ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Դեղձի բերքահավաք Խանջյանում. բերքն առատ է, գինը՝ ցածր

Արմավիրի մարզի դեղձի այգիներում դեռ մեկ ամիս առաջ են սկսել բերքահավաքը: Գարնան անձրևներն ու ամռան շոգերն ազդել են պտղի բնականոն հասունացման վրա: Խանջյան գյուղում դեղձի  բերքատվությունը բարձր է, վաճառքի գինը՝ ցածր: Գյուղացիների կարծիքով՝ սա պայմանավորված է դեղձի այգիների ավելացմամբ, սակայն չեն բացառում նաև Ռուսաստանում իրացման դժվարությունները:

Արմավիրի մարզի դեղձի այգիներում բերքահավաք է, որը նախորդ տարիների համեմատ այս տարի ավելի շուտ է սկսվել: Եղանակային փոփոխությունները Խանջյանում չեն ազդել դեղձի բերքատվության վրա, գյուղացիները գոհ են. բերքն առատ է ու առողջ, բայց դժգոհ են արտահանման գնից: Գործարարներն այս տարի ավելի ցածր գին են առաջարկում: Այգետերերն ասում են՝ ամենաբարձր գինը վճարել են բերքահավաքի սկզբում՝ 200-250 դրամ, դրանից հետո աստիճանաբար նվազել է:  

«Շատ ցածր է գինը, այս տանջանքի ու աշխատանքի համեմատ ու այս պայմաններում՝ բավականին ցածր գին է»:     

«Շատ էժան գնով սկսեցին ու ամեն օր գինը ընկնում էր. մի օր հավաքում էինք  200 դրամով, մի օր՝ 180 — 150 դրամով: Օրը բացվում էր, ասում էին՝ գինը ընկել է մինչև 80 դրամ: Մի օր էլ բարձրացրեցին գինը և միջին չափի դեղձին դիմաց առաջարկեցին 110-130 դրամ: Արտահանողները գնի տատանումները պայմանավորում են ծիրանի վաճառքով, ասում են՝ տուժել են, գումարի հետ կապված խնդիր կա և  չկարողացան մեծ քանակությամբ դեղձ տանել»:  

«Դե, հիմնականում կապում են Ռուսաստանի ճանապարհների հետ, բայց, չգիտեմ, այս տարի ծիրանն էլ այդքան լավ չիրացվեց: Միգուցե դրա հետ էր կապված»։     

Խանջյան գյուղում 600 հա գյուղատնտեսական նշանակության հողերից 230-ը դեղձի այգիներ են, որոնց մի մասը՝  նորատունկ: Գյուղացիներն ասում են, որ այս տարի ավելի շատ դեղձ կա, արտահանողներն էլ քիչ են, նախորդ տարիներին վրացիներն էլ են դեղձ տարել: Դեղձի այգիներն ավելացել են նաև չրագործության ծավալների մեծացմամբ պայմանավորված։

Գեղեցիկ Մարկոսյան․ «Գյուղում հիմնականում «Օնո» տեսակի դեղձն է տարածված, բայց այս տարի գինն այդքան էլ լավ չէր, մնացած տարիների համեմատությամբ բավականին ցածր էր. գործարանին հանձնում են 1 կգ՝ 40 դրամով, մեծածախ վաճառքը՝ 110 դրամ, ամենաբարձր գինը եղել է 180 դրամ, հատընտիր այն  դեղձը, որը տանում են չրանոցներ: Դեղձի ծառը տարիքի հետ մի քիչ  փոխում է բերքի որակը, իսկ  երիտասարդ ծառերի դեղձի որակն ավելի լավն է, այն չրագործներն են գնում»:

Նորատունկ այգիների հիմնական բերքն արդեն չրագործները տարել են, մնացածը դեռ հավաքում են: Գարնան անձրևներն  ու ամռան շոգը  փոխել են բերքի բնականոն հասունացման ընթացքը:  Զրուցակիցս 3000 քմ նորատունկ դեղձի այգի ունի, արդեն 3-րդ տարին է բերք հավաքում։

