
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արմավիր քաղաքում մասնակցել է սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման արարողությանը: Եկեղեցին կառուցվել է մի քանի տարի առաջ բացված սուրբ Սարգիս մատուռի տեղում, որտեղ կատարվում էին եկեղեցական ծեսերն ու մատուցվում էր պատարագ: Նորակառույց եկեղեցին բազիլիկ կառույց է, ունի զանգակատուն, որի ճարտարապետը Միքայել Մկրտչյանն է, իսկ հովանավորը` Սանկտ Պետերբուրգի ազգային մշակութային ինքնավարության նախագահ, ծնունդով արմավիրցի Կարեն Մկրտչյանը։ Բարերարը պարգևատրվել է սուրբ Էջմիածնի սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանով, և Արմավիրի պատվավոր քաղաքացու ոսկե մեդալով:
Արմավիրի մարզում վերջին 10 տարվա ընթացքում կառուցվել է 10-ից ավելի եկեղեցի, որը որպես աղոթատեղի իր տանիքի տակ է ընդունում հայ առաքելական եկեղեցու հետևորդներին: Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը մեր երկրում կարևորեց եկեղեցաշինությունը: Արմավիր քաղաքի նորակառույց եկեղեցում երեկ երեկոյան կատարվել է դռնբացեքի կարգ, որով խնդրվել է Աստծուն բացել եկեղեցու դռները և ներս թողնել ժողովրդին, որից հետո հոգևոր դասը Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ ջրով և գինով օծեց 12 հիմնասյունն ու մկրտության ավազանը: Այսօր առավոտյան շարունակվեց եկեղեցու 4 հիմնասյան և սուրբ Սեղանի օծումը, որին ներկա էր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Հոգևոր կառույցը ժողովրդով է դառնում եկեղեցի, որտեղ հավաքական աղոթք առ Աստված է ուղղում հավատացյալ ժողովուրդը: Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը նշեց, որ բացի այս եկեղեցուց Արմավիր քաղաքի կենտրոնում՝ Մշակույթի տան հարևանությամբ, նախատեսվել է կառուցել 2-րդ ավելի մեծ եկեղեցին: Արմավիրի սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու ճարտարապետը Միքայել Մկրտչյանն է, ով նախագծել է բազիլիկ կառույց, որը տարածված է քրիստոնեա աշխարհում:




