ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ցեղասպանության հիշողությունը՝ ինքնության տրավմա. Թուրքիայի հայերի պատմությունները ներկայացվել են առաջին դեմքով

Գենետիկ տրավմատիկ հիշողության մասին երևանյան քննարկումից րոպեներ առաջ Թուրքիայի նախագահը հայերին կոչ է անում ազատվել, հրաժարվել անհիմն հիշողություններից ու խորհուրդ է տալիս գործել, ելնելով ներկայիս իրողություններից։ Նա նաև հույս հայտնում, որ Հայաստանը կազատվի իր խոսքով՝ «այն խավարից, որի մեջ ներքաշել է Սփյուռքը ու կընտրի նոր ուղի՝ հանուն պայծառ ապագայի»։

Մինչ տրավմատիկ հիշողության թեմային գալը՝ հայ թուրքագետներն ու պոլսահայ գործարար Տիգրան Ալթունը մեկնաբանում են Էրդողանի հայտարարության ուղերձները։ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Էրդողանը գործածել է «Մեծ եղեռն» տերմինը, ինչը չունի միջազգային իրավական այն նշանակությունը, ինչն ունի genocide՝ ցեղասպանություն տերմինը։ Հետո ընդգծում է՝ սա թուրքական դասական ժխտողականությա դրսևորում է և մեղադրանք մի քանի միլիոն մարդկանց՝ խավարամտության մեջ․

«Առաջին բրոշյուրը, որը տպագրվել է 1916թ-ին, որտեղ երիտթուրքերը արդեն իսկ սկսում էին հերքել, թե ինչ են անում հենց այդ պահին, Թուրքիան ժխտողականությունը սկսել է ցեղասպանությանը զուգահեռ։ Երկրորդ հանգամանքը կարող ենք բնութագրել որպես վիրավորանք հայերին, Սփյուռքին, որովհետև Էրդողանը ասում է, որ Հայաստանի ղեկավարությունը այս պահին պիտի ձերբազատվի այն ջանքերից Սփյուռքի, որը տանում է դեպի խավար։ Այսինքն, մեղադրում է դեպի խավարը գնալու մեջ, իսկ դեպի խավար գնում են խավարամիտները, նեղ միտք ունեցողները , այսինքն, մի քանի միլիոն մարդու մեղադրանք՝ դեպի խավարը գնալու մեջ, ընդ որում այդ մի քանի միլիոնը՝ Սփյուռքը, հենց հետևանքն է ցեղասպանության»

Պոլսահայ գործարար Տիգրան Ալթունը Էրդողանի հայտարարությունը կարդալ չէր հասցրել, ամեն դեպքում արձանագրում է․ որպես հայ համայնքի ներկայացուցիչ գոհ է Էրդողանից, որպես Թուրքիայի քաղաքացի՝ ոչ․

«Թուրքիո քաղաքացի էրդողանեն գոհ չեմ, բայց իբր Թուրքիայի մեջ ապրող փոքրամասնություն՝ հա յ, կարծում եմ՝ լավագույնն էրդողանն է, որովհետև ընդդիմադիրները այսօրվա, բոլորն էլ ավելի ֆաշիստ են, էրդողանը կրոնամոլ է, բայց մյուսներու չափ ազգայնամոլ չէ, երբ որ քվեարկության երթամ, որպես քաղաքացի ընտրեմ, թե հայ համայնքի անդամ, որովհետև կրնամ ըսեմ, որ Եվրոպայի, Ամերիկայի ճնշումներն էլ մեծ դեր կատարեցին, բայց 15- 20 տարի առաջ ցեղասպանության մասին չէինք կարող ասել, հայոց պատմության մասին, բայց փոխվեցավ, վերջին տարիներին ավելի ազատ ենք գոնե խոսել մեր նյութերու մասին»։

Թուրքագետ Տիրան Լյոքմագյոզյանն էլ հավելում է՝ Թուրքիան արդեն փորձում է խառնվել Հայաստանի ներքին գործերին․

«Պահանջներ նոր դրեց՝  հիմնը փոխել, գերբը փոխել, մայր օրենքը փոխել։ Սա արդեն նշանակում է՝ խառնվել հարևան երկրի ներքին գործերին»։

