ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«ԱՅԴԵՔՍ 2025»-ի հայտերը բաց են․ ի՞նչ էր ներկայացրել Հայաստանը 2023թ-ին

Մեկնարկել է «ԱՅԴԵՔՍ 2025» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումը։ Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչև սեպտեմբերի 22-ը: Ցուցահանդեսն անցկացվելու է Աբու Դաբիում՝ 2025թ փետրվարին։ «ԱՅԴԵՔՍ» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը համարվում է Միջին Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը։ Նախորդ անգամ  2023թ-ին ԲՏԱ նախարարության հետ հայկական 18 ընկերություն միասնական տաղավարով է ներկայացել։

AirWorker ընկերությունը «ԱՅԴԵՔՍ» ցուցահանդեսին ներկայացրել է չորս մոդել՝ 2-ը հետախուզական, 2-ը՝ հարվածային։ Հետախուզականներից առաջին մոդելը կոչվում է AW-5։ Թռիչքը իրականացվում է ձեռքի նետումով։ Այն կարող է բարձրանալ ծովի մակարդակից մինչև 4300 մետր։ Շարժիչը էլեկտրական է, թռիչքային ժամանակը՝ մեկուկես ժամ։ Վայրէջքից հետո նկարներն օգտագործվում են հետազոտությունների համար։ Ընկերության ինժեներ Խաչատուր Մելքոնյան․

«Ինչ վերաբերում է հարվածայիններին, դրանք երկուսն են՝ AW-17 և AW-21 մոդելները։ Երկուսի թռիչքը իրականցվում է կատապուլտից։  AW-21-ը փակ կոնտեյներից է իրականացնում թռիչքը, կոնտեյներից թռնելուց հետո բացում է թեւերը և իր կանոնարարները ու շարունակում է թռիչքը։ Օգտակար բեռը 2 կգ է, նախատեսում է մինչեւ 25ից 30կմ խորության վրա աշխատելու համար։ AW-17-ի թռիչքը էլի կոնտենյերից է։ Ունենք երկու տարբերակ՝ 2 եւ 3 կգ օգտակար բեռերով, համապատասխանաբար՝ 50 ու 25 կմ հեռահարությամբ։ Ինչքան բեռը ծանր է, այնքան ավելի կարճ է թռնում, ինչքան բեռը թեթեւ, այնքան ավելի հեռահար է աշխատում»։

2023թ-ին ցուցահանդեսին մասնակցած հայկական ընկերությունները

2023-ին ցուցահանդեսին մասնակցել է 1353 ընկերություն՝ 65 երկրից։ 2025թ-ի ցուցահանդեսին մասնակցելու հստակ որոշում ընկերությունում դեռևս չունեն։ Նոր մոդելներ ունեն, սակայն դրանք դեռևս մակետային տարբերակով են։ IDEX ցուցահանդեսին ոչ միայն պատրաստի արտադրանք են ներկայացնում, այլև գաղափարի փուլում գտնվող նախագծեր։ Ընկերության ներկայացրած մոդելներից ցուցահանդեսի ժամանակ հետաքրքրություն են առաջացրել հատկապես AW-21 և AW-5R մոդելները։ Մելքոնյանի դիտարկմամբ՝ մոդելների «ֆիշկան» կոմպակտությունն է, հեշտ գործարկումը, նաև գին-որակ հարաբերակցությունը։

«Հետաքրքրության հիմնական պատճառը  կոմպակտությունն է, կարող ես սովորական  ունիվերսալ մեքենայի մեջ մի քանի հատ տեղադրել ու գործարկել։ Իր տեղափոխման համար մեծ տեխնիկա առանձնապես անհրաժեշտ չէ։ Կոնտեյների մեջ էլ ավելի կոմպակտ է տեղափոխման համար, պատկերացրեք՝ ինչ ինքնաթիռը՝ մեծ թեւերի բացվածքով, ինչ կոնտեյներից։ Հաջորդ ամենաշատ հետաքրքրություն առաջացրածը հետախուզական AW-5R մոդելն էր։ Հիմնական պատճառը հեշտ գործարկումն է՝ ձեռքի նետումով։ Մարտական վիճակի է բերվում ընդամենը մեկուկես րոպեի ընթացքում։ Եթե նախապես արդեն տրված է ծրագիրը, թե ինչ պետք է անի, մարտական վիճակի բերելը ամենաշատը մեկուկես րոպե է տևում, հեշտ կիրառելիությունն է իրենց «ֆիշկան»»։

