ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մասնակցային բյուջետավորում ու ավելի ներառական մանկապարտեզներ՝ Վանաձորում

Վանաձորում մասնակցային բյուջետավորման նախագծերի քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել «Մեկ քայլ առաջ դեպի համընդհանուր նախադպրոցական ներառական կրթություն» ծրագիրը։ Ծրագրի շնորհիվ Վանաձոր խոշորացված համայնքի մի քանի մանկապարտեզներում կհիմնվեն նորարարական զգայական ներառման սենյակներ, ինչը կնպաստի հաշմանդամություն ունեցող երեխաների հույզերի կառավարմանը: Ակնկալվում է, որ հաշմանդամություն ունեցող շուրջ 100 երեխա զգայական ներառական թերապիաների շնորհիվ սահուն անցում կկատարի դեպի հանրակրթություն:

Գաղափարը՝ համայնքից, ֆինանսավորումը՝ համայնքապետարանից: Վանաձորի համայնքապետարանի հայտարարած մասնակցային բյուջետավորման նախագծերից քվեարկությամբ հաղթել է «Լուսաստղ» ԲՀԿ նախագահ Անի Գաբրիելյանի նախագիծը՝ ուղղված ներառական նախադպրոցական կրթությանը: Կազմակերպությունը վաղուց է զբաղվում հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությամբ: Ներկայում էլ ներառական ճամբար են կազմակերպել հաշմանդամություն ունեցող արցախցի երեխաների համար: Անին համայնքի մանկապարտեզներում կարիքներ է գնահատել: Մեր մանկապարտեզների շենքերը, ասում է, խորհրդային շրջանի կառույցներ են՝ քաղաքաշինական առումով ոչ մատչելի, մինչդեռ համընդհանուր ներառումը հենց մանկապարտեզից պիտի սկսվի:

Անի Գաբրիելյան․ «Շինությունների խնդիրները, կապված մատչելիության հետ, մեծ են: Ամենամեծ խնդիրն այն է, որ մանկապարտեզների սանհանգույցները, դռները պետք է հարմարեցվեն սայլակ օգտագործող հաշմանդամություն ունեցողներին: Մանկապարտեզներում պետք է մեծ սենյակ հատկացվի հատուկ կարիքներ ունեցող երեխաներին, որտեղ կաշխատեն նաև տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետները, համապատասխան գույք պետք է լինի, որ գնահատումն էլ ճիշտ արվի»: 

Ծրագրի շրջանականում Վանաձորի թիվ 2, 5, 30, 35 մանկապարտեզներում առաջիկայում կկահավորվեն սենյակներ, որոնց շնորհիվ հաշմանդամություն ունեցող երեխաների նախնական կրթությունը կկազմակերպվի ներառական միջավայրում: Մանկապարտեզը՝ որպես կրթական կառույց, պիտի մատչելի ու հարմարավետ լինի երեխաներին: Բոլորը հավասարապես պիտի ներառվեն նախադպրոցական կրթության գործընթացում, որ հետագայում ավելի սահուն անցում կատարեն դեպի դպրոց՝ասում է Անին:

«Նորարարական, զգայական ներառման սենյակներ կլինեն, որտեղ երեխաները տարբեր ծառայություններ կստանան: Ունենալով փորձը, որ դպրոցներն անցան համընդհանուր ներառման ու ունեցան բազմաթիվ խնդիրներ՝ կապված մատչելիության, հաղորդակցման, մասնագետների, աշակերտների հետ, մտածեցի, որ պետք է այնպես անել, որ նույն խնդիրը նախակրթական հաստատություններում չկրկնվի: Մանկապարտեզ հաճախող յուրաքանչյուր երեխա այդ սենյակում կկարողանա ներառվել հաշմանդամություն ունեցող երեխայի հետ և երեխաները կկարողանան սահուն անցում կատարել դեպի միջնակարգ կրթական հաստատություն»:

