ԿարևորՀասարակություն

Լոռու մարզում ավելացել են ապօրինի անտառահատումները

Լոռու մարզի ոստիկանության տվյալներով՝ 2023-ին ապօրինի անտառահատումների ծավալըգերազանցել է 10000 խորանարդ մետրը: Ցուցանիշը մտահոգել է նաև մարզի իշխանություններին: Լոռու մարզպետը հորդորել է ոլորտիպատասխանատուներին ավելի սերտ համագործակցել ոստիկանների հետ:

Ոլորտի աշխատողները կարծում են, որ էկոպարեկային ծառայության ներդրման շնորհիվ հնարավոր կլինի ավելի արդյունավետ դարձնել անտառի պահպանությունը: Ծառայությունը շուրջօրյա հսկողություն է իրականացնելու թե՛ անտառներում, թե՛ բնության հատուկ պահպանվող տարածքներում:

2023-ին Լոռու մարզում ապօրինի անտառահատումները գերազանցել են 10.000 խորանարդ մետրը: Վերջին մարզխորհրդի նիստին Լոռու ոստիկանապետի հնչեցրած թվերը մտահոգել են իրավապահներին ու մարզի ղեկավարությանը: Մեր բնությունը մեր մարզի այցեքարտն է՝ նշել էր մարզպետ Արամ Ղազարյանը՝ հորդորելով մեկտեղել ջանքերը անտառների պահպանության գործում։

«Պարոն Զաքարյանի հետ մշտական կապի մեջ եմ, գիտեմ իր հետևողականությունը, բայց այս թեմայի պատկերն ինձ համար անընդունելի է»:

Ամենախոցելին Գուգարքի ու Թումանյանի անտառներն են՝ «Ռադիոլուր»-ին ասում է Լոռու ոստիկանապետ Արթուր Զաքարյանը: 1000-ից ավելի ստուգայցեր ու 300-ից ավելի իրավախախտմանդեպքեր, որոնց շուրջ 40 տոկոսով քրեական  գործեր կան հարուցված: Ոստիկանապետը թվերի աճը  համագործակցության պակասով է պայմանավորում. որևէ մեկի ձեռքից անտառապահը բռնել, բերե՞լ է ոստիկանություն՝ հարցնում է․

Լոռու մարզի ոստիկանապետ Արթուր Զաքարյան․ «Պաշտոնատար անձինք, որոնք պետք է ուղիղ պատասխանատու լինեն էս հարցերով, չգիտես ինչի պատասխանատվություն չեն վերցնում իրենց վրա: Էսօր մեր ամենախոցելին Գուգարքի ու Թումանյանի հատվածներն են: Եվ՛ Տաշիրում, և՛ Ստեփանավանում, և՛ Սպիտակում խնդիրներ ունենք, բայց բնությունը պետք է մենք ինքներս պահպանենք, չի կարելի է գողացած ծառով հարստանալ»:

Անտառվերահսկման հարցում առկա թերացումները ոլորտի պատասխանատուները կառուցվածքային փոփոխություններով են պայմանավորում: Թումանյանի անտառտնտեսության տնօրենի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը թեև մարզխորհրդի նիստին դժվարացավ ապօրինի հատումների թվեր հրապարակել, ասաց՝ եթե նախկինում անտառապահներն անմիջապես իրենց էին ենթարկվում, այժմ ազատվել են աշխատանքից և համալրել էկոպարեկների շարքերը: Բարդ է պատասխանատվության կանչել աշխատողի, որն ի պաշտոնե այլևս քո ենթական չէ։

«Ամեն ինչ շատ բարդացել է այն պատճառով, որ նախկին աշխատողները ենթարկվում էին մեզ անձամբ, հիմա  մենք կոնկրետ պատասխանատվություն չունենք պահպանության գծով»:

Վանաձորի անտառտնտեսության տնօրեն Ռաշիդ Կոստանդյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մտահոգություններով կիսվեց: 42 բնակավայր, 32 000 հա ընդգրկող աշխարհագրորեն բարդ տեղանք են սպասարկում 55 անտառապահով: Դժվար է, ասում է, բարձրագույն կրթությամբ անտառապահին միջինը 100.000 վճարել ու ակնկալել, որ ավելի լավ պահպանեն անտառը: Ֆիզիկապես, ասում է, մեկ մարդն ի վիճակի չէ միայնակ 8 ժամ անտառ հսկել՝ առանց մեքենայի ու համապատասխան տեխնիկայի։

«Տարրական տեխնիկական ոչ մի միջոց չունենք, մեր ունեցածն ընդամենը 3 մեքենա է: Անհնար է, մարդը 1000 հա տարածքն էնպես տիրապետի, որ ցանկացած ապօրինություն կանխարգելի, մանավանդ եթե ոտքով է: Պահպանության 8 ժամն է խնդիր, որովհետև եթե անտառապահն ուզենա, կարող է ասել, որ անտառահատումը տեղի է ունեցել ոչ աշխատանքային ժամին»,- ասում է Ռաշիդ Կոստանդյանը։

2023-ին Վանաձորի անտառտնտեսության տարածքից ապօրինի հատվել է 1481 ծառ, կազմվել 65 արձանագրություն: Բոլոր դեպքերով գործեր են հարուցվել: Եթե վնասի չափը չի գերազանցում 100. 000 դրամը, ասում է Ռաշիդ Կոստանդյանը և ապօրինություն կատարողը հայտնի է, բավարարվում են տեսչական մարմնին տեղեկացնելով, վերջինն էլ՝ տուգանքով:  Չկա երաշխիք, որ ապօրինի ծառահատը չի կրկնի նույն հանցանքը:

«Արդյո՞ք շարունակվող ապօրինությունները հովանավորչության ու կոռուպցիոն գործարքների հետևանք չեն» հարցին՝ մարզի ոստիկանապետը չի շտապում միանշանակ պատասխանել: Իրավապահներն, ասում է, շահագրգիռ են ապօրինությունների բացահայտման հարցում․

«Բերեք գնահատական չտամ, որևէ վարկած ապացույց չեմ համարում, մինչև չապացուցվի: էս գործերի շրջանակներում մենք համագործակցում ենք նախաքննության մարմնի, վերահսկողությունն իրականացնող դատախազության, ԱԱԾ գործընկերների հետ մինչև վերջ գնում ենք կոռուպցիոն ռիսկերը, հովանավորչությունը պարզելու ուղղությամբ»:

Էկոպարեկային ծառայության մասին նոր օրենքով, որն ուժի մեջ է մտել 2024-ից, շուրջօրյա հսկողություն կիրականացվի անտառներում ու բնության հատուկ պահպանվող տարածքներում:

Ռաշիդ Կոստանդյան․ «Իրանք մեքենաներով, դրոններով,  ձայնային սարքերով են, որ դրուժբի ձայնը սիգնալ ուղարկի: Կամերաներ պիտի դրվի անտառմիջյան ճանապարհներին, պիտի զինված էլ լինեն իրենք: Մեքենաներ էլ որ ունենան, նորմալ վճարվեն, ապօրինությունների մեծ մասը կկանխվի»:

Գործառույթների տարանջատումը որոշակի հստակություն կմտցնի անտառտնտեսության աշխատանքներում: Ժամանակավոր էկոպարեկներ դարձած նախկին անտառապահները կհսկեն անտառը, անտառտնտեսություններն էլ՝ անտառվերականգնման աշխատանքներ կանեն: Առաջիկայում էկոպարեկները դասընթացներ կանցնեն: Դրանք հաջողությամբ ավարտածները կհամալրեն էկոպարեկային ծառայության շարքերը:

Back to top button