ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ձեռագիրը հոգու հայելի՞․ Ձեռագրաբանական փորձաքննությունների լաբորատորիայում մարդու սուր աչքն է փոխարինում սարքին

«Ունեցել եմ նամակ, երբ որ նայում էինք, թվում էր, թե ինքը աղջիկ ա՝ անպայման թիթիզ աղջիկ, էսպես ասած, անգամ ձեռագրով, բայց վերջում պարզվեց, որ դա կալանավոր ա, տղամարդ, տվյալ պահին ինքը քրեակատարողական հիմնակում կրում է իր պատիժը և յոթ անգամ դատապարտվել է»։

Արևելագետ Մարգարիտա Ալոյանն արդեն 16 տարի Փորձաքննությունների ազգային բյուրոյում ձեռագրեր է ուսումնասիրում։ Պարսկերենի իմացությունը թույլ է տվել նրան հետազոտել նաև արաբատառ գրառումներ, որոնց շնորհիվ բացահայտվել են բազմաթիվ հանցագործություններ: Այս տարիների ընթացքում Ալոյանը մի քանի լեզուներով հազարից ավելի ձեռագրեր է ուսումնասիրել, փորձագիտական եզրակացություններ տվել։ Ասում է՝ հոգեբանորեն բարդ ու ծանր աշխատանք է․

«Երբ նոր էի աշխատում, երբ գալիս էին ինքնասպանության նամակներ, մի պահ լացում էի, հոգեբանական վատ վիճակների մեջ էի ընկնում, հետո ասում էի՝ դե լավ, բա արժե՞ր, որ դու սրա համար քեզ սպանեցիր կամ գնացիր էդ քայլին, մի քիչ զրուցում եմ ինքնասպան եղած անձի հետ, հետո անցնում հետազոտման։ Բարդ ա ինքը, ծանր ա»։

Ալոյանը Փորձաքննություների ազգային բյուրոյի ձեռագրաբանական և հեղինակային փոձաքննությունների բաժնի պետն է։ Դատափորձագիտական այս ուղղության հետազոտության հիմնական տեսակը համեմատական ավանդական մեթոդն է, երբ նույն մարդու ձեռագրերի նմուշների միջոցով փորձագետները նույնականացնում են կատարողին։

«Ձեռագրաբանական վերլուծություն անելու համար 3 նմուշ կա․ ազատ նմուշները, որոնք գործի հետ կապ չունեն, այսինքն՝ մարդը էդ պահին չի գիտակցում, որ հետագայում տանելու են փորձաքննության, և թողնում է իր ձեռքի բոլոր հնարավոր տաբերակները, դրանք շատ արժեքավոր նմուշներ են, երկրորդը՝ ազատ-պայմանական նմուշներն են, գործի հետ կապ ունեցող, բայց ոչ փորձաքննության համար, այսինքն՝ ցուցմունքներ, բացատրություններ, եթե դատարանի գործ է, միջնորդություններ, հայցադիմումներ և փոձառական նմուշներ, որոնք հենց հատուկ ձեռագրաբանության փորձաքննության համար ենք վերցնում»։

Այս գործը համակարգչին անել դեռ չի հաջողվել, վերջին փորձը ԱՄՆ-ում են արել։ Մարդկային գործոնը դեռ անգերազանցելի է․

«Համակարգիչը զգայուն չի, այսինքն՝ ես կարող եմ ինչ-որ մեկի ստորագրությունը վերցնել, ստորագրել, թեկուզ ապակու վրա կամ ինչ-որ թափանցիկ թղթով նույն ձև անեմ, և դա համակարգիչը չի հասկանա, այն չի զգում էդ նրբությունները, կանգերը»

Փորձագետի տեխնիկական միջոցներն են խոշորացույցը և մանրադիտակը, իսկ հիմնական գործոնը՝ աչքն է. առկա մեթոդը թույլ է տալիս համեմատել միևնույն լեզվի նույն տառերը, օրինակ՝ հայերեն «ա» տառը «ա»-ի հետ: Բայց երբեմն լինում են արտաքին անսովոր պայմաններում կատարված գրություններ. փայտի կամ այլ առարկայի վրա փորագրված տառեր. եղել է դեպք, երբ փորձագետը հետազոտել է մահացածի մաշկի, օրինակ դաստակի վրա գրված վերջին բառերը․

«Ունեցել եմ դեպք, երբ որ չորս թերթ գրել է անձը, բայց ոչ մի տեղ դիագնոստիկ հատկանիշ չկա, ոնց որ հատ-հատ մտածում ա, հետո գրում՝ վերցրեցի պարանը և իջա պահեստ, ու հետո մարդը գնում ա ինքնասպանության, այսինքն՝ էդ չորս թերթը ինքը չէր կարող մեկ րոպեում գրեր»։

Թեև ձեռագրի մշակվածությունը հեղինակի տարիքի մասին ենթադրություններ անել թույլ տալիս է, փորձագետի խոսքով, առայժմ չկա գիտականորեն հիմնավորված մեթոդ, որով հաստատվի տվյալ փաստը: Երբեմն ինքնասպանությունից րոպեներ առաջ մարդը գրում է շատ ուղիղ, առանց շեղումների ձեռագրով, երբեմն էլ պաշտոնական փաստաթղթերի ստորագրությունների դիրքը, տեղն ու այլ հատկանիշներ հուշում են, թե ստորագրած մարդն ինչ հոգեվիճակում է դա արել։ Բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի հոգեբան փորձագետ Մանուկ Համբարձումյան․

«Իրենք նույնականցնում են համեմատելի այլ ձեռագրի հետ՝ արդյո՞ք պատկանում է տվյալ գրառումը անձին, թե՞ ոչ, հոգեբանական մասով մեզ հնարավորություն է տալիս ձեռագրի բովանդակությունից ելնելով, վերլուծությունից ելնելով որոշակի հետևություներ անել խնդրո առարկա իրավիճակին նախորդած ժամանակահատվածում անձի հոգեբանական վիճակի բերաբերյալ, որոշակի անհանգստության, ցավի և այլնի»։

Մեկ տարուց ավելի Փորձաքննությունների ազգային բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժինը Շվեյցարիայի ձեռագրաբանական գիտությունների ինստիտուտի (IHS) հետ հոգեբանական և հոգեբանաձեռագրաբանական փորձաքննությունների մեթոդների և մեթոդիկաների մշակմանն ուղղված համատեղ գիտական հետազոտություններ է իրականացնում: Նպատակը՝ ձեռագրի ու մարդու հոգեբանական բնութագրի միջև գիտական կապն ապացուցելն է։

Հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ Ռուբեն Աղուզումցյան․

«Ինչ ենք անում մենք, էն քրեական կամ քաղաքացիական գործերում, որտեղ ձեռագիը կա, և որը անցնում է դատահոգեբանական փորձաքննություն, այսինքն՝ մենք ունենք, հոգեբանական մեթոդներով կազմել ենք մարդու բնութագիրը, համապատասխան էդ ձեռագիրը մենք ուղարկել ենք Շվեյցարիա, իրենք իրենց մեթոդներով հետազոտելու են ու հետո համեմատում ենք հոգեբանական մեթոդներով՝ ինչպես ա ձևավորվում անձի բնութագիրը ձեռագրի միջոցով, այ էսօրվա վիճակով մոտավորապես համընկումը կազմում է 80 տոկոս»։ 

Հետազոտության դրական արդյունքի դեպքում, Հայաստանում հնարավոր կլինի հոգեբանական փորձաքննությունների ոլորտում նոր մեթոդ կիրառել:

Back to top button