
Գաբրիելը սերժանտ էր․ մայրը՝ տիկին Նելլին, ծանրոց էր ուղարկել որդուն, որի մեջ հեռախոս կար նաև։ Գաբրիելն այն հետ է ուղարկում տուն։ Երբ մայրը հարցնում է, թե ինչու է հետ ուղարկել, պատասխանում է․ «Մամ ջան, եթե ես իմ զինվորին ասում եմ, որ չի կարելի հեռախոսով խոսել, ու զուգահեռ իմ գրպանից հանեմ ձեզ հետ խոսեմ, ի՞նչ ես կարծում, զինվորը ինձ կհարգի՞»։
Տիկին Նելլին անկեղծանում է՝ ամաչել է որդու նման պատասխանից։ 2019 թվականի հուլիսի 10-ին է ծառայության մեկնել Գաբրիել Կարենի Ավետիսյանը։ Սկզբում Գյումրիի հակատանկային զորամասում էր։ Վեց ամիս անց ստանալով կրտսեր սերժանտի կոչում՝ որպես ֆագոտի հաշվարկի հրամանատար, ավագ օպերատորի որակավորմամբ տեղափոխվել էր Արցախ և ծառայությունը շարունակել Մարտունու երկրորդ պաշտպանական շրջանում։ Եղել է հակատանկային մարտկոցի հրամանատար։
Երբ սկսվեց պատերազմը, Գաբրիելը դեռ 19 տարեկան էր: Գաբրիելի քույրը եղբոր հիշատակին գիրք է գրել. այն վերնագրել է «Հրեշտակապետ»:




