ԿարևորՌեպորտաժներՔաղաքականՔաղաքական շաբաթօրյակ

Ալմաթիի փոխարեն Բրյուսել կամ ՀԱՊԿ–ը՝ առանց Հայաստանի

Այսօր Ալմաթիում կայացել է  ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների հավաքը, որին Երևանը չի մասնակցել։ Հայաստանի պաշտպանության նախարարն այս օրերին Բրյուսելում էր, որտեղ  ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելի հրավերով մասնակցում էր Շումանի անվտանգության ու պաշտպանության ֆորումին։  

Ալմաթիի փոխարեն Բրյուսել․ պաշտպանության և անվտանգային ոլորտին առնչվող իրադարձությունների և դրանց՝ Հայաստանի մասնակցության կարճ ձևակերպումն է։ ՀԱՊԿ անդամ–երկրների պաշտպանության նախարարները Ալմաթիում հավաքվեցին, քննարկեցին և որոշումներ ընդունեցին առանց Հայաստանի։ Սա Երևանի որոշումն էր,  որը բաց թողեց ՀԱՊԿ հերթական միջոցառումը։ Կառույցից, սակայն, տեղեկացնում են, որ Հայաստանը դեմ չէ կառույցի ընդունած որոշումներին, որոնք առնչվում են ՀԱՊԿ տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին ու սպառնալիքներին, կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման հարցերին:

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 28-ից   աշխատանքային այցով Բրյուսելում է, որտեղ հրավիրվել էր մասնակցելու Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի բացման արարողությանը և տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերի շուրջ պանելային քննարկումներին: Այցի պատճառով նախարարը բաց է թողնում նաև Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկումները, ինչի կապակցությամբ պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարզապես արձանագրում է․

«Պաշտպանության նախարարը գտնվում է Բրյուսելում շատ կարևոր առաքելությամբ»։

Ի՞նչ կարող է տալ Բրյուսլը, որը չի հաջողվում ստանալ ՀԱՊԿ–ից։ Այս հարցի պատասխանը պաշտոնական սուղ  տեղեկատվության տողատակերում է։ Ըստ հաղորդագրության՝ պաշտպանության նախարարը այցելել է «Ջոն Կոկերիլ» ընկերության կենտրոնական գրասենյակ, հանդիպել տնօրենի հետ։ Սա ռազմական տեխնիկա արտադրող ընկերություն է, արտադրում է սարքավորումներ պողպատաձուլական գործարանների համար, ինչպես նաև մանևրային լոկոմոտիվներ և ռազմական տեխնիկական այլ միջոցներ:

Արդյո՞ք այս ուղղությունը կհամալրի սպառազինության դիվերսիֆիկացման ծրագիրը, դեռ հայտնի չէ։ ԱԺ ոլորտային հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ պատգամավորներին ներկայացվել է, թե ինչ ուղղություններով ինչ է արվել։ Սա հրապարակային քննարկման թեմա չէ՝ ասում է Անդրանիկ Քոչարյանը․

«Ես չեմ նշի, որ երկրից՝ ինչ։ Մեր կապիտալ ծախսերն ուղղվում են սպառազինությանը։ Բայց ես մի թիվ եմ հնչեցրել՝ 2023–ի բյուջեի կատարողական 99.9% է։ Երբ բյուջեի կառուցվածքը տալիս ենք, թե ինչ ծախսեր է արել պետությունը պաշտպանական բնագավառում, դրանք շատ շոշափելի են։ Երբեք այդպիսի ծախսեր Հայաստանը չի կարողացել անել նախկինում։ Ինչո՞ւ չի արել, որովհետև խնդիր չի տեսել, որ պետք է այդ ծախսերը թիրախային լինեն»։

Բրյուսելյան շփումների շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է  Բելգիայի փոխվարչապետի և ԵՄ ռազմական կոմիտեի նախագահի հետ։ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելի հրավերով երկու օր առաջ մասնակցել է Շումանի անվտանգության ու պաշտպանության ֆորումին։ Միջոցառման ընթացքում Սուրեն Պապիկյանը պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հարցերի շուրջ քննարկումներ է ունեցել Շվեդիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի և Վրաստանի նախարարների հետ։

Ինչ վերաբերում է միջազգային ֆորումին, ապա այն բավական ներկայացուցչական էր՝ ԵՄ անդամ 27 երկրներից նախարարներ, 50–ից ավելի նախարարներ և դեսպաններ ԵՄ սահմաններից դուրս երկրներից, 70 գործընկեր–երկրներից ավելի քան 500 մասնակից և 100–ից ավելի վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ։ Նույն վայրում նրանց միավորել էին նույն մարտահրավերները, որոնք նաև ՀԱՊԿ պաշտպանության նախարարների հավաքի օրակարգում էին՝ ռազմական անվտանգության սպառնալիքներին միասնաբար հակազդելու հնարավորություններն ու ուղիները։ Այս հավաքի ժամանակ Ժոզեպ Բորելը հայտարարել է․

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը ազդարարել է երրորդ երկրների հետ պաշտպանական համաձայնագրերի ցանց ստեղծելու մտադրության մասին՝ շահագրգիռ բոլոր կողմերին կոչ  անելով միանալ դրան։

Բրյուսելում ստորագրվել է երկու նոր պայմանագիր Մոլդովայի և Նորվեգիայի հետ, պատրաստում են ևս 6–ը։ Երկրների անունները դեռ չեն հրապարակվում։ Հայաստանի մասնակցությունը հաշվի առնելով՝  նշվում էր, որ Երևանը կարող է լինել այդ 6 պայմանագրերից մեկի կողմ։ Այդ լուրերը, սակայն, Անդրանիկ Քոչարյանը չի մեկնաբանում․ «Սպասենք նախարարի վերադարձին»։  

Բաքուն և պաշտոնական Մոսկվան արդեն արձագանքել են այս հնարավորություններին։ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցի ընթացքում հարցը բարձրացրեց ադրբեջանցի լրագրողը, ինչին Զախարովան, իր իսկ ձևակերպմամբ, փորձեց պատասխանել բարեկրթության սահմաններում․

Մոսկվան ցանկանում է «հաջողության պատմություններ» լսել, թե հակամարտության լուծման միջնորդ ԵՄ–ն ինչ  պարտավորություններ է ունեցել և ինչ է արել իրականում։

Զախարովան, սակայն, շրջանցեց  հարցը, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում ԵՄ նոր ծրագրերին Հայաստանի մասնակցությանը։ Իսկ ընդհանրապես մինչև այս պահը անպատասխան է Հայաստանի դժգոհությունը ՀԱՊԿ անգործությունից՝ ադրբեջանական ագրեսիաների ժամանակ, ինչն էլ այդ կառույցում Հայաստանի մասնակցության սառեցման պատճառ է դարձել։

Back to top button