Բանախոսների սեղանին դրված 4 գրքերը Էրդողանի ձևակերպած անհիմն հիշողություններ կապակցության փաստացի հերքումներն են։ «Հրանտ Դինք» հինադրամը դեռ 2011-ից բանավոր հարցազրույցներով հավաքել է Թուրքիայի հայերի պատմություններն ու ներկայացրել դրանք առաջին դեմքով՝ առանց խմբագրումների։ «Հրանտ Դինք» հիմնադրամի նախագծերի համակարգող Արմենուհի Նիկողոսյան․

«Հիմնականում 2-րդ , 3-րդ , 4-րդ սերնդի հետ ենք խոսել, հնարավորություն չի եղել առաջինի հետ խոսել, պատմությունները շատ տարբեր են, բայց նմանվող, հատկապես ինքնության մասով, մարդ կա, որ ասում է՝ այո, ես իմացել եմ, որ հայ եմ, բայց չեմ կարող ժխտել, որ նաև թուրք եմ, և նա նշում է՝ արդեն չեմ կարող հրաժարվել հայկականից, որովհետև արդեն փորագրվել է։ Նշում է նաև, որ ամբողջ կյանքս նաև որպես թուրք եմ մեծացել, ինչպե՞ս կարող եմ հրաժարվել այդ մասից։ Հետաքրքրիր է, որ նա նշում է, որ հնարավորություն չի ունեցել ընտրելու, արդեն դրա մեջ է ծնվել»։

Գրքերի հերոսներից շատերն առաջին անգամ հենց հեղինակների հետ են խոսել հայկական ինքնությունից, վերհիշել ընտանիքի մեծերի պատմությունները։ Նիկողոսյանն ասում է՝ այն, ինչ մենք անվանում ենք գենետիկ տրավմա, այս մարդկանց համար ժամանակի ընթացքում դարձել է սովորական ապրելակերպ կամ հայկական ու թուրքական ինքնությունների միաձուլում։ Այս մարդիկ, նշում է, Արմենուհի Նիկողոսյանը, երկու ինքնություն ունեն և մեղադրվում են երկուսի համար էլ․

«Իրենց տրավման իրենց ներսում թաղված է եղել, իրենց սրտի վրա փորագրված է եղել, ինչպես շատերը նշել են հարցազրույցների մեջ, դրա համար, երբ հնարավորույուն ես տալիս նման մարդուն բարձրաձայնել, չի կարողանում դրա անունը դնել տրավմա, սովորել է դրանով ապրել։ Դրանով շատ կարևոր է այսպիսի նախաձեռնությունը, որ այդ լռեցված ձայնը դուրս հանենք, որովետև դրանց մեջ իրականում կարևոր ուղերձներ կան, և այս գրքերի միջոցով շատերը կարող են ավելի լավ հասկանալ թուրքիայի հայերին, որովհետև շատերը թյուրըմբռնումներ ունեն, թե ով է Թուրքիայի հայը։ Օրինակ, ունեցել եմ ընկեր, որ ասում է՝ երբ գալիս եմ Հայաստան, ինձ թուրք են ասում, բայց Թուրքիայում ինձ հայ են ասում, հայ, որպես վիրավորական նկատի ունեմ, իրենք երկակի ինքնության մեջ տատանվող պատմություններ ունեն, դրա համար սա շատ նուրբ ու խորը թեմա է»։

Պատմողները 1915-ից հետո կամ Թուրքիայի տարբեր շրջաններից տեղափոխվել են մայրաքաղաք, կամ դարձել գաղթական, քանի որ իրենց համայնքներում նոսրացել կամ վերացել էր հայ համայնքը։ Այս իրողությունը բերել է արևմտահայերենի մոռացությանը, ինչը ևս կարևոր է գենետիկ ինքնության ձևավորման համար։ Ներկաները փաստում են՝ գրքերը կարևոր են նաև 19-րդ դարի Թուրքիայի ներքին կյանքը սովորական մարդկանց տեսանկյունից հասկանալու համար։ «Լռության ձայնը» խորագիրը կրող 7 գրքերից հայերեն են թարգմանվել 4-ը։ Ապրիլի 24-ից դրանք հասանելի կլինեն գրախանութներում։

Back to top button