ԿարևորՀասարակություն

Անվտանգ պայմաններ սխալվելու և սովորելու համար․ Հայաստանում նոր սիմուլյացիոն կրթական կենտրոն կստեղծվի

Հայաստանի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կարողությունները կմեծանան: Այս մասին որոշման նախագիծը կառավարության ապրիլի 12-ի նիստին ներկայացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը հիշեցրել է՝ այսօր Հայաստանում գործում է 6 կենտրոն, որոնք իրենց առավելագույն կարողություններով են աշխատում: Այժմ նախատեսվում է ընդլայնել ծրագիրը, ներդրում իրականացնել պետական բժշկական կենտրոնում՝ հիմնելու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների նոր ծառայություններ: Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նոր սիմուլյացիոն կրթական կենտրոն ստեղծելու ծրագիրը:

Չսովորել բուժառուների վրա, այլ պատրաստ լինել աշխատելու նրանց հետ․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սիմուլյացիոն կրթական կենտրոն կստեղծվի, որտեղ անվտանգ պայմաններ կապահովվեն սովորելու, սխալվելու, նույն վիրահատական միջամտությունը բազմիցս կրկնելու, ծրագրային լուծումների  շնորհիվ օբյեկտիվ գնահատվելու համար։ Սա նման մասշտաբի առաջին նախագիծն է Հայաստանում՝ նշում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Կենտրոնում հնարավորություն է ստեղծվելու նորագույն հետազոտական, վիրաբուժական, վերակենդանացման ծառայությունները՝ սարքավորումներով հագեցած, իրական կյանքի իրավիճակներում ունենան կարողություններ, որ մեր թե՛ ռեզիդենտները, թե՛ օրդինատորները սովորելիս կարողանան զարգացնել իրենց գործնական հմտությունները և ավարտելիս ունակ լինեն անմիջապես բուժառուների հետ աշխատելու»։

Ծրագրի ընդհանուր արժեքը 550 միլիոն դրամ է։ Նախատեսվում է, որ 2025 թվականից այդ կենտրոնի դռները կբացվեն ոչ միայն տվյալ բժշկական հաստատությունում, այլև հանրապետության այլ բժշկական կենտրոններում աշխատող, սովորող ուսանողների համար։

Իսկ ինչու՞ է ընտրվել հենց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն առաջարկում է տեղի որոշման հարցը անջատել որոշման նախագծից և մեկ անգամ ևս քննարկել:

«Ինչու՞ օրինակ, բժկական համալսարանի բազային հիվանդանոցում չի ստեղծվում, այլ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչում»։ Գուցե կրթական նշանակությունը հաշվի առնելով, այլ տարբերակ է պետք մտածել»։

Անահիտ Ավանեսյանը պարզաբանում է՝ կենտրոնում նախատեսվող նոր վիրահատական, հետազոտական սարքավորումները նախատեսված են ավելի բարդ, նեղ մասնագիտական միջամտություններ իրականացնելու համար, որոնք հենց պրակտիկ բժիշկների համար են նախատեսված։ Իսկ ԵՊԲՀ-ում հիմնականում ստեղծվում են այնպիսի սիմուլյացիոն կենտրոններ, որոնք հարմարեցված են կրթական գործընթացների համար։

««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնը բազմապրոֆիլ հիվանդանոց է։ Այս սիմուլյացիոն կենտրոնը ծառայելու է ավելի շատ օրդինատորների և ռեզիդենտների կրթական պրոցեսներին։ Համալսարանն ավարտելուց հետո սա արդեն գործնական կրթության հատվածն է։ Այս ուսանողները պրակտիկ աշխատում են բժշկական կենտրոններում և տարբեր փուլեր են անցնում՝ որոշակի նեղ մասնագիտությունների մեջ հմտանալու համար»։

Փոխվարչապետի առաջարկով որոշումն ընդունվեց՝ անջատելով կենտրոնի տեղի որոշման հարցը։ Մեկ շաբաթ հետո այս հարցով վերջնական որոշում կկայացվի։

Եթե 2023 թ․-ին վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ Հայաստանում ծնվել է 159 երեխա, իսկ շահառուների թիվը 5441 էր, ապա 2024 թվականի առաջին 3 ամիսներին շահառուների թիվն արդեն 1672 է, ծնված  երեխաների թիվը՝ 109։ Կառավարությունն առաջարկում է մեծացնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կարողությունները։

«Մենք այսօր Հայաստանում ունենք 6 կենտրոն, որոնք իրենց մաքսիմալ կարողություններով են աշխատում: Այժմ նախատեսվում է ընդլայնել ծրագիրը, ներդրում իրականացնել պետական բժշկական կենտրոնում՝ հիմնելու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների նոր ծառայություններ»:

Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ նաև մի շարք բժշկական կենտրոնների շինարարության ընթացքին։ Այժմ ընթանում են Աշտարակի, Թալինի, Չարենցավանի բժշկական կենտրոնների և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Արարատի, Արմավիրի և Լոռու մասնաճյուղերի նոր մասնաշենքների կառուցման աշխատանքները։ Դրանց մի մասը շահագործման կհանձնվի այս տարի։

Back to top button