ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Մատյան– շիվեր» կամ գիրք Տրապիզոնի որբանոցից Կապան ճանապարհի մասին

Օրերս Կապանում  տեղի է ունեցել «Մատյան-շիվեր» գրքի շնորհանդեսը, որը Եղեռնի սարսափները զգացած, Տրապիզոնի որբանոցից Հունաստան հասած, առաջին գաղթականների հետ Հայաստան տեղափոխված ու Կապանում հաստատված Ջիվան Արիստակեսյանի կյանքի պատմությունն է։

«Դուք հաշվի առեք, ես 15 թվի Եղեռնից եմ փյունիկացել, խորքից եմ եկել ու խորն եմ գնում, սպանդն եմ անցել, ես մահն եմ դառել պատերազմների՝ որբ , բորբ եմ ծնել․ դառել եմ հատիկը հայ սերմնացանի, զայրույթն եմ շանթել»։

Կապանցի երկարամյա մանկավարժ Անժելա Մաքյանն է ընթերցում իր ուսուցչի՝ Ջիվան Արիստակեսյանի ստեղծագործություններից մեկը։ Սյունիքի մարզային գրադարանում հեղինակի երկրորդ գրքի՝ «Մատյան-շիվեր»-ի շնորհանդեսն է։ Այն, ինչպես նշում է գրքի խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Մհեր Քումունցը, առաջին գրքի՝ 2008-ին հրատարկաված «Այրվող հորիզոններով քայլողը» վեպի բանաստեղծական արտացոլանքն է՝ Եղեռնի պատկերներով, հայրենազրկման ողբերգությամբ ու արդարության պահանջով։ «Չմոռանանք, որ հեղինակը խորհրդային տարիներին է ստեղծագործել՝ զգուշավոր, բայց ոչ վախվորած»,- ասում է Մհեր Քումունցը․

«Փորձում է խոսել մոր մասին՝ դարձյալ եղեռնապատկեր, փորձում է խոսել գեղեցիկ հայ հարսների մասին և խորհուրդներ տալ՝ դարձյալ եղեռնապատկեր։ Ինչից  ցանկանում է խոսել, նրան չի լքել այն պատկերը, որ ողջ կյանքում կրել է»։

1915 թվականին Ջիվան Արիստակեսյանը 10 տարեկան էր։  Հարազատների սպանդից հետո  Ջիվանին փրկել է հարևան քրդերից մեկը, փոխել անունը՝ դարձնելով Խալիլ։ Հետագայում գրքում գրել է, որ շատ էր վախենում մոռանալ իր հայկական անունն ու անընդհատ կրկնում էր, որ չմոռանա։  11-ամյա Ջիվանը քրդական ընտանիքից փախել է Տրապիզոնի հայկական որբանոց, հետո՝ Հունաստան։ Հայրենադարձների առաջին խմբերի հետ եկել է Խորհրդային Հայաստան, ավարտել Երևանի պետական համալսարանը, գործուղվել Կապան, դարձել քաղաքի թիվ 1 դպրոցի տնօրենը։ Ջիվան Արիստակեսյանն  իր 5 որդիներին պատմել է Եղեռնի սարսափների մասին՝ չմոռնալով հայրենի տան կարոտը։ Որդիները հորն առաջարկել են գնալ Արևմտյան Հայաստան, բայց չի ցանկացել վերապրել մանկության սարսափները։ Տղաներից Սասունիկն էլ  փորձել է գտնել հոր հերոսուհիներից մեկին՝ Զարիկի շառավիղներին։ Գտել է Զարիկի թոռնիկներից մեկին ու 2013թ-ին հասել  հոր ծննդավայր՝ Խնձրի գյուղ, որը հիմա Բողազլի է կոչվում։

«Գրած ա, որ մեր տները՝ Ռստակաց ցեղի տները սկսվում են  հայկական գերեզմանոցներից։ Հայկական գերեզմանի տեղը հիմա սարքված է նրանց մշակույթի տունը»։

Սասունիկ Արիստակեսյանը որդու Ջիվանի հետ շրջել է գյուղում, հարցուփորձ արել, լուսանկարել ու տեսաձայնագրել։ Տեղացիները հետաքրքրվել են, թե ինչ են փնտրում իրենց գյուղում։

«Էս ինչ եք անում ստեղ, ես էլ սխալվեցի ասեցի՝ Հայաստանից եմ, հայ եմ, Ռստակեսի թոռն եմ, հետևիցս վազեցին՝ թե եկել ես ոսկինե՞րը տանես, դու  իրավունք չունես  այստեղ լինելու, հիմա ժանդարմ կկանչեմ»։

Մտահոգվելով, որ ողջ նկարածն ու տեսագրածը կարող են կորցնել, շտապել են գյուղի մեկ այլ հատվածում գտնվող տներից մեկը, գիշերել այնտեղ ու վերադարձել Հայաստան՝ գյուղից մի քանի քար վերցնելով։

«Պապաս գրած ա եղել,  որ Ռստակների տունը սկսվում ա գերեզմաններից, դուրս ա գալիս, իջնում մինչև եկեղեցու հայաթը, որտեղ մեր տունն է։ Ստացվում է, որ ես հենց մեր տանն եմ գիշերել։ Բայց այդ եկեղեցուց միայն մի պատ էր մնացել»։

«Մատյան-շիվեր» գրքի խմբագիր Մհեր Քումունցն ասում  է՝ գիրքը եղեռն, գաղթ, հայրենազրկում, աքսոր, գերություն տեսած մարդու հոգու մատյանն է։ Դրա  ցավոտ տողերից պիտի շիվեր հառնեն։ Մեջբերում է Ջիվան Արիստակեսյանի տողերը, որոնք այսօր էլ այժմեական են․

«Թուրքն է խուժել, մեր տուն ու տեղ ողջ ավերել, հաշտեցո՞ւմ եք առաջարկում։

Մեզ թրի տակ մաշկել-ձևել, բռնաբարել, մարդկությո՞ն եք առաջարկում,

Մեր Հայրենի Ծուխ-Ծխանից մեզ դուրս վանել, բարությո՞ւն եք առաջարկում։  

Տիրացել է, դիվացել է, մեզ հողմել է, խաղաղ կյանք եք առաջարկո՞ւմ»

Back to top button