https://www.facebook.com/airworkeruav/videos/557485295998378?locale=ru_RU

2023 թ.–ին ընկերությունը մասնակցել է ոչ միայն IDEX-ին, այլև Կահիրեում անցկացվող EDEX-2023-ին։ Երկու ցուցահանդեսների ժամանակ էլ հիմնական հետաքրքրությունը Մերձավոր Արևելքի, աֆրիկյան երկրներից է եղել, որոշների հետ ընկերությունը համագործակցում է։

«ԱՅԴԵՔՍ 2023» ցուցահանդեսին մասնակցել է նաև ԲՏԱ նախարարության ենթակայությամբ գործող «Գեոկոսմոս» –ը։ Ընկերության «Երկրի հեռահար զոնդավորման տվյալների պլանավորման եւ ստացման բաժանմունք»-ի պետ Ֆրեդ Ախոյանի խոսքով՝ երկու արտադրանք են ցուցադրել։ Առաջինը՝ «Արմսաթ 1» արբանյակի կողմից ստացված տիեզերալուսանկարներն են, երկրորդը՝ GEOVIBE ընկերության հետ մշակած ծրագրային ապահովումը։ Հայկական արբանյակի մրցակցային առավելությունը, ըստ Ախոյանի,  նկարահանման բարձր լուծաչափն է։

«Լուծաչափը մեկ պիկսելի չափն է, այսինքն՝ մեր մոտ երկուսուկեսից արդեն սկսում է բարձրանալ։ Դա կապված է տիեզերական սարքի թեքվածության անկյունից։ Օրինակի համար, եթե տիեզերական նկարը նկարվում է հենց 0 աստիճանից, լուծաչափը լինում է ՝2 մ 50 սմ։ Ինչքան անկյունը թեքվում է, այսինքն՝ անկյունը շատանում է, բնականաբար, լուծաչափը շատանում է։ Այսինքն, մեկ  պիկսելի մեջ հնարավոր է տեսնել այն առարկան, որն ունի երկուսուկես մետր տրամագիծ»։

«Արմսաթ 1» արբանյակն արևասինխրոն է, այսինքն՝ պտտվում է երկրագնդի ամբողջ տարածքով և ցանկացած հատված նկարահանելու հնարավորություն ունի։ «Գեոկոսմոս»-ը հանդիսանում է տիեզերական նկարների և այլ ծառայությունների վերավաճառող։ Տիեզերական նկարները կիրառվում են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում։  Ցուցահանդեսի ընթացքում ընկերության արտադրանքով հետաքրքրվել են  Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Չինաստանը և Հնդկաստանը։ Հաստատված կապերը նաև հանգուցալուծվել են պայմանագրով։

«Ինչ վերաբերվում է պրոդուկտին, դե պարզ է, որ ցուցահանդեսը ռազմական է եւ մնացած պրոդուկտի կիրառումը գաղտնի է, չեմ կարող բացահայտել ոչ մի բան։ Բայց  իրականում շատ հաջողված պրոդուկտ է, որը կարող են  տարբեր երկրներ տարբեր նպատակների համար օգտագործել՝ սկսված սահմանների մոնիթորինգի, շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների, անտառային ռեսուրսների և այլ բնագավառներում հնարավոր է կիրառել»։

Հայկական արբանյակի հանդեպ հետաքրքրությունը սպասում էր առաջացրել, որ կհրապարակվեն նրա կողմից արված լուսանակարները և հասանելի կդառնան նաև հանրությանը։ Սկզբնապես հայտարարվել էր, որ դրանք կհրապարակվեն «Սթարմուս» գիտական փառատոնի շրջանակում, սակայն հրապարակումը  հետաձվել էր։ Այս տարի նախարարությունը հայտնել էր, որ դրանք կհրապարակվեն կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի պաշտոնական բացման ժամանակ, որի ժամկետները չեն նշվել։

Կարդացեք նաև

Back to top button