ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Զինանշանի թռչնից» մինչև «վարդագույն էկզոտիկ հյուր»․ փետրավորների ի՞նչ կազմ ունենք Հայաստանում

Թռչունների ձմեռումից դուրս գալու օրը՝ թռչունների միջազգային օր։ Ինչպիսի կազմ ունի հայաստանյան թռչնաշխարհը, ինչ փոփոխություններ կան կարմիրգրքային փետրավորների շրջանում և ինչու են նոր թռչնատեսակները գալիս Հայաստան։

Հայաստանում գրանցված է թռչունների 376 տեսակ, 242-ը երկրում բնադրողներն են, մնացածը հանդիպում են չուի ժամանակ։

Տվյալները թարմ են․ թռչունների միջազգային օրվա առիթով դրանք հրապարակել է «BirdLinks Հայաստան» հասարակական կազմակերպությունը։ Թռչունների և դրանց միջավայրերի հետազոտությամբ ու պահպանությամբ զբաղվող կազմակերպությունն ունի 1995թ-ից հավաքագրած տվյալների բազա, որի հիման վրա իրականացնում է թռչունների ազգային մոնիթորինգ։

Հայաստանի թռչնաշխարհում նկատվում է 2 միտում՝ միջավայրի դեգրադացումը հանգեցնում է ավանդական տեսակների նվազման, իսկ կլիմայի փոփոխությունը՝ նոր տեսակների ավելացման․ դիտարկումը «BirdLinks Հայաստան»-ի ներկայացուցիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Աղաբաբայանինն է։

-Կան տեսակներ, որոնք բնադրում են Հայաստանում, և իրենց թվաքանակը քչանում է։ Օրինակ, մոխրագույն կռունկի թվաքանակը նվազում է ճահճուտների չորացման պատճառով։

-Մեր ավանդական կռո՞ւնկը։

-Այո, մեր ավանդական կռունկը, որի մասին նաև երգ ունենք։

Թռչնաբանը նկատում է՝ հակառակ երևույթն էլ կա։ Փետրավորների որոշ տեսակներ հարավից ու հարավ արևմուտքից գալիս են Հայաստան, բույն հյուսում և բազմանում։

«Անապատային կաքավը։ Դրա բնադրման ամենահյուսիսային գոտին հյուսիսային Իրանն էր, բայց այն տարածվեց նաև մեզ մոտ։ Այժմ ապրում է Մեղրիի շրջանում, և բավականին հաջող բնադրում է»։

Մասամբ կլիմայի փոփոխության, մասամբ էլ մարդու տնտեսավարման հետևանք է ամենահայտնի «ճերմակ փետրավորի» չհեռանալու վարքագծը։ Ըստ Կարեն Աղաբաբյանի՝ Հայաստանում արագիլի ձմեռող պոպուլյացիան ձևավորվել է դեռևս 1970-ականներին՝ կարպալճային ձկնաբուծության զարգացմանը զուգահեռ։  

«Երբ մենք սկսեցինք մայր արագիլների մոնիթորինգը 2006թ.-ին, այն կազմում էր մոտավորապես 250 առանձնյակ, հիմա ձմեռող առանձնյակների թիվն արդեն 1000-ից ավելի է։ Դրանք հիմնականում Արարատյան դաշտում են կուտակվում, կերակրային վայրերն աղբավայրերն են և ձկնաբուծարանները»։

Թռչնաբանից հետաքրքրվում եմ նաև մեր զինանշանի թռչնի՝ քարարծվի ճակատագրի մասին։

«Քարարծվի թվաքանակը մեզ մոտ կայուն է,  բայց այն համարվում է կարմիրգրքային թռչուն, որովհետև ընդհանուր թվաքանակը բավականին քիչ է, ամբողջ երկրում ընդամենը 34-38 զույգ։ Քանի դեռ չենք կարող ասել, որ ազատվել ենք այդ տեսակին սպառնացող բոլոր վտանգներից, իրեն պետք է պահել Կարմիր գրքում»։

Քարարծվի հետ բախտակից է մորուքավոր անգղը։ Հայաստանում կա այդ գիշատչի լոկ 11-12 զույգ։  Մոնիթորինգի արդյունքերը հուսադրող են՝ վերջին տարիներին 1-2 զույգ ավելացել է, բայց, դա բավարար չէ Կարմիր գրքից դուրս գալու համար։

Մասնագետին հարցնում եմ նաև մեր ամենաէկզոտիկ հյուրի՝ վարդագույն երկարահասակ փետրավորի մասին։

«Ֆլամինգոն մեզ մոտ պատահական չվահյուր է, Հայաստանում չի բնադրում, Հայաստանի տարածքով անցնում է միայն միգրացիաների ժամանակ, այն էլ ոչ ռեգուլյար։ Այսինքն ինքն անցնում ու կանգ է առնում, բայց, ոչ ամեն տարի։ Վերջին անգամ մենք ֆլամինգոյին մոնիթորինգով նշել ենք Արմաշի ջրաճահճային միջավայրում՝ անցած տարի»։

Երևանաբնակ թռչունները երևանցիների հետ նկատում են քաղաքաշինության հետևանքները։ Ուրբանիզացիան կրճատում է կանաչ տարածքները, աղբամանների ոչ փակ լինելն էլ իր գործն է անում։ Կերային պաշարի առատությունը հանգեցնում է ագռավների ակտիվ բազմացման, ինչից տուժում են փոքր ճնճղուկանման երգող թռչունները։

-2007թ․-ից Երևանում կատարում ենք մոխրագույն ագռավների մոնիթորինգ և նկատում ենք՝ ինչպես է դրանց թվաքանակը աճում։  2007-ի նկատմամբ՝ 30 տոկոսով է ավելացել։

-Մայրաքաղաքաբնակ բոլոր սև խոշոր թռչուններն ագռավնե՞ր են, թե՞ այլ տեսակ էլ ունենք։

-Մենք ունենք 3 տեսակի ագռավազգի, որոնք բնադրում են Երևանում։ Դա մոխրագույն ագռավն է, որի մեջքը և փորը մոխրագույն են։ Սերմնաքաղն է, որն ամբողջությամբ սև է և ճայն է։ Պետք է նշել, որ ճայը, դա Սևանի այն թռչունը չէ, Սևանի թռչունը որորն է, իսկ սա ճայն է, որը կրկին սև է, բացի մոխրագույն ծոծրակից։

Կարեն Աղաբաբյանը շեշտում է, սակայն, որ Հայաստանում ավելանում է  թռչունների նկատմամբ հասարակության հոգատարությունը։ Մարդիկ փրկում են թռչնի ձագերի, երբեմն նաև վիրավոր խոշոր առանձնյակների, «շտապ օգնության» գործը համակարգված կատարելու համար ստեղծում սոցցանցային խմբեր։

Դրական տեղաշարժ կա նաև արագիլներին աղտոտումից փրկելու գործում։ 2 տարի առաջ շրջակա  միջավայրի նախարարության, տեսչական մարմնի հետ «BirdLinks Հայաստան»-ը պարզել է՝ հարավում Հովտաշեն, արևմուտքում Եղեգնուտ և հյուսիսիում Գեղանիստ գյուղերի ձևավորած եռանկյունում կան 300 արտադրամասեր, որոնց ձկան յուղ ու ձեթ պարունակող թափոններից էլ տուժում էին թռչունները։

Տեսչական մարմինն արտադրամասերին ստիպում է բնապահպանական հաշվետվություն վարել, արդյունքում 2022թ.-ին արագիլների աղտոտվածությունը կրճատվել է 50, 2023թ.-ին՝ 30%–ով։

Back to top button