ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Բևեռացումն ԱՄՆ–ի ընտրություններում ատելության է հասել

ԱՄՆ–ում այսօր ակտիվորեն աշխատում են ընտրությունների հանդեպ վստահությունը վերականգնելու և ամրապնդելու նպատակով։ Ապատեղեկատվությունը և բևեռացումն այս տարի ԱՄՆ–ի ժողովրդավարական ընտրությունների գլխավոր մարտահրավերներն են։ Ընդ որում՝ բևեռացումն այն կարգի է, որ հանրապետականը չի ուզում դեմոկրատ ամուսին, իսկ դեմոկրատը՝ հանրապետական։ Մեր թղթակիցն ԱՄՆ–ի մի շարք քաղաքներում հետևել է նախընտրական իրադարձություններին, ներկուսակցական ընտրություններին, առանձնացրել ամերիկյան ընտրությունների արդի մարտահրավերները։

ԱՄՆ–ն հերթական նախագահական ընտրությունների շեմին փորձում է դեռ ամբողջովին վերացնել նախորդ ընտրությունների արդյունքում էլ ավելի խորացած բևեռացումը։

Քաղաքական դաշտում, ընտրողների միջև բևառացումն ավելի է ամրատավորվել հատկապես 2021–ի հունվարի 6–ի իրադարձություններից հետո, երբ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները չընդունելով քվեարկության արդյունքները, կասկածի տակ առան դրանք՝ հարձակվելով ԱՄՆ–ի Կապիտոլիումի վրա։

Դեյվիդ Բարքեր, Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր

Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, ընտրական հարցերով փորձագետ Դեվիդ Բարքերը «Ռադիոլուրի» հետ զրույցում, վերլուծելով այդ իրադարձությունների ազդեցությունը ամերիկյան հասարակության վրա, ասում է, որ խորացող բևառուցումն ու սաստիկ ատելությունը միմյանց հանդեպ այսօր խիստ վտանգավոր են դարձել․

«Այսօր շատ ամերիկացիներ չեն հավատում ընտրությունների արդար ու ժողովրդավարական գործընթացին։ Բազմաթիվ հանրապետականներ անկեղծորեն հավատում են, որ 2020–ի ընտրությունների հաղթանակն իրենցից գողացել են։ Եւ եթե դու դրան հավատում ես, կշարունակես այդպես․․․ Դա կարող է հանգեցնել նրան, որ կրկին ականատես լինենք 2021–ի հունվարյան  իրադարձություններին»։

Հյուսիսային Կարոլինան ԱՄՆ–ի այսպես ասած տատանվող նահանգներից է, երբ գրեթե անկանխատեսելի է, թե որ կուսակցությանը մեծամասնությունը ձայն կտա։ Հյուսիսային Կարոլինայի պետհամալսարանի պրոֆեսոր Սթիվեն Գրինը, որ մասնագիտացված է ընտրական հարցերում հանրության կարծիքի վրա, ասում է՝ իր ուսանողների հետ մշտապես փորձում է հասկանալ նահանգում և ընդհանրապես ԱՄՆ–ում ինչպես վերացնել արմատավորված բևեռացումը, որն ատելության է հասել։       

Սթիվեն Գրին, Հյուսիսային Կարոլիանայի համալսարանի պրոֆեսոր

«Մենք գնալով կարծում ենք, թե ընդդիմադիր քաղաքական ուժը ոչ թե կուսակցություն է, այլ թշնամի։ Դա ժողովրդավարության համար տոքսիկ է և քայքայիչ։ Իսկ Թրամփը տեղավորվում է այդ համատեքստում, որովհետև յուրահատուկ բևեռացնող կերպար է տոքսիկ ամերիկյան քաղաքականությունում։ Եթե նա չլինի տեսադաշտում, երանելի օրերը, ցավոք, հետ չեն գա, սակայն վիճակը փոքր ինչ կլավանա»։

Ընտրությունների նորարարության և հետազոտությունների կենտրոնի հիմնադիր ղեկավար, CBS News–ի ընտրական իրավունքի հարցերով մեկնաբան Դեյվիդ Բեքերը նշում է, որ ամերիկյան այս բևեռացման պատճառն ապատեղեկատվությունն է, կեղծիքը, որ տարածվել է հիմնականում պարտված կողմից։ Ընդգծում է՝ ընդհանուր առմամբ, դրանք կործանարար ազդեցություն են ունենում ընտրողների վրա։

Դեյվիդ Բեքեր, CEIR–ի հիմնադիր, CBS News–ի՝ ընտրական իրավունքի հարցերով մեկնաբան

«Այդ կեղծիքները հանգեցրել են բռնությունների, երկրի պետական ծառայողների, ընտրական պաշտոնյաների վրա հարձակումների։ Դրանք ակնհայտորեն նպաստել են նաև Կապիտոլիումի շենքը գրոհելուն։ Եւ մենք այսօր մտահոգված ենք, թե ինչպիսին կլինեն 2024 թվականի ընտրություններից հետո շաբաթներն ու ամիսները՝ հաշվի առնելով, որ հիմա տասնյակ միլիոնավոր ամերիկացիներ հավատում են ընտրությունների մասին արդեն բացահայտված ստերին»։

ԱՄՆ–ի ժողովրդավարությունն ամրապնդող Common Cause հիմնադրամի ղեկավար Էն Վեբը նշում է, որ հիմնական ապատեղեկատվությունն այսօր մնում են լուրերը՝ թե Թրամփը հաղթել էր, սակայն, զանգվածային կեղծիքներ են եղել։

Էն Վեբ՝ Common Cause հիմնադրամի ղեկավար

«Դա իրականությանը չի համապատասխանում․ չկա որևէ ապացույց։ Այս ամենը մարտահարավեր է մեր նման կազմակերպությունների համար՝ աշխատելու, որպեսզի քաղաքացիները մասնակցեն ընտրություններին՝ վստահելով մեր ժողովրդավարությանը»։

ԱՄՆ–ի նախագահական ընտրություններում սակայն ապատեղեկատվությունը միայն ներքին չէ, արտաքին ապատեղեկատվության դեմ, որը, ինչպես նշեցին զրուցակիցներս, հիմնականում Ռուսաստանից է, պայքարում են համապետական մակարդակով։

Back to top button