Երաժշտական եռանկյունի

Նոր «Ավետիս» լարային քառյակ. «Երաժշտական եռանկյունի»

Կամերային երաժշտության անծայրածիր դաշտում լարային քառյակը՝ որպես նվագախմբային տեսակ, ձևավորվել է լարային գործիքների զարգացման բնականոն ընթացքում: Երկու ջութակ, ալտ և թավջութակ դասական կազմը հղկվել է ոչ միայն ժամանակի ընթացքում, այլ նաև բազմաթիվ կոմպոզիտորների ստեղծագործություններով, որոնք գրվում  էին հատկապես այդ նվագարանների կազմի համար: Ի տարբերություն մեծ նվագախմբերի, լարային քառյակում առավել մեծ նշանակություն է տրվում յուրաքանչյուր երաժշտի կատարողական արվեստի որակին, ինչպես նաև՝ կատարողի անձնային հատկանիշներին:

Հաճախ ասում են, որ լարային քառյակի ժանրը միավորում է չորս սոլիստների: Այս նախապայմանից ելնելով մեր օրերում ձևավորվել է նոր լարային քառյակ, որը բազմաթիվ համերգային ծրագրեր ներկայացնելով, մի շարք համերգների շնորհիվ՝ եկել է այն համոզման, որ պետք է այսուհետև գործի «Ավետիս» անունով:

«Մեզ համար առավել կարևոր է որակյալ երաժշտության որակյալ մատուցումը: Բացի այն, որ ես որպես մենակատար բազմիցս համագործակցել եմ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, մնացած երաժիշտները այդ նվագախմբում աշխատում են մշտապես և մեր համագործակցությունը ինչ-որ առումով ինքնաբերաբար մեզ բերեց այն համոզման, որ մենք ունենք որոշակի առաքելություն», — ասում է ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը, ում հետ մենք առիթներ ենք ունեցել զրուցելու «Երաժշտական եռանկյունու» տաղավարում՝ անդրադառնալով նրա մենակատարի միջազգային կարիերային:

Ջութակահարուհի Կարմեն Թոսունյանը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր է և փայլուն է տիրապետում անսամբլային նվագախմբային արվեստի նրբություններին: «Լարային քառյակն իր հմայքն ու առանձնահատկություններն ունի: Համամիտ եմ, որ յուրաքանչյուր երաժիշտ պետք է դրսևորվի և՛ որպես մենակատար, և՛ որպես անսամբլի մասնակից: Իսկ այդ հմտությունը ձեռք է բերվում ժամանակի ընթացքում առաջացած փորձով», — ասում է Կարմեն Թոսունյանը:

Ալտահար Հայկ Տեր-Հովհաննիսյանը բացի նրանից, որ նվագում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբում, ամենատարբեր կամերային համերգային նախագծերի մասնակից է՝ որպես մենակատար, և որպես անսամբլային երաժիշտ: Նրա խոսքով մեծ երանություն է աշխատել նման քառյակի կազմում, ուր յուրաքանչյուր երաժիշտ և՛ նրա կյանքի նվիրումի բերումով, և՛ պրոֆեսիոնալ ամենաբարձր չափանիշներով ծառայում է երաժշտությանը:

Միքայել Նավասարդյանը քառյակի թավջութակահարն է, Հայաստանի առավել խոստումնալից երիտասարդ երաժիշտներից: 

«Ավետիս» քառյակի անդրանիկ ելույթը տեղի ունեցավ «Արդեան» ցուցասրահում փետրվարի 9-ին, իսկ ամբողջական մենահամերգով քառյակը հանդես եկավ մարտի 12-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Back to top button