
Երևան-Մոսկվա հարաբերություններում առկա ճաքերը խորանում են։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը երկու տարբեր հաղորդագրություններում հիշատակել է Հայաստանը՝ երկու դեպքում էլ մտահոգություններ հայտնելով Երևանի գործողությունների կապակցությամբ։ Առաջին դեպքում խոսքը ՀԱՊԿ բյուջեի մասին է․ Մոսկվան հայտարարում է, որ Երևանի պատճառով կառույցն իր բյուջեն վերանայելու խնդիր ունի։ Երկրորդ դեպքում դժգոհության առիթը Հայաստանի ներկայացուցիչների՝ ուկրաինական Բուչա կատարած այցելությունն է։
Հայաստանը չի կատարել ՀԱՊԿ ֆինանսական պարտավորությունները, ինչի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել ճշգրտել ՀԱՊԿ-ի ընթացիկ տարվա բյուջեն՝ հայտարարում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ հստակեցնելով, որ այժմ կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագիծ է մշակվում։ ՀԱՊԿ-ը կշարունակի իր բնականոն աշխատանքը, սակայն Հայաստանի ֆինանսական պարտավորությունները պահպանվում են՝ ճշգրտում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Հայտարարությանն արձագանքել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ հիշեցնելով՝ պարտավորությունների չկատարումից խոսում է այն կառույցը, որից ադրբեջանական ագրեսիաների ժամանակ պարտավորությունների կատարում ակնկալում էր Հայաստանը։
«Ով-ով, բայց իրենք թող սուս մնան․ ՀԱՊԿ պարտավորությու՞ն, լու՞րջ։ Իրենք իրենց պարտավորությունները կատարեցի՞ն, մնացել ենք մե՞նք։ Փողը չենք տվել՝ ի՞նչի համար, որ երբ սեպտեմբերին Ադրբեջանը 15 տեղից հարձակվել էր ԼՂ-ի վրա, ՌԴ–ն, նույն ԱԳՆ–ն կոչ էր անում Հայաստանին ու Ադրբեջանին պահպանել խաղաղություն, այն դեպքում, երբ Հայաստանը որևիցե բան չէր անում»։
Հայաստանի ԱԳՆ–ն դեռ մեկ ամիս առաջ էր հայտարարել, որ հրաժարվում է «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և դադարեցնում է կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը իր մասնակցությունը։
Կառույցի և Հայաստանի տարաձայնությունները սկսվել են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը։
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը կարծում է, որ անկախ քաղաքական տարաձայնություններից ու կառույցից գոհ կամ դժգոհ լինելու հանգամանքից, պետք չէր հրաժարվել ֆինանսական պարտավորություններից։
«Խնդիրն այն է, որ որքան էլ Հայաստանն իր քաղաքական դեմարշը հայտարարել է վերոնշյալ կազմակերպությանը, այդուհանդերձ ունենալով կազմակերպության հանդեպ իր պարտականությունները՝ ֆինանսական պարտավորություն է կրում վճարման, հետևաբար վճարումը պետք է տեղի ունենա։ Եթե դա տեղի չունենա, կառաջացնի միջազգային սկանդալ, ու բավական լուրջ սկանդալ, ես կարծում եմ»։
ՀՀ իշխանությունները, միջազգայնագետի կարծիքով, ժամ առաջ պետք է հստակեցնեն իրենց հարաբերությունները ՀԱՊԿ–ի հետ։ Այդ հստակեցման անհրաժեշտությունը տեսնում է նաև քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Նրա կարծիքով, սակայն, այդ հստակեցումը ՀԱՊԿ լքելու մասին որոշում է ենթադրում։
«Պայմանագրում փոխադարձ պարտավորություն և իրավունք նշված չէ, և նշված չէ, որ եթե ՀԱՊԿ–ը չկատարի իր պարտավորությունները, անդամներից որևէ մեկը կարող է չվճարել։ Այսինքն՝ եթե չոր իրավական փաստերով դիտարկենք, Հայաստանը պարտավոր է վճարումներն իրականացնել, իսկ չիրականացնելու համար Հայաստանը պետք է սկսեր ՀԱՊԿ լքելու գործընթացը։ Ցավոք, ՀՀ իշխանությունները ցանկանում են և սառեցված, ինչ-որ անհասկանալի կարգավիճակում լինել և մնալ ՀԱՊԿ անդամ և վճարում չիրականացնել։ Լավ կլիներ, որ Հայաստանն օր առաջ սկսեր ՀԱՊԿ լքելու գործընթաց»։
Քաղաքագետի կարծիքով՝ Մոսկվան այս կերպ փորձում է նաև որոշակի ճնշում գործադրել Երևանի վրա։
ՀԱՊԿ–ի նկատմամբ ֆինանսական պարտավորությունների հարցը Մոսկվայի դժգոհության միակ առիթը չէ։ ՌԴ ԱԳՆ–ն մտահոգված է նաև Հայաստանի ներկայացուցիչների Բուչա կատարած այցով։ Մոսկվան այն բացահայտ ոչ բարեկամական քայլ է համարում:
Խոսքն Ուկրաինայում Հայաստանի դեսպանի ու Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից ուկրաինական Բուչա քաղաքում Կիևի քաղաքապետի հետ հանդիպման և Ուկրաինային հումանիտար օգնություն փոխանցելու մասին է, որին ընթացքում նաև որոշակի հայտարարություններ են հնչել։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներակյացուցիչը մանրամասնել է, որ նկատի ունի հայկական կողմի այն ձևակերպումը, թե ուկրաինացի ժողովուրդը քաջությամբ պաշտպանում է իր անկախությունը, որ Երևանը պատրաստ է աջակցել ռուսական ագրեսիայից տուժած համայնքներին։
Այս առիթով ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը ևս մի հիշեցում է անում Մոսկվային․ «Ոչ բարեկամական գործողությունների մասին թող իրենք իրենց 2020 թվականից սկսած գործողությունները նայեն։ Հայաստանը մշտապես իրեն որպես հավատարիմ գործընկեր է պահել, երեխայի նաիվությամբ հավատացել է, հույս է ունեցել մինչև վերջին պահը, որ ՌԴ ՀՀ մենակ չի թողնի, որ ՀՀ և հայ ժողովրդին չի քցի»։
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի կարծիքով՝ Մոսկվայի բողոքի նոտան պարզապես ցույց է տալիս, որ երկու երկրների հարաբերություններում լարվածության ճաքերն ավելի են խորանում։
«Սա խոսում է այն մասին, որ երկուստեք, բումերանգային տրամաբանությամբ իհարկե, փոխադարձ վիրավորանքներ ու մեղադրանքներ են հնչեցնում՝ տարբեր առիթներով, պատեհ ու անպատեհ, բայց մեր իշխանությունները պետք է հասկանան, որ այս իրավիճակում նման արկածախնդրության պետք չէ գնալ»։
Եթե հնարավոր չէ վերբեռնել հարաբերությունները, ապա պետք էլ չէ թշնամական դարձնել՝ ամփոփում է վերլուծաբանը։




