ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ադրբեջանական քարտեզագրական զեղծարարությունները՝ գիտական վերլուծության առարկա. գրքի շնորհանդես ԳԱԱ-ում

ԳԱԱ-ում այսօր տեղի է ունեցել աշխարհագրագետ, քարտեզագետ Ռուբեն Գալչյանի «Ադրբեջանի 2014 թ․ ազգային ատլասի «պատմական» քարտեզների քննություն և «Արևմտյան Ադրբեջան» հորինված եզրույթը» գրքի շնորհանդեսը։ Այն երկլեզու է, հրատարակվել է հայերենով և անգլերենով։ Գրքում երկու  ծավալուն հոդվածներ են, որոնք բացահայտում ու վերլուծում են Ադրբեջանի քարտեզագրական զեղծարարությունները։

Առաջին հոդվածը վերաբերում է Բաքվում 2014 թ․-ին հրատարակված Ազգային ատլասում կեղծված քարտեզներին՝ դրանք դիտարկելով բնօրինակների հետ։  Երկրորդ հոդվածը նվիրված է Հայաստանի Հանրապետության տարածքն «Արևմտյան Ադրբեջան» ներկայացնող ադրբեջանական կեղծարարությանը։

Հնագույն քարե քարտեզից մինչև 1918-ին օտար աղբյուրների հրապարակած փաստաթղթերում «Ադրբեջան» եզրույթն ընդհանրապես չի շրջանառվում, փոխարենն անգամ Օսմանյան կայսրությունում հրատարակված 1913 թվականի բնօրինակ քարտեզում հստակորեն նշված է Հայաստանը։ Ադրբեջանի հրատարակած Ատլասում, մինչդեռ, կեղծվել են բոլոր բնօրինակ քարտեզները։ Հայ պատմաբանները վաղուց են ծանոթ են թուրք-ադրբեջանական զեղծարարություններին։ Դրանց դեմ պայքարն էլ նոր չէ ու շարունակվում է։ Քարտեզագետ  Ռուբեն Գալչյանը մի գրքում ամփոփել ու բացահայտել է Բաքվի քարտեզագրական զեղծարարությունները։  ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանն ասում է ՝ քարտեզագետը մի ամբողջ գիտահետազոտական ինստիտուտի աշխատանք է կատարել։ 

«Նայում ես այս աշխատանքը և տեսնում, թե ինչ ջանքեր են գործադրել Հայաստանը քարտեզից հանելու համար, եվ խցկելու դրա մեջ «Ադրբեջան», Ատրպատական, որը որ ոչ մի կապ չունի ներկա Ադրբեջանի հետ։ Ստի պոչը, ինչպես ասում են, կարճ է և այդ պոչը կտրողներից մեկը մեր շատ սիրելի Ռուբեն Գալչյանն է»։

Խնդիրը Ռուբեն Գալչյանի մանրակրկիտ ուսումնասիրության առարկան է դարձել հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը 2014-ին հրատարակել է 16 կգ կշիռ ունեցող պետական ատլասը։ Դրա բնօրինակը դժվարությամբ, բայց ձեռք է բերել քարտեզաբանն ու սկսել ուսումնասիրել՝ հատիկ-հատիկ բացահայտելով այն զեղծարարությունները, որոնք կատարել է Ադրբեջանն այդ ատլասում՝ վերահրատարակելով հին ու հնագույն քարտեզներ, սակայն, ի տարբերություն բնօրինակների, առանց «Արմենիա» անունը նշելու։  

«Փաստերով եմ բոլորը ներկայացրել։ Ընդհանրապես հայկական փաստեր չեմ բերում իմ աշխատություններում, որ չասեն՝ սա կողմնակալ է։ Բերում եմ հունահռոմեական, լատինական, պարսկական, արաբական փաստեր, որպեսզի ասելիք չունենան այլևս դրանց դեմ»։  

Նվաճողական քաղաքականությունը հաշվի չի առնում պատմական փաստերը, գիտական փաստարկումները՝ չնայած միջազգային բազմաթիվ կառույցներ կոչված են հենց  նման կեղծիքների դեմն առնելու՝ նկատում է հնագետ, պատմաբան Համլետ Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ պետական համապատասխան մարմիներն էլ բավականին ակտիվ քաղաքականություն պետք է որդեգրեն ընդդեմ նման նկրտումների, ինչն, ըստ Պետրոսյանի, այսօր չի նկատվում։

«Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ շատ հաճախ ծանր խնդիրները մնացել են անհատների ուսերին։ Միանշանակ է, որ նրանց շարքում առաջիններից մեկը պարոն Գալեչյանն է։ Կարծում եմ, որ Հայաստանն այսօր կարիք ունի շատ լուրջ, տեսական մակարդակով պատրաստված, փաստերը 5 մատի պես իմացող մասնագետների, և այս գիրքը միանշանակ նման ներդրում է»։ 

Մասնագետները համոզված են, որ Ռուբեն Գալչյանի աշխատանքը կխթանի գիտական քննարկումներն ու հետազոտություններն այս ոլորտում։ Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի կարծիքով՝  բացահայտումները պետք է ոչ միայն գնահատվեն, այլև կիրառական նշանակություն ստանան։

«Այդպիսի աշխատություները ինչքան շատ լինեն, այնքան լավ է։ Բացի զուտ պատմագրական, պատմական նշանակությունից, դրանք նաև ունեն կիրառական նշանակություն, մանավանդ՝ Ադրբեջանի կողմից ծավալապաշտական նկրտումները կանխել փորձելու տեսանկյունից»։   

Առանձին հետազոտողների քաջությունը նման գործեր ստեղծելն է, բայց, պատմաբանների համոզմամբ, պետք է լուծվի նաև դրանք միջազգային հանրությանը համարժեք ներկայացնելու խնդիրը։

Կարդացեք նաև

Back to top button