ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մշակութային ժառանգությունը՝ արտակարգ իրավիճակներում․ մարզային թանգարաններում կանցկացվեն վերապատրաստման դասընթացներ

ԻԿՕՄ հայկական թանգարանների ազգային կոմիտեն «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի հայտարարած «Արագ արձագանք «Ճգնաժամի հասցեագրում. երկրորդ փուլ» դրամաշնորհի շրջանակներում հերթական ծրագրի մեկնարկն ազդարարեց։ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի թանգարանների հետ համագործակցելով, կոմիտեն իրականացնում է «Համախմբվելով պահպանենք մշակութային ժառանգությունը» ծրագիրը՝ ուղղված ՀՀ սահմանամերձ տարածքների թանգարանների աղետների ռիսկերի կանխաարգելմանը, կառավարմանն ու արտակարգ իրավիճակներում մշակութային ժառանգության պահպանությանը:

«Համախմբվելով՝ պահպանենք մշակութային ժառանգությունը» ծրագրի շրջանակներում հունվար-փետրվար ամիսներին ծրագրի աշխատանքային խմբի և ներգրավված փորձագետների հետ միասին «ԻԿՕՄ Հայաստանը» մոնիթորինգային այցով եղել է Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզի ավելի քան 13 թանգարաններում: Մոնիթորինգի շրջանակներում բոլոր թանգարաններում անցկացվել են կարիքների բազմակողմ գնահատում, որի նպատակը կարիքից բխող վերապատրաստումների և տվյալ թանգարաններին աջակցելու փաթեթի մշակումը պետք է լինի:

«ԻԿՕՄ Հայաստանի» նախագահ Հայկ Մկրտչյան․ «Ծրագիրը բազմասեկտորալ համագործակցության մասին է։ Ծրագրին տարբեր կառույցներ են մասնակցում, ոչ միայն թանգարաններ, որովհետև մենք կարծում ենք, որ մշակութային ժառանգության պաշտպանությունը մասնակցային գործընթաց է։ Դրա մեջ պետք է ներգրավվեն բոլորը, անկախ մասնագիտությունից տարիքից, սեռից։ Այս իմաստով ուրախ ենք ասել, որ ծրագիրն արդեն իսկ հաջողվել է, և հատկապես մարզերում մեզ շատ ողջունեցին»։

Նման դասընթացի առաջնահերթ լինելը ակնհայտ դարձավ դեռ 44-օրյա պատերազմի ժամանակ՝ նշում է Հայկ Մկրտչյանը։ «ԻԿՕՄ Հայաստանը» կարողացավ աշխատել միջազգային գործընկերների հետ, ուշադրություն հրավիրել տարածաշրջանային զարգացումների ու այդ համատեքստում մշակութային ժառանգության պահպանման հարցի վրա։ Առաջին մասշտաբային վերապատրաստումը 2022 թվականին տեղի ունեցավ։ Այս անգամ շեշտը դրվեց մարզային թանգարանների վրա։ Թանգարանների միջազգային խորհրդի հայկական ֆինանսավորմամբ թանգարանների կոմիտեի տնօրեն Մարինե Հարոյանը նշում է, որ դասընթացները գործնական պարապմունքների վրա են հիմնված լինելու։

«Անցյալ տարի մեր ունեցած դասընթացները բավական հաջողված էին, մենք անցկացրինք վարժանք, երբ  թանգարաններից մեկում ստեղծվել էր իրական վտանգավոր իրավիճակ։ Խմբերից յուրաքանչյուրը հստակ ուներ իր առաջադրանքը, նրանք գիտեին իրենց անելիքները։ Բոլոր հնարավոր մանրուքները հաշվի էին առնված»։

Մոնիթորնգի արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա փորձագետները հաշվետվություններ են կազմել, կարիքներից ելնելով՝ առաջարկներ ներկայացրել։ Կոմիտեի անդամ Արմինե Բաչաչյանի խոսքով՝ դրանք տրամադրվել են միջազգային փորձագետներին, որոնք առաջիկայում կլինեն Հայաստանում և դասընթացներ կիրականացնեն թանգարանային աշխատակիցների և, ընդհանրապես, ոլորտում ներգրավված անձանց կարողությունները զարգացնելու համար։

«Մենք դեռ տարվա սկզբին կատարել ենք նպատակային այցեր մարզային թանգարաններ։ Նախապես Վայոց Ձորի, Սյունիքի, Արարատի 7 թանգարան էր նախանշվում, սակայն ընդգրկվեց 12-ը։ Հավաքագրվեց ընդհանուր բնույթի տեղեկատվություն, որը կօգնի առավել ճշգրիտ հասցեագրել աշխատանքները, որոնք հատկապես տեսանելի են ճգնաժամային իրավիճակներում։ Դասընթացները կօգնեն թանգարանների աշխատակիցներին հավաքածուներն առավել անվտանգ տեղափոխելու հարցում»։

«ԻԿՕՄ Հայաստանի» նախագահ Հայկ Մկրտչյանի խոսքով՝վերապատրաստման առաջին դասընթացը կանցկացվի ապրիլի 14-15-ը Եղեգնաձորում, երկրորդը՝ ապրիլի 16-18-ը՝ Գորիսում: Դասընթացները կվարեն մշակութային ժառանգության անվտանգության հարցերով միջազգային փորձագետներ Վերնոն Րափլին և Ամիրա Սադիկը: Դասընթացներին ընդգրկվելու են Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզերի թանգարանները։ Ներգրավվելու են ՆԳՆ փրկարար ծառայության ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, համայնքի ակտիվ բնակիչները։

Back to top button