ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ավտոմեքենայով կյանքը կբարդանա, տրանսպորտով՝ կհեշտանա․ Երևանում կավելանան երթուղայինների համար առանձնացված գծերը

Մայրաքաղաքում կավելանան հասարակական տրանսպորտի համար առանձնացված երթևեկելի գոտի ունեցող փողոցները։ Քաղաքային իշխանությունը վստահ է՝ Երևանում միայն հասարակական տրանսպորտին էական արտոնություն տալով է հնարավոր թոթափել երթևեկի ծանրաբեռնվածությունը։ Ճանապարհային ու երթուղային նոր ցանցի մշակման հարցում կօգնեն ֆրանսիացի գործընկերները։ Քաղաքապետ Ավինյանն ընդգծում է՝ տրանսպորտի շարունակական բարեփոխումների վերջին քայլը կլինի տոմսային նոր համակարգի ներդրումը, որը, սակայն, հնարավոր է նախատեսվածից մի քանի ամիս ուշ գործարկվի։

Սկզբում ներկանյութով, հետո արդեն բետոնե սալիկներով․ մայրաքաղաքում տրանսպորտի համար առանձնացված գծերը ոչ միայն կավելանան, այլև ապագայում շինարարական լուծումներով՝ բետոնե արգելապատնեշներով կառանձնանան ընդհանուր երթևեկելի հատվածից։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարծիքով՝ սա տրանսպորտի արագ տեղաշարժն ապահովելու կարևոր քայլերից մեկն է։

«Դրան ուղղակի այլընտրանք չունենք, որովհետև երբ մենք տեսնում ենք ավտոմեքենաների աճի տենդենցը, մենք հասկանում ենք, որ ուղղակիորեն Երևան քաղաքը ինչ որ մի օր կանգնելու է, եթե այս գործընթացում որևէ միջամտություն չլինի։ Այո, մենք ավտոմեքենաների համար կյանքը բարդացնում ենք, բայց այդ կյանքը անկախ մեր գործողություններից էլ բարդանում է։ Մենք հնարավորություն ենք ստեղծում ունենալ տրանսպորտ, որով հնարավոր է ավելի արագ ու էֆֆեկտիվ տեղաշարժվել քաղաքում»,– ասում է Ավինյանը։

Առաջիկայում քաղաքային իշխանությունը կուսումնասիրի ու կներկայացնի ծրագիր, թե Երևանի որ փողոցները կունենան տրանսպորտի համար առանձնացված հատվածներ։ Նմանատիպ գոտիներ արդեն կան Սարալանջ, Գայի, Հերացի պողոտաներում։ Արդյուքները  բավարար են փորձարկումը հաջողված համարելու համար։

«Այո, էֆեկտիվ է, վստահաբար հասարակական տրանսպորտի և հասարակական տրանսպորտով երթևեկող մարդկանց համար կյանքը էականորեն հեշտանում է և շատերս պիտի սկսենք մտածել ավտոմեքենաներից հրաժարվելու մասին։ Հիմնականում այն քաղաքները, որ այս քայլերը չեն արել, ավելի վատ հետևանքների առջև են կանգնած և քանի դեռ շատ ուշ չէ պետք է սկսենք իրականացնել ծրագիրը»։

Երևանի քաղաքապետարանն այս ծրագիրն իրականացնելու է ֆրանսիական «Իլ դը Ֆրանս» ընկերության հետ, վերջինն արդեն ուսումնասիրել է երևանյան ճանապարհացանցը, երթուղային ցանցը և կարճաժամկետ ու երկարաժամկետ գործողությունների ծրագիր մշակել։ Մինչև անգամ մայրաքաղաքը կարող է ամբողջովին նոր երթուղային ցանց ունենալ։

«Իլ դը Ֆրանս»–ի գործընկերները պատրաստ են աջակցել հասարակական տրանսպորտի առանձնացված գծերի մասով մանրամասն երթևեկության կազմակերպման սխեմաների մշակման համար՝ ըստ երթուղիներում ներառված փողոցների»,– ասում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։

Տրանսպորտային այլ բարեփոխումներին զուգահեռ, պետք է շարունակվի նաև ցանցի արդիականացումը։ Առաջիկա 180 օրերի ընթացքում մայրաքաղաք կհասնեն 171 նոր ավտոբուսներն ու 15 նոր տրոլեյբուսները։ Տրանսպորտային բարեփոխումների հաջորդ ու վերջնական քայլն էլ կլինի տոմսային նոր համակարգի ներդրումը։ Սրա մասին քաղաքային իշխանությունը դեռ նախորդ տարեվերջից է խոսում, ավագանու համապատասխան որոշումն արդեն ընդունված է, նոր համակարգի ներդրման մեկնակետը սեպտեմբերի մեկն էր, սակայն հնարավոր է հետաձգում լինի՝ նկատում է քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, պատճառը դեռևս Երևան չհասած ավտոբուսներն են։

«Մենք նաև արձանագրել ենք, որ տոմսային համակարգի ամբողջական ներդրումը տեղի է ունենում, երբ նոր ավտոբուսները գալիս ու գիծ են մտնում, խնդրում եմ այդ հետաձգելու նախագիծը ևս ներկայացրեք ավագանու նիստի քննարկմանը»,– ասում է քաղաքապետը։

Ավագանու ընդդիմադիր անդամներն օրերս տեղեկացրել էին, որ շրջանառության մեջ է դրվել տոմսային համակարգի ներդրումը մինչև նոյեմբերի 1-ը հետաձգելու վերաբերյալ ավագանու որոշման նախագիծ։ Փաստաթուղթն առայժմ ներքին քննարկման փուլում է, ոլորտային հանձնաժողովներում դրական եզրակացություն ստանալու դեպքում այն հավանաբար կքննարկվի ավագանու՝ հունիսի 25–ի հերթական նիստում։ Տոմսային համակարգի ներդրմամբ մայրաքաղաքում  հասարակական տրանսպորտի նոր սակագներ կգործեն։

Back to top button