են»։
Ժողովրդագրական ռազմավարության նախագիծը մշակվել է ավելի քան 2.5 տարի։ Հայ մասնագետների հետ փաստաթղթի վրա արտասահմանցի հեղինակավոր մասնագետներ են աշխատել։ Նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն ասում է՝ ռազմավարական փաստաթղթի անհրաժեշտությունն էլ ավելի է սրվել 2020թ. կորոնավիրուսի համավարակից ու 44-օրյա պատերազմից հետո։ Այսօրվա ժողովրդագրական պատկերի վրա ամեն ինչ է ազդել՝ Մեծ եղեռնից մինչև երկրորդ համաշխարհային պատերազմ ու հետխորհրդային իրողություններ՝ ասում է կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը։
«Մենք ունենք ծնելիության անկում և բնակչության ծերացում։ Եվ երբ բնակչության մեջ ավելանում են ծերերը, որոնք քիչ արտադրողական են և մյուս կողմից ծնելիությունն է անկում գրանցում, ենթադրում է հանրային ռեսուրսների վերաբաշխում։ Մենք ստիպված ենք լինելու շատ ավելի մեծ գումարներ ծախսել մարդկանց բարեկեցիկ ծերությունն ապահովելու տեսանկյունից»,- ասում է Ջրբաշյանը։

Հայաստանում անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ ընտանիքները հիմնականում ցանկանում են 3-րդ երեխան ունենալ, պարզապես սրան խանգարող սոցիալ-տնտեսական ու ֆինանսական խնդիրներ կան։ Ռազմավարության առաջնահերթություններից է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ այս ցանկությունը հնարավորության վերածվի։
«Երեխան պետք է ընտանիքի համար «ղսմաթ» լինի, երեխայի ծնունդը պետք է բերի ընտանիքի բարեկեցության բարելավմանը։ Երեխա ունեցող ընտանիքները մոտավորապես 30 տոկոսով ավելի քիչ եկամուտ ունեն, ավելի բարդ վիճակում են, քան երեխա չունեցող ընտանիքները։ Նպատակն այն է, որ այս իրավիճակն առհասարակ փոխվի և այն ընտանիքները, որոնք ունեն երեխաներ, իրենց բարեկեցության մակարդակով ոչ միայն հասնեն այն ընտանիքներին, որոնք չունեն երեխաներ, այլ նաև գերազանցեն»։
Ռազմավարության մեջ անդրադարձ կա ժողովրդագրական իրավիճակի վրա ազդող 4 հիմնական գործոններին՝ ծնելիություն, վաղարժամ մահեր, ծերություն ու միգրացիա։ Վերջինը նաև բնակչության որակական ցուցանիշների վրա է ազդում։ Ռազմավարությունը բոլոր խնդիրների լուծման ուղղությամբ շուրջ 190 միջոցառում է նախատեսում, որոնք ենթադրում են շուրջ 2.6 տրիլիոն դրամի ծախս․ Հայաստանի համար սա իրատեսական թիվ է՝ կարծում են մասնագետներն եւ ընդգծում՝ սա ոչ թե ծախս է, այլ ներդրում։
«Բնակչության թվի փոփոխությունն արդեն հետևանք է․ եթե կառուցվածքը փոխվում է, մարդկային կապիտալը զարգանում է, միգրացիոն հոսքերը կառավարվում են, որպես հետևանք աճում է նաև բնակչությունը»։
Ռազմավարությունն անցել է հանրային քննարկման փուլը։ Հեղինակներն ավելի քան 700 առաջարկ են ստացել։ Առաջիկա 17 տարվա գործողություններ ենթադրող փաստաթուղթը մշակող խումբն առաջիկայում այն կլրամշակի, վերջնական տեսքի կբերի ու կներկայացնի կառավարության հաստատմանը։




