
Հուլիսի 19-28 Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում անցկացվել է «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարը՝ նախատեսված 10-14 տարեկան պատանիների համար: Հայաստանի տարբեր մարզերից մասնակիցները միավորվել են կրթության, ժամանցի, սպորտի, մշակույթի և հայրենաճանաչողական արշավների շուրջ՝ ստանալով հիմնարար գիտելիք, գործնական հմտություններ ու թիմում աշխատելու փորձ։
Ճամբարին մասնակցել է 100-ից ավել երեխա ՀՀ տարբեր մարզերից՝ ինչպես նոր ներդրված Արմաթներից, այնպես էլ վաղուց Արմաթներ հաճախող և նույնիսկ Արմաթ չհաճախող պատանիներ։ Տեխնոճամբարը կապող օղակ է դարձել բոլոր մարզերի պատանիներին իրար կապելու, ընկերացնելու և ապակենտրոն կրթություն ապահովելու համար:
Անցկացվել է ռոբոտաշինության մրցույթ, լողի, ֆուտբոլի միջջոկատային առաջնություններ, ինտելեկտուալ խաղեր, ազգային պարի դասընթաց, ՈՄԱ վարժանքներ՝ կրակային պատրաստություն, առաջին բուժօգնություն, ժայռամագլցում, հանդիպում համայնքի ներկայացուցիչների հետ և այլն։ Հաղթող ջոկատները պարգևատրվել են։
Նպատակն էր՝ խտացված օրակարգով, մասնակիցներին հիմնովի պատկերացում տալ ճարտարագիտական աշխարհի մասին, համայնքի մաս դարձնել, որն էլ իր հերթին նրանց հետագա ուսումնառությունն ավելի արդյունավետ կդարձնի: Այդ 9 օրերի ընթացքում Տեխնոճամբարը խթանել է պատանիների թիմային մտածելակերպը, բացահայտել նրանց ուժեղ և թույլ կողմերը, սովորեցրել է հետադարձ կապի հմտությունը և արդյունակենտրոն աշխատանքը:
Ճամբարում երեխաների առօրյան հագեցած էր՝ ռոբոտաշինության մրցույթին նախապատրաստություն, Ողջ Մնալու Արվեստի վարժանքներ (ՈՄԱ), առաջին բուժօգնության դասընթաց, լողի ու ֆուտբոլի առաջնություն ջոկատների միջև, ինտելեկտուալ ու ժամանցային խաղեր, քայլարշավ և այլն։
Մրցանակաբաշխությունը կայացել է հուլիսի 27-ին, որտեղ «Տեխնոճամբարի» 8 ջոկատները մրցել են հետևյալ 5 անվանակարգում՝ ռոբոտաշինություն (հաղթել է 2-րդ ջոկատը) ինտելեկտուալ խաղ (հաղթել է 6-րդ ջոկատը), լավագույն կրակային պատրաստություն (հաղթել է 2 արմաթցի), ֆուտբոլ (հաղթել է 6-րդ ջոկատը) և լող (հաղթել է 2 արմաթցի):
2024 թվականի «Արմաթ» տեխնոճամբարի իրականացման աջակիցներ՝ ԿԳՄՍ նախարարությունը, VMware, Adobe, ZCMC, Մասիս և Մոսկվայի Տուն, կազմակերպիչ՝ Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն (ԱՏՁՄ)




