
Երևանի ավագանին ամիսներ առաջ ընդունեց մայրաքաղաքում տրանսպորտի տոմսային նոր համակարգին անցնելու վերաբերյալ որոշումը։ Ըստ այդմ՝ նախատեսվում էր, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից քաղաքացիները տրանսպորտից օգտվելու համար կգնեն առաջարկվող 6 փաթեթներից մեկը ու երթուղայիններից կօգտվեն նոր սակագներով։ Երեկ սակայն տեղեկություն տարածվեց, որ քաղաքային իշխանությունը այս որոշումը 2 ամսով հետաձգելու մտադրություն ունի ու համապատասխան նախագիծ է շրջանառում։
Քաղաքային իշխանությունն առաջարկում է 2 ամսով հետաձգել Երևանում տրանսպորտի նոր սակագնի կիրառումը և տոմսային նոր համակարգին անցնելը։ Երևանի ավագանին մարտին որոշում էր ընդունել մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի տոմսային ու սակագնային նոր համակարգին անցնելու մասին։ Ծրագրվել էր, որ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն այս տարվա սեպտեմբերի 1-ից։ Հունիսօի 12-ին, սակայն, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբաթյանը տեղեկացրեց, որ քաղաքային իշխանությունը շրջանառում է ավագանու որոշման մի նոր նախագիծ, որով առաջարկվում է հանրային տրանսպորտում փոփոխությունները հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը։
«Ուղևարձի թանկացումը Երևանում քաղաքային իշխանությունները ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը։ Ավագանու նման որոշման նախագիծ է քննարկվելու Երևանի ավագանու հունիսի 25-ի նիստում»,-ֆեյսբուքում գրել էր Կուբաթյանը։

Ավագանու նիստի օրակարգի նախագիծը կամ առաջարկվող որոշման նախագիծը առայժմ քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված չեն․ նախագիծը ներքին քննարկման փուլում է, ուղարկվել է ավագանու խմբակցություններին՝ հանձնաժողովներում քննարկելու համար։ Ավագանու անդամ Հովսեփ Կուբաթյանը նշել էր, որ քաղաքային իշխանությունը որոշել է հետաձգել տոմսային նոր համակարգի ուժի մեջ մտնելը, քանի որ ուշանում է նախապես խոստացված 171 նոր ավտոբուսների մատակարարումը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միասնական տոմսային համակարգի ներդրումը ամբողջապես հնարավոր է ապահովել միայն նախատեսվող նոր 171 ավտոբուսների ձեռքբերմամբ (հիշյալ թվաքանակի փաստացի Երևան մատակարարմամբ) և միաժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործնականում 171 նոր ավտոբուսների նախատեսված ժամկետում մատակարարման հետ կապված առաջացել են մատակարարման ժամկետի ուշացումներ, որոնցով պայմանավորված մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը նախատեսված միասնական տոմսային համակարգի ծրագրային ամբողջական ներդրումը հնարավոր չէ ապահովել»,-կարդում ենք ավագանու անդամի հրապարակած հիմնավորման մեջ։

Քաղաքային իշխանությունը դեռ տարեսկզբին, երբ խոսում էր հասարակական տրանսպորտի տոմսային նոր համակարգի մասին, ընդգծում էր, որ փոփոխություններն իրականացնելու են միայն ավտոբուսային պարկն ամբողջությամբ թարմացնելուց հետո։
«Նախատեսվում է, որ այն ուժի մեջ մտնի էս պահին 2024 թվականի սեպտեմբերից՝ այն ժամկետի համար ա նախատեսված, երբ մենք սպասում ենք մոտավորապես նոր 171 հատ 8 և 6 մետրանոց ավտոբուսների ժամանելուն»։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի այս հայտարարությանը հետևեց ավտոբուսների նոր խմբաքանակ ձեռք բերելու մրցույթը։ Հաղթող կազմակերպությունը 6 ամսում պետք է Երևան հասցներ 171 հատ 8.5 մետրանոց նոր ավտոբուս ու 15 հատ նոր տրոլեյբուս։ Այդ ավտոբուսները պետք է փոխարինեն ներկայումս գործող Higer ավտոբուսներին։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծում էր՝ սա ավարտը չէ, համայնքը նախատեսում է հետագայում էլ թարմացնել պարկը։
«Սիրելի երևանցիներ, Երևանը իր ֆինանսական միջոցների հաշվին շարունակում է արդիականացնել ավտոբուսային և տրոլեյբուսային պարկը։ Ցավով պետք է նշեմ, բայց այնուամենայնիվ ես չեմ պատկերացնում, որ հնարավոր է միջազգային գործընկերների կամ կառավարության հետ սեղմ ժամկետներում կազմակերպել 18 մետրանոց նոր ավտոբուսների գնումը, հետևաբար ես առաջարկում եմ՝ թեկուզ Երևան քաղաքի բյուջեով, փուլային նախատեսել նաև 18 մետրանոց ավտոբուսների ձեռքբերումը։ Ես ակնկալում եմ, որ արդեն պետք է սկսել տեխնիկական առաջադրանքը պատրաստել»։
Ավտոբուսները, պայմանագրի համաձայն, Երևանում կլինեն մինչև նոյեմբեր։ Ըստ շրջանառության մեջ դրված որոշման, հենց դրանով է պայմանավորված նաև նոր սակագնին անցնելը հետաձգելու առաջարկը։ Հիշեցնենք՝ մարտին ընդունված որոշման համաձայն քաղաքացիները մայրաքաղաքի հասարակական տրանսպորտից օգտվելու համար պետք է ֆիզիկական կամ էլեկտրոնային տոմսեր գնեն՝ առաջարկվող 6 փաթեթներից ընտրելով ամենահարմար տարբերակը։ 1 տարի տրանսպորտից անսահմանափակ օգտվելու համար ուղևորը պետք է վճարի 90 հազար դրամ, 3 ամիս անսահմանափակ քանակությամբ օգտվելը քաղաքացու գրպանին կարժենա 24 հազար դրամ, մեկ ամսվա անսահմանափակ երթևեկելը՝ 9000 դրամ։

Հասարակական տրանսպորտից ավելի քիչ օգտվողների համար քաղաքապետարանը սահմանափակ փաթեթներ էլ է առաջարկում․ օրինակ՝ 1 օրվա ընթացքում 8 անգամ տրանսպորտից օգտվելու համար պետք է 900 դրամ կամ 300 դրամ վճարել և 90 րոպեի ընթացքում հասցնել 3 անգամ օգտվել տրանսպորտից:
Այս որոշումը հետաձգելու նախագիծը Երևանի ավագանին հավանաբար կքննարկի հունիսի 25-ի հերթական նիստում։




