ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Բյուր» հնարավորություն արցախցիների համար․ շուրջ 1000 մարդ աջակցություն է ստացել բիզնես հիմնելու համար

Բիզնես հմտություններ արցախցիների ու տեղահանված բոլոր այն մարդկանց համար, որոնք սեփական գործը սկսելու կամ ունեցած հմտությունները եկամտաբեր բիզնես դարձնելու մտադրություն ունեն։ «Իննոբիզ» հասարակական կազմակերպությունն արդեն նմանատիպ աջակցություն է տրամադրել շուրջ 1000 արցախցիների։ Թվային գրագիտությունից մինչև բիզնես հմտություններ, մարքեթինգ ու ֆինանսներ․ դասընթացների շրջանակը լայն է, իսկ մասնակցությունը՝ անվճար։ Հասարակական կազմակերպության ներկայացուցիիչները վստահ են՝ տալիս են այն ամենը, ինչ պետք է միտքը գործ դարձնելու համար։

«Ինչպես ասում են՝ այն մարդիկ, որոնք սիրում եմ ստաբիլություն․ ընտրում են կարիերա, որոնք սիրում են անկախություն, ընտրում են բիզնեսը»։

Իրինա Հայրապետյանը լրագրող է․ սկզբում Արցախի հանրային հեռուստաընկերությունում է աշխատել, հետո՝ Հայաստանի։ Չնայած հագեցած աշխատանքային ռեժիմին՝ միշտ մտածել է սեփական բիզնեսն ունենալու մասին։

«Ես երևի ոսկե միջինն եմ, աշխատանքին զուգահեռ միշտ մտածել եմ բիզնեսի մասին»։

Արցախում էպոքսիդային խեժով սպասք էր պատրաստում, սկզբում ընտանիքի, հետո արդեն ծանոթ բարեկամների համար։ Մինչև Արցախի շրջափակումը մտածում էր սիրելի զբաղմունքն ընդլայնելու, սպասքին զուգահեռ նաև նույն խեժից սեղաններ պատրաստելու մասին, բայց հայրենիքում ստեղծված իրավիճակը փոխեց մտքերի ուղղությունը։

«Երբ պատվիրեցի պոքսիդային խեժի վերջին խմբաքանակը, Արցախում արդեն ամբողջական շրջափակում էր, ու բնականաբար ոչինչ չէր հասնում Արցախ։ Ես էլ արդեն դրա մասին չէի մտածում, որովհետև վստահ էի, որ ավելի կարևոր խնդիրներ կան․ իմ մասնագիտական պարտքը շատ ավելի վեր է իմ նախասիրություններից կամ բիզնեսի գաղափարից»,-ասում է Իրինան։

Արդեն Հայաստանում է վերադարձել իր երազանքին ու որոշել լրագրությանը զուգահեռ նաև բիզնեսին նոր շունչ տալ, դարձնել ընտանեկան գործ։

«Հայրս շատ լավ կարողանում է երկաթից տարբեր իրեր է պատրաստել, մտածեցի՝ ինքը դա կանի, ես՝ դեկորատիվ մասը կապահովեմ, սեղանը կպատրաստեմ, մարքեթինգով կզբաղվեմ, քույրիկս էլ հաշվապահությունը կանի»։

Գաղափարը հաջողակ, եկամտաբեր բիզնես դարձնելու հարցում Իրինային հիմա «Իննոբիզ» հասարակական կազմակերպության «Բյուր» կրթական ծրագիրն է օգնում։ Կազմակերպութան մարքեթինգի մասնագետ Ինեսա Վարդանյանը պատմում է՝ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո են սկսել իրականացնել ծրագիրը, նպատակը տեղահանված՝ կյանքն ու գործը Արցախում թողած մարդկանց Հայաստանում օգնելն է։ Տարիներ առաջ ծրագրից շուրջ 100 արցախցի է օգտվել, իսկ 2023-ի իրադարձություններն ու տեղահանությունը ստիպեցին նորից սկսել ծրագիրն ու ընդլայնվել։

«Ներգրավեցինք Հայաստանի լավագույն մասնագետներին ու 1000-ից ավելի արցախցիների, հենց դա է պատճառը, որ ծրագիրը կոչվում է «Բյուր», ինչպես գիտեք «բյուրը» հազար է նշանակում, իսկ վերջերս պարզեցինք, որ գրաբարով՝ 10 հազար է նշանակում, ինչը մեզ դրդեց, որ մենք պետք է հրաժարվենք 1000-ի գաղափարից ու արդեն 1000-ների մասին մտածենք»,- ասում է Ինեսա Վարդանյանը։

Ծրագրի միակ պայմանը տեղահանված լինելն է, անկախ հանգամանքից՝ արցախցին 2020թ․ 44-օրյա պատերազմի՞ց, թե՞ 23-ի շրջափակումից հետո է տեղահանվել։ Դասընթացը հենց սկսնակների համար է, ովքեր ունեն գաղափար ու պետք են հմտություններ։ Դասընթացին մասնակցում են 20-ից մինչև անգամ 60 տարեկան անձինք։ Թվային գրագիտությունից մինչև բիզնես հմտություններ, մարքեթինգ ու ֆինանսներ․ դասընթացների շրջանակը լայն է ու ընդգրկուն․ հասարակական կազմակերպության ներկայացուցիիչները վստահ են՝ իրենք տալիս են այն ամենը, ինչ պետք է միտքը գործ դարձնելու համար։

«Այսօր մենք 900-ից ավելի գրանցված մասնակից ունենք, պլանավորել էինք, որ մեկ տարում կունենանք 1000, այսինքն բյուր գրանցված մասնակից, սակայն անցել է ընդամենը 2 ամիս, ու մենք արդեն հատել ենք այդ սահմանը։ Սա մեզ բնականաբար չի կանգնացնելու, անպայման շարունակելու ենք։ Մասնակիցները ծրագիրն ավարտելուց հետո ստանում են վկայականներ․ ինչից հետո սկսում են աշխատել իրենց բիզնես մոդելը վերջնականացնելու ուղղությամբ»։

Գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ ծրագրի շահառուներին նաև դրամաշնորհներ են տրամադրում՝ բիզնեսը զարգացնելու կամ սկսելու համար։ Ինեսա Վարդանյանն ասում է՝ 2020թ-ից հետո հաջողված պատմությունները շատ են։

«Մենք ունեինք մասնակից, որը պատերազմից հետո ոչ մի հետաքրքրություն չուներ։ Ժամանակին մեղվաբուծությամբ էր զբաղվել, մենք կարողացանք հասնել նրան, որ իր մեջ ցանկությունը նորից արթնանա ու ինքը զբաղվի իր սիրելի աշխատանքով ու ինքը սկսեց բացի մեղվաբուծությամբ զբաղվելուց նաև մյուս շահառուների համար փեթակներ պատրաստել»,- պատմում է կազմակերպության մարքեթինգի պատասխանատուն։

Դասընթացներն անվճար են ու առցանց։ Կազմակերպիչներն ընդգծում են՝ ցանկացողները կարող են Հայաստանի ցանկացած կետից մասնակցել, դրա համար պարզապես պետք է գրանցվել։ Գրանցումները inobiz.academy կայքում ընթացքի մեջ են։

Կարդացեք նաև

Back to top button