ԿարևորՀասարակություն

Մի մասը անհատույց, մյուսը՝ վերադարձման ենթակա․ արցախցիների բնակապահովման ծրագրի մանրամասներն ուրվագծվում են

Վերջնական փաստաթուղթը դեռ հրապարակված չէ, բայց որոշ մանրամասներ արդեն հայտնի են, թե կառավարությունը բնակապահովման ինչ ծրագրեր է առաջարկելու Արցախից բռնի տեղահանվածներին։ Աջակցությունը նախատեսվում է տրամադրել ավելի քան 25 հազար ընտանիքների, որոնցից յուրաքանչյուրի մասով միջին աջակցության չափը կարող է կազմել 15 , երբեմն՝ 18 մլն դրամ։ Այս ծրագիրը թույլ կտա բոլորին բնակարանով ապահովել 5 տարվա ընթացքում: Ընտանիքի մեկ անդամի մասով այս պահին քննարկվում է 3 մլն դրամի հատկացման հարցը։ Գումարի մի մասը վերադարձման ենթակա է տասը տարվա ընթացքում։

Հակոբ Ավանեսյանի՝ երեք հոգուց բաղկացած ընտանիքը բռնի տեղահանվել է Ստեփանարկերտից։ Այժմ Ասատրյանները Երևանում վարձով են բնակվում։ Սպասում են հասկանալու համար, թե Հայաստանի կառավարությունն իրենց բնակապահովման ինչ ծրագիր է առաջարկելու․

«Մինչև հստակ որոշում չինի, կառավարությունը, խորհրդարանը չհաստատի, կամ չգիտեմ, թե ինչ գործընթացներ են լինելու, վերջնական տեսքի բերվի, որոշում նոր կկայացնեմ։ Մինչ այժմ տարբեր խոսակցություններ էին գնում ՝ հինգ միլիոն, վեց միլիոն դրամ, անտոկոս վարկեր»։

Նախօրեին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշ փակագծեր բացեց՝ կառավարության աջակցությունը տրամադրվելու է 3 հիմնական եղանակով՝ աջակցություն տեղահանված անձանց՝ բնակելի տուն կառուցելու հարցում, աջակցություն տուն կամ բնակարան ձեռք բերելու հարցում, սոցիալական բնակարաններ այն անձանց, որոնք օբյեկտիվ պատճառներով տուն գնելու կամ կառուցելու հնարավորություն չեն ունենա։ Կարևոր նախապայման է, որ բնակարանային ապահովման աջակցությունից օգտվեն այն անձինք, որոնք կդառնան ՀՀ քաղաքացի։

«10 տարին ավարտվելուց հետո, եթե ընտանիքում եղել է պայմանական երկու չափահաս և երեք անչափահաս, ապա 15 մլն դրամից 9 մլն դրամը, որը երեխաներին տրված գումարն է, վերադարձման ենթակա չէ, 6 մլն–ը՝ վերադարձման ենթակա է։ Տվյալ տանը կամ բնակարանում ապրելու և որոշակի ֆինանսական պարտավորություններ կատարելու դեպքում, այդ գույքը կանցնի վերջիններիս սեփականությանը»։

Աջակցության չափը մեկ անձի հաշվով նախատեսվում է շուրջ 3 մլն դրամ։ Ընդ որում անչափահասների ու 75 տարին լրացած անձանց դեպքում գումարի վերադարձ չի նախատեսվում, մյուսների դեպքում՝ գումարը պետք է վերադարձվի։ Եթե չվերադարձնեն, կշարունակեն բնակվել բնակարանում՝ առանց սեփականության իրավունքի։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել փուլային տարբերակով։

«Առաջին փուլում աջակցություն կստանան 3 և ավելի անչափահաս երեխաներով ընտանիքները, որոնց թիվը մոտավորապես 4100 է։ Հաջորդ փուլերում աջակցություն կստանան երկու և մեկ անչափահաս երեխաներով ընտանիքները, այնուհետև այլ խմբերի ներկայացուցիչները»։

Կառավարությունը կօգնի նաև նրանց, ովքեր սպասում են իրենց հերթին՝ այդ ժամանակահատվածում իրենց կեցության կամ վարձակալության մի մասը շարունակելով հատուցել: Խաչատրյանը հիշեցնում է՝ կառավարությունը սահմանամերձ համայնքներում ծրագիր է իրականացնում, այն կլավարակեն ու կառաջարկեն արցախցիներին։

«Կլինեն առավելապես գյուղական բնակավայրեր, որոշակի բացառություններ, կլինեն նաև քաղաքային բնակայավայրեր։ Այդ բնակավայրերում, լինի տան կառուցումը, կամ ձեռքբերումը, ապա առաջանահերթության տեսանկյունից կունենան առավելություն, նաև ֆինանսական աջակցության չափը փոքր ինչ ավելի կլինի»։

Արցախից բռնի տեղահանված Հակոբ Ավանեսյանի երեք հոգանոց ընտանիքը 9 մլն դրամ կստանա։ Երեխայի՝ 3 մլն դրամը անվերադարձ, իսկ 6 մլնը պետք է վերադարձնեն։

«Չեմ մտածում, որ գումարը բավարար է, որ Երևանում կամ մոտակա վայրում բնակարան գնենք։ Եթե աչքի տակով անցկացնենք բնակարանի գները, կտեսնենք, որ շատ թանկ են։ Գյուղական բնակավայրերում էլ , եթե տուն գտնենք, ու զրոյից չկառուցենք, ապա շատ ոչ բարվոք վիճակում կլինի»։

Աջակցություն նախատեսվում է տրամադրել ավելի քան 25 հազար ընտանիքների, որոնցից յուրաքանչյուրի մասով միջին աջակցության չափը կարող է կազմել 15, երբեմն 18 մլն դրամ։ Կառավարությունում համոզված են, որ ծրագիրը թույլ կտա բոլոր տեղահանվածներին բնակարանով ապահովել 5 տարվա ընթացքում:

Back to top button