Անին ներառական կրթության բացերից է խոսում ու մատնանշում հանրակրթության ոլորտի դառը փորձը: Շատ ծնողներ, ասում է, հաշմանդամություն ունեցող իրենց երեխաներին դժվարությամբ ու դժկամությամբ են դպրոց տանում: Բազմաթիվ դեպքեր գիտեմ, ասում է, երբ երեխան դպրոց է գնացել միայն այն օրերին, երբ տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետը պետք է դպրոցում լինի՝ երեխայի հետ աշխատելու: Վստահ է՝ մանկապարտեզներում նման սենյակների առկայությունը կխթանի, որ ծնողները երեխային նախակրթարան, հետո էլ՝ դպրոց տանեն: Կկահավորվեն սենյակներ տարբեր տիպի հաշմանդամությամբ երեխաների համար: Համապատասխան դիդակտիկ նյութերով ու պարագաներով միջավայրը հաշմանդամություն ունեցող երեխաների ու նրանց հետ աշխատող  բազմամասնագիտական թիմի համար մեկ քայլ առաջ է՝ դեպի ներառական հասարակություն: Անիին ոգևորել է համայնքի բնակիչների ակտիվությունը մասնակցային բյուջետավորման գործընթացին: 500 բնակիչ իր քվեով հավանություն է տվել գաղափարի, հանուն որի տարիներ շարունակ ջանքեր են գործադրում իրենց թիմով: Մարդիկ, ասում է, կարևորել են ներառականությունը համայնքի երեխաների համար:

2023-ի նոյեմբերի 29-ին Վանաձորի ավագանին վավերացրել է մասնակցային բյուջետավորման գործընթացին կամավոր միանալու որոշումը: Այդ նպատակով համայնքի բյուջեից 10 մլն դրամ է հատկացվել: Համայնքապետարանի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանն ասում է՝ համայնքի կառավարմանը մասնակցելն՝  ընդհանրապես ու այս ծրագրին քվեարկելը՝ մասնավորապես,  կարևորում են: 9 ծրագրից քվեարկության փուլ են անցել 4-ը: Առաջարկված նախագծերը, որոնք տեղադրվել են համայնքապետարանի պաշտոնական կայքում, չպիտի գերազանցեին 10 մլն. դրամը:

Լիլյա Դավթյան․ «Իրազեկվել են քաղաքացիները, որ մասնակցային բյուջետավորման գործընթաց է սկսվել, որին Վանաձորը կամավոր սկզբունքով է միացել: Մենք փորձել ենք որոշակի ակտիվացնել մեր համայնքին, քվեարկության պրոցեսին ներգրավել, առաջարկներ ընդունել, որ մեր համայնքն էլ ինչ որ ձևով ներգրաված լինի: Բոլոր ծրագրերն էլ  իրոք շատ լավն էին, ես շնորհակալ եմ, որ նման ծրագրեր էին եկել մեր քաղաքից»:

Առաջիկայում այս ծրագրի համար համայնքապետարանը կպատվիրի նախագիծ- նախահաշիվ, կհայտարարվեն մրցույթներ: Ծրագիրը կիրականացնի Վանաձորի համայնքապետարանը: Բացի սենյակների կահավորումից՝ վերոնշյալ 4 մանկապարտեզներում կհարմարեցվեն սանհանգույցներ, մասնագետների համար կլինեն նաև փորձի փոխանակման ու կարողությունների զարգացման հանդիպումներ: Սմարթ կանգառների կահավորումից մինչև թափառող շների կացարանի ստեղծում ու էստակադաների գիշերային լուսավորություն՝ բոլոր ծրագրերն էլ լավն էին՝ ասում է Լիլյա Դավթյանը: Հետագայում կփորձեն դրանք կյանքի կոչել ֆինանսավորման այլ աղբյուրների՝ միջազգային ծրագրերի ու դոնոր կազմակերպությունների միջոցով:

Հիշեցնենք՝ մասնակցային բյուջետավորման գործընթացի ներդրումն ամրագրվել է կառավարության միջոցառումների 2021-26թթ. ծրագրում: 2024-ին սուբվենցիաների շրջանակներում նախատեսվել է 500 մլն դրամ, որը համայնքներին կտրամադրվի մասնակցային ընթացակարգերով: Այդ նպատակով փորձնականորեն ընտրվել են 4 համայնքներ՝ Ջերմուկը, Աբովյանը, Աշտարակն ու Արմավիրը:

Back to top button