ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Սերժ Սարգսյան–Նիկոլ Փաշինյան հեռակա բանավեճ․ ո՞վ է պատասխանատու «վերահաս աղետի» համար

Հեռակա բանավեճ է ծավալվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի միջև։ Վերջինն իր հարցազրույցներից մեկում խոսելով 2018-ին իր առաջադրման մասին  ասել էր, թե այդ քայլին դիմել է՝ «իմանալով վերահաս աղետի մասին և փորձելով կանխել այն»։ Նիկոլ Փաշինյանը սա կարևոր հայտարարություն է համարում։

«Սա մի հայտարարություն է, որը ոչ միայն վերահաստատում է 2018 թվականի դրությամբ ԼՂ բանկացային գործընթացի վերաբերյալ մեր գնահատականները, այլև նոր նյուանս է ավելացնում և վերահաստատում և ավելի է ուժեղացնում այդ գնահատականը։ Եթե վարչապետի թեկնածու առաջադրվելու պահին Սերժ Սարգսյանը գիտեր մոտեցող արհավիրքի մասին, առնվազն դա զրոյացնում է այս ընթացքում նրանց հայտարարությունները, թե իրենք դիվանագիտական հաղթանակների իրավիճակում են եղել 2018, 2017 թվականներին, որովհետև դիվանագիտական հաղթանակների վիճակում գտնվելը չի նշանակում երկիրը հասցրած լինել վերահաս արհավիրքի իրավիճակին։ Այդ արհավիրքը, որ 2018–ի հունվարի դրությամբ արդեն վերահաս էր, այդ ո՞ւմ գործողությունների և ո՞ւմ վարած բանակցությունների արդյունքում էր եկել այդ արհավիրքը կանգնել Հայաստանի դռան դեմը»։

Այժմ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը տարբեր հարթակներում է ընթանում, տարբեր փուլերով։ Արտգործնախարարների հանդիպումից բացի այս տարվա հունվարի 31–ին կայացել էր փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների հանդիպումն Իջևանի և Ղազախի հատվածում։ Սա հանձնաժողովների 6–րդ հանդիպումն էր, որի ավարտից հետո էլ հանրությանը տեղեկություններ չհաղորդվեցին։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն ու սահմանագծումը սկսվելու է ամենայն հավանականությամբ օրենքի նախագծից, որը կդրվի ներպետական շրջանառության մեջ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Աժ–ում պարզաբանեց, որ առաջին փուլում ադրբեջանական կողմի հետ քննարկել և հաստատել են աշխատակարգը։ Այս փուլում արդեն քննարկում են համատեղ գործունեության կանոնակարգը, որը պարունակելու է մեթոդաբանություն։ Հենց այդ փաստաթուղն է, կոնսենսուսի դեպքում,  լինելու օրենքի բովանդակությունը։

«Կարծում եմ, եթե մենք մեր սկզբունքային դիրքորոշումների շրջանակում մնանք և մեր աշխատանքները և փաստաթղթի նախագծման տրամաբանությունը բխի Ալմաթիի հռչակագրից, մենք կարող ենք 2–3 ամսվա ընթացքում ունենալ կանոնակարգի նախագիծ, որը կպարունակի մեթոդաբանությունը աշխատանքի։ Մեթոդաբանությունը հաստատելուց հետո, ինչ խոսք, շատ ժամանակ կպահանջի նուն գործընթացը, թե դելիմիտացիայի, թե դեմարկացիայի, բայց այնուամենայնիվ, բոլորիս հասկանալի կլինի, թե ինչով ենք զբաղված»։

Հանձնաժողովների հաջորդ հանդիպման օրն ու վայրը դեռ հայտնի չեն։

Մհեր Գրիգորյանը զուգահեռաբար զբաղվում է մեկ այլ ուղղությամբ աշխատանքները կազմակերպելով։ Խոսքը Հայաստան–ԵՄ հավակնոտ օրակարգի և այդ օրակարգում վիզաների ազատականացման գործընթացի մասին է, որը չի կարող սկսվել առանց Հայաստանում բիոմետրիկ անձնագրերի համակարգի ներդրման։ Այս հարցում նույնպես ժամկետներ դեռ չկան։ Մհեր Գրիգորյանի պնդմամբ՝ օբյեկտիվ պատճառներով։

«Բավականին երկար ժամանակ մշակում էինք տեխառաջադրանքը, թե ինչ ենք մենք ուզում մեր պոտենցիալ կապալառուից։ Պրոցես է, որտեղ սխալվելու իրավունք չունենք։ Մեկ անգամ այդ սխալը տեղի ունեցել է, մենք ժամանակին կարծես թե ունեցել ենք բիոմետրիկ անձնագրեր, բայց տեխնիկական պարամետրերով ոչ մի բանի մասին էր խոսքը։ Հիմա մենք, ըստ էության, նախահայտարարել ենք միջազգային մրցույթ, ունենք շատ բարձր մակարդակի ինստիտուցիոնալ մասնակցիներ, որոնք աշխարհում առաջատարն են։ Մոտ ժամանակներում վերջնական մրցույթը կհայտարարվի, և վստահ եմ, որ կունենանք այնպիսի մասնակիցներ և այնպիսի հաղթող, որը ինստիտուցիոնալ և պրոֆեսիոնալ իմաստով ի վիճակի կլինի այդ հարցը մեզ համար լուծել»։

Ժամկետների առումով Մհեր Գրիգորյանը խոստանում է, որ խնդիրը կփորձեն լուծել մաքսիմալ կարճ ժամանակում։

Back to top button