ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Սև ուրբաթ» անշարժ գույքի շուկայում․ կառուցապատողները հորդորում են օգտվել եկամտահարկի վերադարձով տուն գնելու վերջին հնարավորություններից

2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին անշարժ գույքի շուկայում 37.553 գործարք է կատարվել։ Այդ թիվը 2023-ի նույն ժամանակահատվածի համեմամատ ավել է 24.4 տոկոսով, իսկ 2022-ի համեմատ՝ 46.2։ Մասնագետները նշում են, որ սա շուկայի համար չափազանց մեծ ակտիվություն է։ Ինչո՞վ է դա պայմանավորված, ի՞նչ խնդիրներ կան այսօր անշարժ գույքի շուկայում և ինչպիսի՞ ծրագրեր են իրականացվում։

Այս տարվա փետրվարին իրավունքի պետական գրանցման գործարքների վերջին 14 տարվա ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել՝ 21.159 գործարք։ Ըստ կադաստի կոմիտեի տվյալների՝ թվերը աճել են ինչպես Երևանում, այնպես էլ գրեթե բոլոր մարզերում։ Շուկայի վերլուծության բաժնի պետ Աննա Նազարյանն է մանրամասնում։

«Երևանում գրանցվել է 6226 իրավունքի պետական գրանցման գործարք, որը տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 38.3 տոկոսով։ Մարզերից առավել ակտիվ է Կոտայքի մարզը, որտեղ 3437 գործարք է կնքվել, նախորդ տարվա համեմատ աճել է 20.3 տոկոսի չափով։ Համեմատաբար պասիվ է եղել Վայոց Ձորի մարզը, այստեղ գրանցվել է 607 գործարք։ Սակայն նշեմ, որ այս թիվը նույնպես նախորդ տարվա համեմատ աճել է 30.8 տոկոսի չափով»։

Ինչո՞վ է պայմանավորված նման ակտիվությունը անշարժ գույքի շուկայում այն դեպքում, երբ նաև գնաճ է արձանագրվում։ Աննա Նազարյանի խոսքով՝ ակտիվությունը մեծացել էր դեռ 2021 թվականից։ Այս ընթացքում պարբերաբար նաև նվազումներ են արձանագրվել։ «1SQ GROUP» ընկերության հիմնադիր Արմեն Սաքապետոյանի կարծիքով՝ շուկայում ակտիվությունը պայմանավորված է եկամտահարկի վերադարձով հիփոթեքային վարկավորման ծրագրով։ Ըստ նրա՝ ակտիվությունը կպահպանվի մինչև տարեվերջ՝ մինչև օրենքում նախատեսվող փոփոխությունները։ Ծրագրի այդ պայմաններով Երևանում բնակարան հնարավոր կլինի ձեռք բերել միայն մինչև 2024 թվականի վերջը։ 2027 թ.-ից համակարգը չի գործի նաև Երևանին հարակից մարզերում, 2029-ից՝ մյուս մարզերում, բացառությամբ՝ սահմանամերձ բնակավայրերի:

«Այս հանգամանքով պայմանավորված մենք տարին պայմանական բնորոշում ենք որպես «սև ուրբաթի» տարի։ Կարծում ենք, որ ակտիվություն ավելի է մեծանալու, և բնակարան գնելու ցանկություն ունեցող անձինք շտապելու են օգտվել այս վերջին հնարավորությունից»։

 «ԱՐ-ԳՈ Ռիելթի» ընկերության հիմնադիր Արայիկ Գոջաբաշյանը համաձայն չէ կադաստրի պաշտոնական թվերի հետ։ Նա նշում է՝ ներկայացված թվերը, որոնք գերատեսչությունը համարում է հունվար-փետրվարին տեղի ունեցած առուվաճառք, իրականում երկու-երեք տարի առաջ վաճառված բնակարաններն են։

«Այսինքն մարդիկ կառուցվող շենքից գնման իրավունք են ձեռք բերել, վճարել են վարկեր, կամ գումարի մոտ 80-90 տոկոսը փոխանցել են կառուցապատողի հատուկ հաշվին և փոխանցման ակտի ժամանակ ընդամենն ընդունել են պատրաստի բնակարանները։ Չորս տարի տարի առաջ, մինչև կորոնավիրուսը, պատերազմը, շաուկան այլ էր, մարդիկ տուն են գնել։ Եվ դա վերագրել այսօրվան ու ասել, որ գործարքներ ավելացել են, ես սխալ եմ համարում»։

Աննա Նազարյանը հակադարձում է։ Օրինակ՝ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում հին բնակելի ֆոնդը ավելի շատ է, քան նորակառույցները։ Փետրվարին այստեղ գրանցվել է ռեկորդային թվով գործարք՝ բնակարանների առուվաճառքի 509 գործարք, Շենգավիթում՝ 357։ Շենգավիթում նման մեծ քանակի նորակառույցներ չկան՝ նշում է կադաստրի ներկայացուցիչը։ Արայիկ Գոջաբաշյանն առաջարկում է, որ կադաստրը տարանջատում անի վերլուծության մեջ, որպեսզի գոնե տարեվերջին հստակ լինի, թե այդ գործարքներից քանիսն են երկրորդային շուկային վերաբերում, քանիսը՝ նորակառույցներին ու ավարտված շենքերին։

2024-ի հունվար-փետրվար ամսիներին 2500-ից ավել բնակարանների վարձակալության գործարքներ են իրականացվել։ Նկատելի աճը գրանցվել է օրենսդրական փոփոխություններից հետո։

«Փետրվարին գրանցել ենք 1380 վարձակալության գործարք, որը նախորդ տարվա նկատմամբ աճել է 26 տոկոսով, իսկ հունվար ամսվա նկատմամբ՝ 22.8 տոկոսով։ Կարծում եմ, որ ավելի մեծ թվեր կտեսնենք։ Կարևոր է նշել, որ ոչ բոլոր վարձակալության գործարքներն են գրանցում ստանում։ Եվ վստահ եմ, որ օրենքի փոփոխություններից հետո ավելի մեծ թվեր կարձանագրենք»։

Ի՞նչ տեղի կունենա անշարժ գույքի շուկայում, երբ եկամտահարկի հետվերադարձի հնարավորությունը Երևանում այլևս չլինի։ «ԱՐ-ԳՈ Ռիելթի» ընկերության հիմնադիր Արայիկ Գոջաբաշյանի խոսքով, շուկայում մեծ տատանումներ չեն սպասվում։

Պարզապես, կարող է բնակարանի դեֆիցիտ առաջանալ։ Իսկ դա էլ իր հերթին կբերի գների աճի։ Կառուցապատողները հորդորում են՝ օգտվել եկամտահարկի վերադարձով անշարժ գույք ձեռք բերելու վերջին հնարավորություններից։

Back to top button