ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հայ-ադրբեջանական բանակցություններ Բեռլինում. արդյունքները ցույց կտան՝ որքան հուսալի գործընկեր է Ադրբեջանը

Մոտ 8 ամսյա դադարից հետո, այսօր հետկեսօրին Բեռլինում վերսկսվել են հայ-ադրբեջանական բանակցությունները։ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունները քննարկելու են խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր։ Արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունենում Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ՝ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի Մյունխենում փետրվարի 17-ին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։ Հայկական պատվիրակության կազմում է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ Հայաստանի արտգործնախարարը Բեռլին է գնացել Ժնևից, որտեղ Ադրբեջանի տարածքային պահանջների մասին խոսել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստում։ Ադրբեջանի գլխավոր դիվանագետը նախօրեին է մեկնել Գերմանիա։

Միրզոյան-Բայրամով հանդիպումից առաջ Վաշինգտոնն է կրկին կոչ արել կողմերին՝ ձգտել հասնել երկարաժամկետ համաձայնության։ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բեռլինյան հանդիպումից, ասել է․ «Հայտարարություններ չունեմ անելու, բայց մենք շարունակում ենք խրախուսել կողմերին՝ ձգտել հասնել տևական ու կայուն համաձայնության»։

Առաջարկների 7-րդ ռաունդից հետո բեռլինյան երկօրյա բանակցությունները ցույց կտան՝ առաջընթաց կլինի՞, թե՞ ոչ։ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ զրույցում այսօր ենթադրել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքների ընթացքում եղել են որոշակի հոդվածներ, որոնք ընթացքում համաձայնեցվել են, բայց հետագա խմբագրումներում Ադրբեջանը հետ է կանգնել համաձայնություններից։ Բանակցություններում առաջընթաց չգրանցելն անընդհատ մտավախություն է առաջ բերում, որ հնարավոր է լարվածության աճ՝ նշել է Խանդանյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր չէ, հետ է կանգնում պայմանագրի համաձայնեցված կետերից։

«Մեր բանակցությունների ամբողջ իմաստն էլ այն է, որ լարվածությունը նվազեցվի ու բանակցային համագործակցության որոշակի շրջանակ ձևավորվի, որից հետո հնարավոր կլինի տարածաշրջանում կայունություն հաստատել»։

Խանդանյանը նշել է նաև, որ խնդիրը ոչ թե Ադրբեջանին արեւմտյան հարթակ, այլ նրան կառուցողական դաշտ բերելն է։

«Եթե մեր գործընկերների մոտ ստացվի Ադրբեջանին դուրս բերել կառուցողական դաշտ եւ ի վերջո հանգել այն պահին, որ հնարավոր կլինի ստորագրել խաղաղության պայմանագիրը, ապա դա լավ նշան կարող է լինել»։

Բեռլինյան բանակցություններին ընդառաջ՝ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ եթե Հայաստանն ուզում է խաղաղության պայմանագիր կնքվի, ապա պետք է կատարի Բաքվի պահանջները։

«Բնականաբար, այդ հայտարարություններն անընդունելի են, անընդունելի են նաեւ Հայաստանի ներքին հարցերին խառնվելու Ադրբեջանի փորձերը, նաեւ լրացուցիչ պահանջներ առաջ քաշելու փորձերը, որովհետեւ նաև մեր միջազգային գործընկերների համար հստակ է մի բան, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար սկզբունքների շրջանակը համաձայնեցված է, եւ դրա նց շրջանակներում պետք է հարաբերությունները կարգավորվեն եւ համաձայնությունները ձեռք բերվեն։ Եվ իսկապես այդ հռետորաբանությունը կառուցողականության մասին չի խոսում»։

Նկատենք, որ Բաքուն 8 ամիս շարունակ հրաժարվում էր արևմտյան հարթակներում Երևանի հետ բանակցելուց։  Բանակցությունների «ընդհատման» փուլում էլ Ադրբեջանը պահանջներ է ներկայացրել Հայաստանին։ Արդյոք այդ պահանջները տեղ գտե՞լ են խաղաղության պայմանագրի նախագծում։

«Խաղաղության պայմանագրի մեր խմբագրումներում ամբողջ բովանդակությունը կառուցված է այն երեք սկզբունքների հիման վրա, որոնք համաձայնեցվել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Ադրբեջանը փորձում է հետքայլ անել այդ սկզբունքներից, եւ, որոշակի դետալներ փոխելով, խախտել այդ սկզբունքների տրամաբանությունը, բայց այնուամենայնիվ մեր պնդումն այն է, որ այդ 3 սկզբունքների հիման վրա պետք է ստորագրվի եւ տեքստն այդ շրջանակներում պետք է կազմվի»։  

Սուվերենությունը, ինքնիշխանությունն ու փոխադարձությունը պետք է արձանագրված լինեն այդ համաձայնագրում՝ եզրափակել է Խանդանյանը։

Հիշեցնենք, որ Միրզոյան-Բայրամով հանդիպման պայմանավորվածությունը նույնպես Գերմանիայում էր ձեռք բերվել՝ Մյունխենում փետրվարի 17-ին Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքում։ Այդ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ արտգործնախարարների հանդիպումը վերաբերելու է խաղաղության պայմանագրի տեքստի հետագա քննարկմանը և համաձայնեցմանը՝ հույս հայտնելով, որ բեռլինյան հանդիպման արդյունքում առաջընթաց կարձանագրվի։

Back to top button