ԿարևորՀասարակություն

Տեղի է ունեցել «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» մրցանակաբաշխությունը

Տեղի է ունեցել «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» մրցանակաբաշխությունը, որը նպատակ ունի ճանաչելի դարձնել մեր երկրում կանանց ներդրումը և առաջնորդությունը կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականությանն ուղղված գործողություններում և լուծումներում, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Իրականացված ծրագրերի բաղադրիչով ներկայացվել էր շուրջ 70 հայտ բոլոր յոթ անվանակարգերով, և կլիմայի փոփոխությանն առնչվող խնդիրների լուծման ավելի քան 30 նոր գաղափարների հայտ։

Մրցանակաբաշխության ընթացքում յուրաքանչյուր անվանակարգում հայտարարվեց մեկ հաղթող մասնակից:

Մրցանակաբաշխությանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, շահագրգիռ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ։

Իր ելույթում նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն անդրադարձել է կլիմայի փոփոխության հետանքով առաջացած մարտահրավերներին և այդ փոփոխությանը դիմակայելու գործում կանանց դերակատարությանը․

«Ինչպես գիտեք, Կլիմայի փոփոխությունը անհամաչափ ազդեցություն ունի կանանց վրա, հատկապես զարգացող երկրներում: Գերակշռող գենդերային դերերի և սոցիալական կարծրատիպերի պատճառով կանայք հաճախ ավելի մեծ պատասխանատվություն են կրում ընտանիքի համար սնունդ, ջուր և վառելիք ապահովելու համար: Եվ քանի որ այդ ռեսուրսներն ավելի ու ավելի քիչ են դառնում կլիմայի փոփոխության պատճառով, բեռը անհամաչափ է ընկնում կանանց վրա:

Այնուամենայնիվ, կանայք ոչ միայն կրում են կլիմայի փոփոխության հետևանքները, այլև առանցքային դեր են խաղում դրանց դեմ պայքարում: Կանայք հաճախ ավանդական գիտելիքների և գործելակերպի պահապաններն են, որոնք կարող են օգնել մեղմել կլիմայի փոփոխության ազդեցությունը: Կանայք ցուցաբերում են նորարարության և ձեռներեցության բարձր աստիճան բնապահպանական խնդիրների լուծումներ գտնելու հարցում։

Կարևոր է, որ կանայք լիովին ներգրավված լինեն կլիմայի փոփոխության վերաբերյալ որոշումների կայացման և քաղաքականության մշակման մեջ: Նրանց ձայնը, փորձը և գիտելիքները պետք է լինեն լսելի և հաշվի առնվեն կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության ռազմավարությունները կազմելիս։

Այս քաղաքականությունն է որդեգրել մեր Կառավարությունը. մի շարք ոլորտային ռազմավարական ծրագրերում, գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության, ջրային ռեսուրսների բնագավառների զարգացման ռազմավարություններում կարևորվել է կանանց դերակատարումը, նախատեսվել են կրթական և գենդերային առաջնահերթ միջոցառումներ»,- նշել է Արամ Մեյմարյանը։

«Միջոցառման շրջանակում մրցանակներ են շնորհվել հետևյալ անվանակարգերում՝

  • «Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված լուծումներ» անվանակարգում առաջատար ճանաչվեց «ԴԻԼԻ» ՍՊԸ ֆինանսական տնօրեն Կարինե Գրքիկյանը.
  • «Կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ» անվանակարգում առաջատար ճանաչվեց «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի ծրագրերի համակարգող- տնоրեն Ռուզաննա Առուստամյանը.
  • «Կլիմայական համայնքային գործողություններ և քաղաքականություն» անվանակարգում առաջատար ճանաչվեցին Ալավերդու համայնքապետարանի զարգացման ծրագրերի և տուրիզմի բաժնի պետ Կարինե Սիմոնյանը և Վանաձորի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և ՏՏ բաժնի պետ Լիլյա Դավթյանը.
  • «Կլիմայական խնդիրների լուսաբանում» անվանակարգում առաջատար ճանաչվեց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ լրագրող՝ Քրիստինե Տեր-Մաթևոսյանը՝ «Ազդակիր համայնքները և քաղաքացիական հասարակական կազմակերպությունները՝ Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականություններում սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակից» ծրագրում իր նշանակալի դերով.
  • «Կլիմայական կրթությունը բոլորի համար» անվանակարգում առաջատար ճանաչվեց Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2հ/դ տնօրեն Սյուզաննա Նազարյանը. 
  • «Կլիմայական ֆինանսավորման և նորարարության լուծումներ» անվանակարգում առաջատար ճանաչվեց «Լիմիտլեսս» ՍՊԸ hիմնադիր և տնօրեն Տաթևիկ Մարգարյանը, որը հիմնադրել է նորագույն էլեկտրական մեքենաներով տաքսի ծառայություն՝ Eco Taxi անվանումով.
  • «Երիտասարդները կլիմայական գործողություններում» անվանակարգում առաջատար ճանաչվեց կենսաբանության ուսուցիչ Տաթևիկ Դովմալյանը՝ կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացած տարերային աղետների, մասնավորապես՝ սողանքների դեպքում առաջարկած լուծումներով և գործողություններով։

Տեղի ունեցավ նաև գաղափարների մրցույթ, որտեղ առաջատար գաղափարն առաջարկել էր «Աջակցություն կանանց և երեխաներին» ՀԿ նախագահ Մանուշ Հովնանյանը։

Մրցանակաբաշխության ընթացքում ստացված բոլոր ծրագրերը և լուծումները կընդգրկվեն և կհրապարակվեն էլեկտրոնային գրքույկում:

Կարդացեք նաև

Back to top button