ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Բերման ենթարկված 13 անձանցից 8–ն ազատ է արձակվել․ Քննչական կոմիտեն շարունակում է քննել, իսկ միջպետական ճանապարհը` փակ մնալ

Տավուշի Բագրատաշեն գյուղի մոտակայքում ցուցարարների և ոստիկանների միջև բախումների ընթացքում բերման է ենթարկվել 13 անձ, որոնցից 5-ը ներկայացվել է Քննչական կոմիտե, մնացածն ազատ են արձակվել՝ «Ռադիոլուրին» հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։  Քննչական կոմիտեն էլ տեղեկացրել է, որ Ներքին գործերի նախարարությունից  ստացված հաղորդման հիման վրա վարույթ է նախաձեռնվել։ Մինչ կոմիտեն կքննի  սահմանազատման դեմ բողոքող տավուշցիների և ոստիկանների միջև նախօրեին արձանագրված միջադեպերը, Վրաստան տանող միջպետական ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում շարունակում է փակ մնալ։ Մարդիկ նախորդ շաբաթավերջից այստեղ են գիշերում։

Նախօրեին կառավարությունը հաղորդագրություն տարածեց, որում նշված էր, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Երկու երկրների փորձագիտական խմբերը շարունակում են աշխատել, իսկ մարզի բնակիչները շարունակում են փակ պահել Կիրանցի ճանապարհը։

«Մենք պահանջում ենք, որ մեր հողերը, մեր գերեզմանները տեղում մնան։ Ինձ ոչ մի բան պետք չի։ Մի կտոր հաց լինի, կապրիմ, մենակ իմ հողը տեղում մնա»։

Ընդհանուր առմամբ իրավիճակն այսօր՝ ի տարբերություն երեկվա, սահմանամերձ մարզում հանգիստ էր։  Նախօրեին իրավիճակը պարբերաբար թեժանում էր։  Բողոքի ակցիայի ժամանակ ավտոմեքենա էր փորձել մխրճվել բազմության մեջ, ինչի հետևանքով բնակիչներից մեկը վնասվածք էր ստացել։ Մարդու իրավունքների պաշտպանը, անդրադառնալով միջադեպին, ընդգծում է՝ բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է:

«Պահանջել ենք այդ հարցի հետ կապված պատշաճ քննության իրականացում: Մենք շատ արագ ենք արձագանքել ու զրուցել ենք  բոլոր քաղաքացիների հետ, որոնք նաև ազատությունից են զրկվել: Մեզ համար կարևոր է նրանցից ստանալ պատշաճ տեղեկատվություն իրենց հետ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ: Եղել է քաղաքացի, որը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց: Այցելել ենք հիվանդանոց: Քաղաքացու հետ հանդիպման մասին տեղեկատվություն չեմ կարող փոխանցել։ Նրա հետ զրույցի արդյունքում  տեղեկատվությունն ամփոփվելու է, և գալու ենք վերջնական եզրակացության»

Տավուշի Բագրատաշեն գյուղի մոտակայքում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներից հետո բերման է ենթարկվել 13 անձ, որոնցից 5-ին ներկայացրել են Քննչական կոմիտե, մնացածին ազատ արձակել՝ «Ռադիոլուրին» փոխանցեցին Ներքին գործերի նախարարությունից։ Ձերբակալվածների պահման վայրում է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին։ Նրան այցելել են ընդդիմադիր պատգամավորները։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ կարծիք է հայտնել, որ ոստիկանական ուժերն ու սադրիչների խմբակները փորձում են մարդկանց բախումների դրդել:  Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նույնպես հանդիպել է Սուրեն Պետրոսյանի հետ, արձանագրել նրա բարձրաձայնած բոլոր  խնդիրները:

«Իմ աշխատակիցներին հանձնարարել եմ, որ ի սկզբանե ազատությունից զրկման վայրում նրանց հետ հանդիպումից հետո կոնկրետ ժամը լրանալու պահին մեկնեն ոստիկանական բաժանմունք, որպեսզի կարողանանք երաշխավորել քաղաքացիների՝ պատշաճ ժամանակահատվածում ազատ արձակումը: Բոլորը, բացի Սուրեն Պետրոսյանից, ազատ են արձակվել: Եթե ես չեմ սխալվում, նրա դեպքում կա քրեական հանցակազմի հետ կապված տեղեկատվություն: Այս պահին չեմ կարող տեղեկատվություն փոխանցել, որովհետև մենք չենք իրավասու մարմինը: Բանավոր հաղորդակցություն ենք վարել իրավասու մարմինների հետ: Իմ հանձնարարությամբ մեր խումբը դեռ Տավուշում է:  Այս պահին էլ հստակ գործողություններ ենք իրականացնում»։

Սուրեն Պետրոսյանին այցելել է նաև ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Նրա փոխանցմամբ՝ Պետրոսյանը հորդորել է շարունակել հանրության կոնսոլիդացիան ու պայքարը։

Քննչական կոմիտեից էլ միջադեպի մասին հայտնում են, որ ՆԳՆ–ից են հաղորդում ստացել  այն մասին, որ երկու տղամարդ ցանկացել են անցնել ճանապարհի հատվածով, սակայն ճանապարհը փակած, ինքնությունը պարզված և դեռևս չպարզված մի  խումբ անձինք խոչընդոտել են նրանց ընթացքը։ Վիճաբանություն է ծագել, որի  ընթացքում ճանապարհը փակած անձինք, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը։  Նույնպիսի միջադեպ, ըստ Քննչականի, եղել է  նաև «ՈՒԱԶ» մակնիշի  ավտոմեքենայով  վարորդի և  ճանապարհը փակած անձանց միջև։

Նկատի ունենալով, որ երկու միջադեպերն էլ առնչվում են նույն անձանց,  երկու վարույթները միացվել են և  փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությանը։ 

Back to top button