
Այսօր Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ներկայացրին «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի այս տարվա ծրագիրը: Հուլիսի 27-ին
Գյումրու Վարդանանց հրապարակում ելույթ կունենա ՀՀ վաստակավոր արտիստ Թաթան: Օգոստոսի 10-ին Իջևանում նախատեսվում է հայ-վրացական համերգային մեծ ծրագիր, իսկ օգոստոսի 24-ին Եղեգնաձորում համերգի գլխավոր հյուրը «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացրած «Լադանիվա» խումբն է:


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ այս փառատոնն արդեն դառնում է ամենամյա. «Նախորդ տարին մեզ համար շատ կարևոր էր. Հանրային հեռուստաընկերության հետ նախաձեռնեցինք մի ծրագիր, որն ամբողջությամբ տեղավորվում է կառավարության՝ մշակութային կյանքն ապակենտրոնացնելու քաղաքականության մեջ: Անցյալ տարվա փորձը ցույց տվեց, թե այս փառատոնն ինչքան պահանջված էր մեր մարզերում. 3 համայնքում ընդհանուր 50 հազար այցելու ենք ունեցել: Փառատոնը ընդամենը մեկ համերգ չէ. հանգստյան օրերն առաջարկում ենք անցկացնել տվյալ համայնքում, այցելել տեսարժան վայրեր, տեղական արտադրանքի տոնավաճառ և, իհարկե, վայելել սիրված արտիստների համերգային ծրագիրը»:
Հովհաննես Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց ԿԳՄՍ նախարարությանը՝ նշելով, որ փառատոնն ամբողջությամբ ֆինանսավորվում է հենց նախարարության կողմից. «Սա կարևոր ուղերձ է, որ մենք մշակույթը տանում ենք մարզեր և մեծամասշտաբ միջոցառումներ կազմակերպում համայնքներում: Հուլիսի 27-ին, օգոստոսի 10-ին և 24-ին սիրով բոլորին հրավիրում ենք մասնակցելու «Ֆեստիվառին»: Մշակութայինից զատ մեր փառատոնը ևս 2 կարևոր ուղղություն ունի՝ զբոսաշրջային և տնտեսական: Հանրայինը յուրաքանչյուր համայնքի համար տպագրում է եռալեզու գրքույկներ, որոնք հյուրերին և զբոսաշրջիկներին ուղղորդում են, թե ուր կարելի է գնալ: Փառատոնը տնտեսական ակտիվություն է հաղորդում համայքներին, քանի որ մեծ թվով հյուր են գալիս և բացի այդ անցկացնում ենք նաև տեղական արտադրանքի մեծ տոնավաճառ, որի ցուցանիշները նախորդ տարի շատ գոհացնող էին»:
Փառատոնի վերաբերյալ այլ մանրամասներ առաջիկայում կհրապարակվեն Հանրայինի պաշտոնական էջերում:




