ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ի վերջո տրանսպորտը թանկանալո՞ւ է, թե՞ էժանանալու

Գործող 100 դրամի փոխարեն սեպտեմբերի 1–ից տրանսպորտից օգտվելու համար քաղաքացիներին կառաջարկվի վճարման 6 փաթեթ՝ 6 տարբեր արժեքներով։ Քաղաքային իշխանությունը խոստանում է՝ մինչև սեպտեմբեր կքննարկեն ու կսահմանեն նաև արտոնություններ, օրինակ, թոշակառուների, դպրոցականների կամ հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար։ Տրանսպորտային նոր առաջարկը խառնաշփոթ է առաջացրել սպառողների շրջանում։ Մարդիկ փորձում են հասկանալ՝ ինչ է իրենց առաջարկվում, որ փաթեթն է ավելի շահեկան, հաշվարկել, թե ամիսներ հետո հասարակական տրանսպորտից օգտվելն ավելի թա՞նկ է,  թե՞ էժան է լինելու։

«Եթե տրանսպորտը թանկացավ, ոտքով ենք գնալու–գալու»։

Այս կինը ամեն օր 5 թոռներին Նորագյուղ թաղամասից Կենտրոն դպրոց ու մանկապարտեզ է տանում, բերում։ Արդեն մի քանի օր է՝ հաշվարկների մեջ է․ տրանսպորտի՝ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր սակագնով իրենց ընտանիքին ամենաձեռնտու փաթեթով նույնիսկ առնվազն 450 հազար դրամ է պետք 1 տարի տրանսպորտից օգտվելու համար։

«Եթե իմ աշխատավարձը 75 հազար դրամ է, ես էլ գալիս եմ Էջմիածնի Արաքս գյուղից, ես ինչպես եմ այդքանը վճարելու․․․ Ստացվում է՝ մի անգամ 300 դրամ պետք է տանք․․․ տրամաբանություն չկա»։

Տրանսպորտին երկար ենք սպասում, գերծանրաբեռնված է, կանգառում հավաքված քաղաքացիները միաբերան պնդում են՝ շարունակելու են 100 դրամ վճարել։

«Կես ժամից ավելի է, տրանսպորտի ենք սպասում․․․ Մեկը թոշակով է ապրում, մեկը՝ աշխատավարձով, ճիշտ չէ միանգամից այդքան թանկացնելը»։

Քաղաքապետարանը շաբաթվա սկզբում ընդունեց երկար քննարկված ու քննադատված նախագիծը։ Սեպտեմբերի 1-ից մայրաքաղաքը կանցնի տրանսպորտի միասնական տոմսային համակարգի, ըստ այդմ՝ քաղաքացիները պետք է առաջարկվող 6 փաթեթներից ընտրեն իրենց համար ամենահարմար տարբերակը։ 1 տարի տրանսպորտից անսահմանափակ օգտվելու համար ուղևորը պետք է վճարի 90 հազար դրամ, 3 ամիս անսահմանափակ քանակությամբ տրանսպորտից օգտվելը քաղաքացու գրպանին կարժենա 24 հազար դրամ, մեկ ամսվա անսահմանափակ երթերը՝ 9000 դրամ։ Հասարակական տրանսպորտից ավելի քիչ օգտվողների համար քաղաքապետարանը սահմանափակ փաթեթներ է առաջարկում․ օրինակ 1 օրվա ընթացքում 8 անգամ տրանսպորտից օգտվելու համար պետք է 900 դրամ կամ 300 դրամ վճարել և 90 րոպեի ընթացքում 3 անգամ տրանսպորտից օգտվել։

«Ոչ մի փաթեթն էլ հարմար չէ․․․ Ամեն դեպքում շատ թանկ է․․․»։

Քաղաքացիներին ու նախագծի ընդդիմախոսներին քաղաքային իշխանությունը ավագանու նիստում էր հակադարձում․ վիճելի հարց է՝ տրանսպորտը այսպիսով թանկանու՞մ է, թե էժանանում։

«Այո, լինելու են ոչ քիչ թվով քաղաքացիներ, ում համար տրանսպորտը էժանանալու է, փոխարենը տրանսպորտը կարող է թանկանալ տրանսպորտից հաճախակի չօգտվող մարդկանց համար, որը միանշանակ արդարացի է։ Միակ քննադատությունը, որ կարող եմ ընդունել, դա այն է, որ այդ տոմսերը գուցե պետք է ավելի թանկ լինեին»,– ասում էր փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Տրանսպորտի նոր սակագնային մոդելով փաստացի մեկանգամյա օգտագործման տոմս այլևս չի լինի։ Այսինքն, եթե երթուղային տրանսպորտի ամենօրյա սպառող չեք ու ցանկանում եք մեկ անգամ Ա կետից Բ կետ տեղափոխվել ստիպված եք լինելու առնվազն 90 րոպեանոց փաթեթ գնել ու դրա համար վճարել 300 դրամ։ Փոխարենը եթե ամենօրյա սպառող եք ու օրական գոնե 2 անգամ տրանսպորտից օգտվում եք, այսօր ծախսում եք 146 հազար դրամ, իսկ նոր նախագծով կարող եք ձեռք բերել տարեկան փաթեթ ու վճարել 90 հազար դրամ։

Քաղաքապետ Տիգրան Ավինյան

«Եթե մարդը հաճախակի է օգտվում տրանսպորտից, իր համար նույնիսկ 100 դրամից ավելի էժան է լինելու»,– ասում էր քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Տրանսպորտի սակագնի փոփոխոթյունը ոլորտի բարեփոխումների տրամաբանական շարունակությունն է․ քաղաքային իշխանության այս պնդմանը «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ, փորձագետ Բաբկեն Պիպոյանն է հակադարձում՝ տրանսպորտը ոչ թե թանկացնել այլ բարեփոխել է պետք։ Այս փուլում առհասարակ սակագնային փոփոխությունը մի քանի քայլով ուշացնելու է մայրաքաղաքում տրանսպորտային զարգացած ցանց ունենալն ու խնդիրը վերջապես լուծված տեսնելը։ Փորձագետը հիշեցնում է՝ տարիներ առաջ միջազգային անկախ խորհրդատուները ուսումնասիրել էին երևանյան տրանսպորտային ցանցը, բարեփոխումների առաջարկներ արել․ հետևությունը մեկն էր․ պետք է սկսել երթուղային ցանցը ամբողջովին փոխելուց և վերջին փուլում միայն խոսել սակագնից։

«Խորհրդատուների առաջարկով ամբողջ Երևանում պետք է ունենալ ընդամենը 42 երթուղի, 11–ը հիմնական, 30-ը սնուցող և մեկը դեպի օդանավակայան տանող, համեմատության համար ասեմ՝ 2017–ին ունեինք 114 երթուղի։ Տրանսպորտային միջոցների քանակը 2017թ 2040 էր, իսկ նոր առաջարկվող ցանցը սպասարկելու համար առաջարկվում է 840 շարժակազմ։ Հիմա մենք այս ամենը չենք անում ու ասում ենք՝ եկեք քննարկենք գինը»։

Ընտրել Երևանի համար ամենաօպտիմալ շարժակազմը, ձևավորել նոր երթուղային ցանց, հաշվել ինքնարժեք, սահմանել սուբսիդավորման չափը հետո միայն խոսել սակագնի վերանայման մասին․ փորձագետի կարծիքով ճանապարհային ճիշտ քարտեզն այսպիսինն է։

Կարդացեք նաև

Back to top button