ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Սուրմալու 2 կարող ենք ունենալ. գիտնականները պահանջում են «Քիմիականի» տարածքում բնակելի շենքեր չկառուցել

Մնջոյանի անվան օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտնականները շարունակում են բողոքել ինստիտուտի տարածքում բնակելի շենք կառուցելու դեմ։ Նրանք համոզված են, որ կենտրոնի մասնաշենքերն ու բազմաֆունկցիոնալ համալիրը անհամատեղելի են։

Նրանք բողոքում են, որ ինստիտուտին պատկանող ջրավազանը տարիներ առաջ ապօրինաբար օտարվել է, հիմա էլ ջրավազանի տարածքում բնակելի շենք է կառուցվում: Շինարարական աղմուկը խանգարում է ինստիտուտի աշխատանքին: Կառավարության շենքի մոտ այսօր սկսված բողոքի ակցիան տեղափոխվել է ԿԳՄՍ նախարարություն։ 

Մնջոյանի անվան Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտնականները չեն հանձնվում։ Արդեն մի քանի տարի է՝ պայքարում են ինստիտուտի տարածքում բնակելի շենք կառուցելու դեմ։ Ըստ գիտնականների՝ ինստիտուտին պատկանող ջրավազանը տարիներ առաջ ապօրինաբար է օտարվել , հիմա էլ այդ տարածքում բնակելի շենք է կառուցվում։ Շինարարական աղմուկը խանգարում է ինստիտուտի աշխատանքին, ասում է կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանը։

«Մենք չենք կարողանում այդ ցնցումներից, աղմուկից, փոշուց կատարել մեր գիտական գործունեությունը։ Զուգահեռ շինարարությունն ու գիտական աշխատանքները անհամատեղելի են։ Շուտով կբերեն կռունկ էլ կտեղադրեն և ամբողջությամբ կխաթարվի մեր աշխատանքը։ Թանկարժեք սարքեր կան, որոնք չեն կարող այս պայմաններում լիարժեք աշխատել»։

Սահակ Գասպարյանի փոխանցմամբ՝ ինստիտուտը ժամանակին դիմել էր կառավարությանը, որ այդ ջրավազանը վերանորոգվի, որովհետև կենտրոնը չէր կարող իր միջոցներով դա անել։ Սակայն կառավարությունն օտարեց այն։

Ինստիտուտին պատկանող ջրավազանն, իսկապես, ապօրինաբար է օտարվել, հավաստիացրեց կենտրոնի փաստաբան Տիգրան Նաղդալյանը։ Նրա խոսքով՝ դեռևս 2017 թվականին քրեական գործ է հարուցվել, սակայն քննիչի որոշմամբ վարույթը կարճվել է՝ հաշվի առնելով, որ վաղեմության ժամկետն անցել էր։

«Քաղաքապետարանի բազմաթիվ աշխատակիցներ ընդունել են իրենց կողմից կատարված հանցագործությունը, որ կեղծ եզրակացություններ, տեղեկանքներ են կազմել, ինչի շնորհիվ ջրավազանն ապօրինաբար օտարվել է։ Դրանից հետո Գլխավոր Դատախազությունը դիմել է Երևանի քաղաքապետարանին, քանի որ հողամասը համայնքի սեփականություն էր, պահանջով, որ հետ վերադարձնելու գործընթաց սկսվի։ Երևանի քաղաքապետի կողմից, սակայն անգործություն է դրսևորվել, և մինչ օրս էլ շարունակաբար դրսևորվում է»։

Երևանի քաղաքապետարանում հակադարձում են։ Բոլոր գործընկերների կողմից փորձաքննության դրական եզրակացություն ստանալուց հետո են միայն տրամադրել շինթույլտվությունը։ Կենտրոնի փաստաբանը պնդում է ՝ տարբեր մարմինների են դիմել, բայց անարձագանք։ Վարչապետի կողմից ևս հանձնարարական է տրվել՝ խնդրի քննարկման համար հանձնաժողով ձևավորել, սակայն դա ևս չի կատարվել, ասաց փաստաբանը։

«Արդյուքնում ունենք իրավիճակ, երբ Երևանի քաղաքապետի կողմից տրվել է ապօրինի շինարարության թույլտվություն։ Քաղաքաշինական նորմեր կան հաստատված, որոնցով քիմիական լաբորատորիաների պահեստներից առնվազն 200 մետր հեռավորություն պետք է պահվի։ Պատկերացնո՞ւմ եք՝ վտանգավոր շատ նյութեր կան և շատ հավանական է, որ ծանր տեխնիկայի ցնցումներից հերթական պայթյունը լինի, Սուրմալու 2 դառնա և հետո նոր հետին թվով սկսենք մեղավորներ փնտրել»։

Կառավարությունում բողոքի ցույցի մասնակիցներին չընդունեցին։ Վիրավորված գիտնականները շարժվեցին դեպի ԿԳՄՍ նախարարություն։ Ավելի ուշ կենտրոնի փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է իրենց և խոստացել ուսումնասիրել խնդիրը, զբաղվել դրանով։ Ավելի վաղ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները իրենց կենտրոնի մոտ՝ Ազատության պողոտայում էին ճանապարհ փակել: Կրկին պահանջում էին դադարեցնել կենտրոնի մոտ ընթացող շինարարությունը, քանի որ այդ պայմաններում չեն կարողանում աշխատել:

Կարդացեք նաև

Back to top button