Միշտ ներկա

«18 տարեկան երեխեքը ինձ են սպասում»․ ավագ ենթասպայի վերջին խոսքը՝ մորը․ «Միշտ ներկա»

Յոթ տարվա զինծառայող, Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի բնակիչ, կոչումով ավագ ենթասպա Գուրգեն Շաքարյանի այրին՝ Տաթևիկ Օհանյանը բռնի տեղահանման ժամանակ կարողացել է իր ամուսնուց որպես հուշ իր հետ Հայաստան բերել միայն մի նկար։

Խորը ափսոսանք է ապրում, որ մնացած իրերը, մեդալներն ու պատվոգրերը չի բերել։ Անկեղծանում է՝ այդ ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում, որ կես ճանապարհից թշնամին կվերցնի, ինչից էլ վախեցել է։ Իսկ այսօր ապրում է, սպասում, որ գուցե մի օր կայցելի Խնուշինակի գերեզմանատանը հուղարկավորված ամուսնու շիրիմին։ Ասում է, հուզվում, սրբում է արցունքներն ու անդրադառնում իրենց 8 տարվա երջանիկ համատեղ կյանքին։

Դպրոցականներ էին, երբ սիրահարվեցին։ Գյուղի աղբյուրից ջուր բերելուց Գուրգենը տեսնում ու միանգամից սիրահարվում է Տաթևիկին։ Իրենց մեծ սիրո արդյունքում երեք երեխա ունեցան՝ 2 աղջիկ և 1 տղա՝ Սյուզաննան, Արփին, Գոռը։ Այժմ ապրում են Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում։

Back to top button