«Երրորդ տարին է բերքի տակ, ամեն տարի ավելանում է բերքատվությունը, օրինակ՝ 2 տոննա, 3տոննա, այս տարի հույս ունենք, որ 4 տոննա դեղձ կհավաքենք, իսկ մյուս տարի ավելի շատ բերք կտա: Դեղձի երեք սորտեր են, միջահաս դեղձը հավաքում ենք սովորաբար օգոստոսի երեքից, բայց այս տարի հուլիսի 26-ից հետո  սկսեցինք: Հիմա լրիվ  խառնվել է, մարդ կա, որ սեպտեմբերին էլ է  քաղելու, բայց օգոստոսի վերջին կավարտի»:

Միջահաս դեղձի բերքահավաքը մոտենում է ավարտին: Բերքահավաքի ժամանակ ավելանում է մարդկանց  զբաղվածությունը: Գյուղատնտեսական աշխատանքներին հիմնականում օրավարձու աշխատողներ են ներգրավված: Արմավիր քաղաքի բնակչուհի Արուսյակ Գրիգորյանն ապրուստի հիմնական միջոցը վաստակում է գյուղատնտեսությամբ:

«Այսօր դեղձ ենք հավաքում, ժամավճար է, լինում է, որ շուտ ենք վերջացնում գումարը քիչ է լինում, իսկ եթե երկար ենք մնում՝ շատ է լինում, մոտավորապես 7000-8000 դրամ: Իսկ ջեմոցում օրը ստանում եմ 6000 դրամ, քանի որ այնտեղ հստակ  աշխատանքի ժամ կա: Չրանոցում մեկ ժամվա համար վճարում են 500 դրամ: Ուրիշ ինչ աշխատանք պետք է անեմ, սա է, մի 10 օրից արդեն ջերմոցում մշտական գործ կունենամ»:

Արուսյակ Գրիգորյանն ասում է, որ ջերմոցներում ձմռանն էլ է աշխատում:  Խանջյանի դեղձի այգիներում նաև հնդիկ օրավարձու աշխատողներ կան: Այգետերը չի դժգոհում նրանց աշխատանքից: Վանիկ Ամիրխանյանը մեկ շաբաթ է սկսել դեղձի բերքհավաքը:

«Այսօր դեղձի 1 կիլոգրամի  գինը 160 դրամ է, արդեն դեղձը քիչ է, երբ բերքը պակասում է, գինը բարձրանում է: Այգու խնամքի համար էտում ենք, փորում, բուժում լվիճի, տզի, որդի դեմ: Դեռ մի  անգամ էլ աշնանը պիտի բուժեմ ու կլինի 8 անգամ: Տարբեր երկրների բուժանյութեր կան, տարբեր գների, մենք էլ ենք խճճվել: Մի գյուղատնտես չկա, որ ճիշտ խորհուրդ տա, թե չէ մենք մեր պրակտիկայով ենք անում: Ես բավարարվում եմ իմ պրակտիկայով, բայց բոլոր դեպքերում գյուղատնտեսը պարտադիր է»:

Վանիկ Ամիրխանյանն ասում է, որ պետք է ստուգեն բուժանյութերի որակը, որպեսզի գյուղացին վնաս չկրի դրա օգտագործումից: Այգին հիմնականում պարարտացնում է ազոտական պարարտանյութով, գոմաղբ գյուղում քիչ կա, քանի որ հիմնականում Խանջյանում զարգացած է այգեգործությունը:   Այս տարի դեղձի այգուց հավաքելու է 15 տոննա բերք: Ասում է արտահանող նույն ընկերությանը այս տարի նաև ծիրան է վաճառել , գումարն արդեն ստացել է, իսկ դեղձի համար դեռ չգիտի, թե երբ կվճարեն: 

Կարդացեք նաև

Back to top button