ԿարևորՀասարակություն

Օրը՝ կարճ․ 28․02․24

Հռոմեական եկեղեցու օրացույցում ներառված` Տիեզերական եկեղեցու Վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվա առթիվ 2024 թվականի փետրվարի 27-ին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից ծաղկեպսակ է զետեղվել Վատիկանի այգիներում վեր խոյացած Նարեկացու արձանին:

Բեռլինում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի միջև: ՀՀ ԱԳՆ X-ի էջից տեղեկանում ենք, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

Հեռակա բանավեճ է ծավալվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի միջև։ Վերջինն իր հարցազրույցներից մեկում խոսելով 2018-ին իր առաջադրման մասին  ասել էր, թե այդ քայլին դիմել է՝ «իմանալով վերահաս աղետի մասին և փորձելով կանխել այն»։ Նիկոլ Փաշինյանը սա կարևոր հայտարարություն է համարում։

Մոտ 8 ամսյա դադարից հետո, այսօր հետկեսօրին Բեռլինում վերսկսվել են հայ-ադրբեջանական բանակցությունները։ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունները քննարկելու են խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր։ Արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունենում Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ՝ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի Մյունխենում փետրվարի 17-ին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։ Հայկական պատվիրակության կազմում է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ Հայաստանի արտգործնախարարը Բեռլին է գնացել Ժնևից, որտեղ Ադրբեջանի տարածքային պահանջների մասին խոսել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստում։ Ադրբեջանի գլխավոր դիվանագետը նախօրեին է մեկնել Գերմանիա։

Շտապ օգնության կանչի թերթիկները մարտի մեկից փոխարինվելու են էլեկտրոնայինով։ Բջջային հավելվածով սպասարկող անձնակազմերը ունենալու են պլանշետային համակարգիչներ, որոնցում կգրանցվեն կանչի հետ կապված բոլոր տվյալները: Հավելվածը հնարավորություն կտա նաև վճարովի ծառայությունների դեպքում գումարը տեղում փոխանցել։ Այդ գործողությունն այլևս չի իրականացվի վճարային տերմինալներով: Էլեկտրոնային առողջապահության ճանապարհին մարտից նաև դեղատոմսերն են դառնում էլեկտրոնային։ Դեղերի էլեկտրոնային տարբերակով դուրս գրման պարտադիր պահանջը առաջին հերթին կտարածվի հակաբիոտիկների, հակասնկային, հակամիկրոբակտերային, հակավիրուսային դեղերի և իմունային շիճուկների և պատվաստանյութերի վրա:

  • Ի՞նչ անեմ, փող տամ իմ տունը առնե՞մ․ կոնդեցիները կողմ են կառուցապատմանը, բայց դեմ են սեփականության համար վճարելուն

Քաղաքային իշխանությունը հայտարարել է, որ մտադիր է վերակառուցել երևանյան ամենակոլորիտային անկյուններից մեկը։ Մինչ այդ քաղաքացիները պայքարում են, որ նորից չափագրվեն իրենց տները ու սեփականությունն ամբողջությամբ ամրագրվի, միայն դրանից հետո կքննարկեն իրենց ունեցվածքն օտարելու պայմանները։ Պնդում են՝ չեն վճարելու մի սեփականության համար, որն ավելի քան 1 դար իրենցն է։

Վերջնական փաստաթուղթը դեռ հրապարակված չէ, բայց որոշ մանրամասներ արդեն հայտնի են, թե կառավարությունը բնակապահովման ինչ ծրագրեր է առաջարկելու Արցախից բռնի տեղահանվածներին։ Աջակցությունը նախատեսվում է տրամադրել ավելի քան 25 հազար ընտանիքների, որոնցից յուրաքանչյուրի մասով միջին աջակցության չափը կարող է կազմել 15 , երբեմն՝ 18 մլն դրամ։ Այս ծրագիրը թույլ կտա բոլորին բնակարանով ապահովել 5 տարվա ընթացքում: Ընտանիքի մեկ անդամի մասով այս պահին քննարկվում է 3 մլն դրամի հատկացման հարցը։ Գումարի մի մասը վերադարձման ենթակա է տասը տարվա ընթացքում։

Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդը սկսվել է 23.02.2024 թվականին ժամը 12։00-ին և ավարտվել 28.02.2024 թվականին ժամը 12։52-ին, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Աճուրդին մասնակցել է 10 անձ, իսկ ներկայացված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշներից վաճառվել է 7-ը։

Լոտի օգտագործման իրավունքի ձեռք բերման արժեքը նշված 7 համարանիշերով կազմել է 156.200.000 դրամ։

Ֆրանսիական Philaposte-ը չորս նամականիշներից բաղկացած ժողովածու է հրատարակել՝ նվիրված Դիմադրության հերոս Միսակ Մանուչյանին և լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրին։

Նամականիշերը երեքշաբթի օրը հանձնվել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության մայրցամաքային Եվրոպայի տնօրեն Բրիս Ռոքֆեի, Շառլ Ազնավուրի որդու՝ Միշա Ազնավուրի և Միսաք Մանուշյանի զարմուհի Քաթիա Գիրակոսյանի ներկայությամբ։

Մահացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար Նիկոլայ Ռիժկովը, այս մասին փետրվարի 28-ին Telegram-ում հայտնել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

Նա 94 տարեկան էր:

«Մահացել է զարմանալի և պայծառ մարդ՝ Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովը»,- գրել է նա։

Back to top button