
Հայաստանի կառավարությունը ծառայողական քննություն է նախաձեռնել, պարզելու, թե նախորդ տարիներին ինչ քարտեզներ են ուղարկվել ՄԱԿ՝ խորհրդարանում հարց ու պատասխանի ժամին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարցի հետ կապված խնդիրներն ի հայտ են եկել «Փաստերի ստուգման հարթակ»–ի իրականացրած ուսումնասիրություններից հետո։ Ըստ դրանց՝ Հայաստանն անկախացումից հետո 6 անգամ է քարտեզ տրամադրել ՄԱԿ–ին։ 1996 և 97 քարտեզներում Լեռնային Ղարաբաղը ներառվել է ոչ թե Հայաստանի տարածքում, այլ ինքնավար մարզի կարգավիճակով և նախկին ԼՂԻՄ սահմաններով։ Քարտեզներում Տիգրանաշենը նշված չէ, իսկ 7 շրջանները Ադրբեջանի տարածքներ են։
2004–ին ՄԱԿ–ին երկու անգամ է քարտեզ ներկայացվել, դրանք, ըստ էության, չեն տարբերվել նախորդներից։ Վերջին երկու քարտեզները 2008–ին և 2013–ին են ուղարկվել ՄԱԿ։ Աղմկահարույց փոփոխություններն առնչվում են հենց այդ տարիների քարտեզներին․ որոնցում, պարզվում է, Լեռնային Ղարաբաղն արդեն ինքնավար մարզի սահմաններով էլ չի նշվել:
«Հարց էր առաջացել, թե ՀՀ–ի կողմից արդյո՞ք ժամանակին ՄԱԿ–ին տրվել են քարտեզներ հրապարակելու համար, որովհետև մենք տեսնում ենք, որ քարտեզներում փոփոխություններ են տեղի ունեցել, և այդ հարցերին պետք է պատասխան տրվի։ Այս պահին մենք փորձում ենք պատճառահետևանքային կապը պարզել և հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Մի բան կարող եմ ասել, որ շատ տարօրինակ մի փաստ ենք պարզել, որ հ ԱԳՆ–ում այդ քարտեզների ուղարկման հետ կապված ոչ մի տվյալ չի պահպանվել։ Գոնե այս պահի դրությամբ մենք չենք կարողանում դա գտնել», –ասել է Նիկոլ Փաշինյանն ու հավելել, որ այդ թեմայով հիմա ծառայողական քննություն է ընթանում։




