
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիր
Արմավիրի մարզում նախորդ տարվա համեմատությամբ մշակովի ցանքատարածքներն ավելացել են գրեթե 2500 հա-ով, ցրտահարված հողատարածքների դիմաց պետությունը մոտ 275 մլն դրամի չափով 100 տոկոսով փոխհատուցեց հողի հարկը, իսկ 50 տոկոսով էլ ոռոգման ջրի վարձավճարը: Արմավիրի մարզում արդեն սկսվել է բանջարեղենի բերքահավաքը: Բերքն առայժմ առատ է, իսկ լոլիկի ցանքատարածքների մի մասը վարակված է ճրագախոտով, որն աստիճանաբար մեծ տարածում է ստանում:
Արմավիրի մարզի լոլիկի ցանքատարածքներին եթե անցած տարի սպառնում էր ցեցը, ապա այս տարի վնասում է նաև ճրագախոտը: Հիվանդությունը մեծ վնաս է պատճառում բույսին քանի որ աճում է արմատի վրա, մետաստազների պես ճյուղավորվում և սնվում արմատից` չորացնելով այն: Սարդարապատ գյուղից Արթուր Հարությունյան ամեն ջանք գործադրում է լավ բերք ստանալու համար, սակայն 2 տարի առաջ ցանքատարածքում հայտնաբերված անծանոթ մոլախոտը սկսել էտարածվել և չի կարողանում պայքարել դրա դեմ:
Անծանոթ մոլախոտը մտահոգում է է գյուղացիներին բերքատվության անկման առումով: Արմավիրի մարզպետարանի գյուղվարչության պետ Արթուր Այվազյանը նշեց, որ ճրագախոտի դեմ դեռևս կենսաբանական և քիմիական պայքարի եղանակներ չկան, իսկ միակ ելքը վարակված հողի մշակության տեսակի փոխումն է երկար ժամանակով:
Կանոնավոր ոռոգման դեպքում առողջ դաշտերից գյուղացիները հավաքում են մինչև 60տոննա բերք: Իրացումը կազմակերպվում է տեղում` շուկայականից 20-30 դրամի տարբերությամբ: Նույն ձևով է իրացվում նաև կարտոֆիլը: Գեղակերտցի կարտոֆիլագործները դժգոհ չեն բերքից, ինչպես նաև որակից, սակայն իրացման գինն է ցածր: Գեղակերտի գյուղապետ Սերյոժա Առաքելյանը նշեց, որ կարտոֆիլը տեղում վաճառում են 60 դրամով, մինչդեռ սերմացուն գնել են 200-250 դրանով:
Խաղողի տեխնիկական սորտերի մի մասին էլ սպառնում է ողկույզակեր որդը,: Աղավնատուն համայնքից այգեգործ Վաչագան Սարգսյանի հիմնական կռիվն էլ դրա դեմ է, 800 քմ այգիներից կարող է ստանալ 15 տոննա բերք, եթե բուժումներն արդյունք տան:
Աղավնատուն համայնքի բնակիչների համար կարևորվում է Աղավնատնից Արմավիր-Երևան մայրուղին կապող կարճ 7 կմ-ոց ճանապարհի նորոգումը, որով բերքը տեղափոխելիս չի կորցնի ապրանքային տեսքը, հիվանդին շուտ կտեղափոխեն հիվանդանոց, մեքենաներն են շարքից դուրս չեն գա:
Տարվա եղանակային տարբեր վայրիվերումները կարելի է ասել էապես չեն ազդել բանջարեղենի մշակության վրա և այս տարի սպասվում է առատ բերք: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ այս տարի կունենան համախառն ներքին արդյունքի 10 տոկոս աճ:
Բերքն առայժմ իրացվում է մեծածախ շուկայում, մասամբ էլ արտահանվում է, իսկ ավելի ուշ կմթերվի մարզի վերամշակող ձեռնարկություններում:




