Երաժշտական եռանկյունի

Երաժիշտ, նավաստի, հայրենիքի զինվոր. Արեգ Նազարյանը կդառնար 60 տարեկան. «Երաժշտական եռանկյունի»

«Ոստան Հայոց» ռոք խմբի հիմնադիր, կոմպոզիտոր, բաս-կիթառահար, լուսանկարիչ, կինոռեժիսոր, հնչյունային ռեժիսոր, «Կիլիկիա» նավի նավաստի, հայրենիքի զինվոր, Արցախյան պատերազմի վետերան Արեգ Նազարյանը կդառնար 60 տարեկան։

«Արեգի մասին խոսելիս նրան ճանաչող երաժիշտները խորը համոզում ունեն, որ նա բացի երաժշտությունից էլ ոչ մի բանով չէր կարող հասցնել զբաղվել, այնինչ յուրաքանչյուր բնագավառում՝ կինոյից մինչև նավաշինություն, Արեգը ցուցաբերում էր զարմանալի գիտելիքներ և արհեստավարժ հմտություններ։ Մենք հաճախ կատակում էինք՝ ասելով, որ Արեգը սովորել է բոլոր երևանյան բուհերում, բայց դա իսկապես այդպես է», — ասում է «Ոստան Հայոց» խմբի կիթառահար Դավիթ Մուշեղյանը։

Արեգը, զբաղվելով ռոք երաժշտությամբ, նաև հիմնել է Կոմպոզիտորների միության ձայնագրման ստուդիան, տեսահոլովակներ է նկարել ու մոնտաժել, զբաղվել է վավերագրական կինոյի արտադրությամբ, համերգների և երաժշտական փառատոների կազմակերպմամբ ու տեխնիկական ապահովմամբ։

Ստեղծարարությունը նրա բնույթն էր, ինչն արտահայտվում էր երգահանության, երաժշտության ոլորտներից մինչև լուսանկարչություն և կինո։

«Երբ 35 տարի առաջ մտահղացանք կառուցել Կիլիկյան Հայաստանի միջնադարյան նավը, ձեռքներիս ունեինք միայն նավի հարթաքանդակի և մագաղաթյա մանրանկարչական պատկերներ․ ոչ գիտեինք գծագրել, հաշվարկել, էլ չասեմ՝ շինել։ Արեգի հետ այդ տարիներից ծանոթ ենք։ Նա ծառայել էր խորհրդային ռազմածովային ուժերում և այդ սկզբնական շրջանում մեզանից լավ գիտեր նավարկությունն ինչ է։ Միասին ենք անցել նավի կերտման ամբողջ ճանապարհը՝ գծագրելուց մինչև նավարկություն 12 ծովերով», — հիշում է նավապետ Կարեն Բալայանը։

Արեգ Նազարյանը անկախության առաջին իսկ տարիներից միացավ քաղաքական պայքարին, հետագայում կամավորական շարժմանը և մինչև կյանքի վերջը մնաց հայրենիքի նվիրյալ և զինվոր։

Կարդացեք նաև

Back to top button