
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Շիրակի մարզի հանրաճանաչ պետական, հասարակական ու մշակութային մի խումբ գործիչներ «Շիրակ հայրենակցական միավորում» ՀԿ անունից դիմում են հանրապետության կառավարությանը Շիրակի մարզում և, մասնավորապես, Գյումրի քաղաքում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր խնդիրներին լուծում տալու մտահոգությամբ: Շիրակցի մտավորականներն այսօր ստորագրել են կառավարությանը ներկայացվող իրենց առաջարկությունների փաթեթն ու փոխանցել վարչապետ Հովիկ Աբրահամյանին։
Աղետալի երկրաշարժից ավելի քան 25 տարի է անցել, բայց Շիրակի մարզն ու, մասնավորապես, Գյումրին, շարունակում են գոյատևել սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում, որից միակ ելքը շիրակցին առայժմ տեսնում է արտագաղթի մեջ: Հաշվի առնելով այս իրավիճակը՝ «Շիրակ հայրենակցական միավորում» ՀԿ-ն ամիսներ առաջ որոշեց մանրամասն ուսումնասիրել իրավիճակն ու նախապատրաստել առաջարկությունների փաթեթ, որտեղ ամրագրված կլինեին, իրենց գնահատմամբ, մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի շտկման հիմնական քայլերը: Ուսումնասիրություններն ըստ էության մեկ անգամ ևս ամրագրեցին Շիրակի մարզի սոցիալ-ընտեսական ծայրահեղ ծանր իրավիճակը։
եթե հանրապետությունում աղքատության միջին ցուցանիշը 32 տոկոս է, ապա Շիրակի մարզում այդ ցուցանիշը կազմում է 46. 4 տոկոս: Սոցիալ- տնտեսական նման ծանր իրավիճակից դուրս գալու համար «Շիրակ հայրենակցական միավորում» կազմակերպության նախապատրաստած փաթեթով առաջարկվում է նախ՝ իրականացնել քայլեր, որոնք կնպաստեն փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, որը և կլուծի մարզի, թերևս, ամենացավոտ՝ գործազրկության խնդիրը: Միության նախագահ Վարազդատ Ավոյանի խոսքով՝ այն, ինչ ներառված է փաթեթում, միանգամայն համահունչ է կառավարության նոր ծրագրին։
Փաթեթն այնուամենայնիվ ներառում է առաջարկություններ, որոնք, ինչպես նշում է Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողքոսյանը, դուրս են մնացել պատկան մարմինների ուշադրությունից, հետևաբար և կառավարության ծրագրից։
Հետևողական լինելու խոստումով շիրակցի մտավորակաբններն այսօր ստորագրեցին առաջարկությունների փաթեթն ու ուղարկեցին կառավարություն, մասնավորապես՝ հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանին։




