ԿարևորՀասարակություն

Շտապ օգնությունն ու դեղատոմսերը՝ էլեկտրոնային տարբերակով, հակաբիոտիկները՝ անձնագրով

Շտապ օգնության կանչի թերթիկները մարտի մեկից փոխարինվելու են էլեկտրոնայինով։ Բջջային հավելվածով սպասարկող անձնակազմերը ունենալու են պլանշետային համակարգիչներ, որոնցում կգրանցվեն կանչի հետ կապված բոլոր տվյալները: Հավելվածը հնարավորություն կտա նաև վճարովի ծառայությունների դեպքում գումարը տեղում փոխանցել։ Այդ գործողությունն այլևս չի իրականացվի վճարային տերմինալներով: Էլեկտրոնային առողջապահության ճանապարհին մարտից նաև դեղատոմսերն են դառնում էլեկտրոնային։ Դեղերի էլեկտրոնային տարբերակով դուրս գրման պարտադիր պահանջը առաջին հերթին կտարածվի հակաբիոտիկների, հակասնկային, հակամիկրոբակտերային, հակավիրուսային դեղերի և իմունային շիճուկների և պատվաստանյութերի վրա:

Դեղերի՝ էլեկտրոնային տարբերակով դուրս գրման պարտադիր պահանջը կգործի մարիտի մեկից: Առաջինը լինելու են հակաբիոտիկները, հակասնկայինները, հակավիրուսային դեղերի իմունային շիճուկները, իսկ արդեն հաջորդ տարվանից առանց էլեկտրոնային դուրս գրման դեղատոմսով որևէ դեղ չի վաճառվի, հավաստիացրեց առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։

«Այս պահին աշխատում ենք և էլեկտրոնային, և թղթային տարբերակով, սակայն կառավարության համապատասխան որոշումից հետո արդեն կբացառվի թղթային դեղատոմսի դուրսգրումը, կգործի միայն էլեկտրոնայինը»։

Այս պիլոտի շրջանակներում միայն կենտրոնացված գնումներով արդեն 1,7 մլն-ից ավելի դեղատոմս է դուրս գրվել, հայտնեց փոխնախարարը։ Իսկ անվճար ու արտոնյալ պայմաններով՝ մոտ 600 հազար դեղատոմս: Այս դեղատոմսերը դուրս են գրվել առաջնային օղակի բժիշկների կողմից: Համակարգում ներգրավված են բոլոր պոլիկլինիկաները,  քաղաքային, մարզային ու գյուղական ամբուլատորիաները: Դեղատոմսերի՝ էլեկտրոնային դառնալու արդյունքում քաղաքացիները զերծ կմնան ինքնաբուժումից, նշանակված դեղամիջոցն այլ դեղով փոխարինելու ինքնուրույն որոշումից, դեղերի անհարկի կիրառումից։ Համակարգը ոչ միայն վերահսկողություն, այլև հաշվետվողականություն կապահովի, նկատեց էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանը։  

«Բժիշկը դուրս է գրելու դեղը էլեկտրոնային եղանակով, նշելու է դեղի ազդող նյութը, քանակը, ժամկետը, օրական քանի անգամ, ինչպես պետք է ստանա դեղերը, քանի հաբից պետք է ստանա, որից հետո պացիենտը գնում է դեղատուն: Դեղատանը պացիենտի անունով որոնում են և տեսնում են դեղատոմսը: Այսինքն դեղատներին հասանելի չէ դեղատոմսը, քանի դեռ պացիենտը չի դիմել իրենց: Դեղատոմսը մարվում է, երբ բոլոր քանակները տրամադրվում են: Սա նշանակում է, որ պացիենտը պարտավորված չէ մեկ դեղատնից միանվագ վերցնել բոլոր դեղերը, այլ կարող է դեղերը վերցնել մաս-մաս, և դեղատոմսը կմարվի, երբ վերջին դեղահաբը կվերցնի պացիենտը, կամ դեղատոմսի ժամկետը կլրանա»։

Էլեկտրոնային դեղատոմսը գործելու է Արմեդ համակարգով, հետևաբար, բոլոր դեղատները պետք է ընդգրկվեն այս հարթակում։ Եթե բուժառուն անձը հաստատող փաստաթղթով չներկայանա, դեղատունը ոչ միայն իրավունք չունի համապատասխան դեղերը վաճառել քաղաքացուն, այլև նույնիսկ հասանելիություն չի ստանա դեղատոմսին։ Իհարկե, բուժառուի փոխարեն կարող է լինել կոնտակտային անձը, բայց նա էլ պետք է անձը հաստատող փաստաթղթով ներկայանա, որպեսզի դեղատունը վստահ լինի, որ դեղը տալիս է ճիշտ մարդու։

Ի դեպ՝ մարտի մեկից միայն դեղատոմսերը չէ, որ էլեկտրոնային են լինելու։ Շտապ օգնության կանչի թերթիկները նույնպես փոխարինվելու են էլեկտրոնայինով։ Երևանում անձնակազմերն այսուհետ հիվանդին օգնության կշտապեն պլանշետներով, որոնցում նախապես լրացված կլինեն կանչի հետ կապված բոլոր տվյալները, հայտնեց «Շտապբուժօգնության» տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։

«Քաղաքացին սովորականի պես զանգահարում է 1-03։ Նախկինում զանգը փոխանցվում էր ենթակայանի դիսպետչերին, նա էլ զանգի միջոցով կանչը փոխանցում էր բրիգադին։ Տպում էր կանչի թերթիկ, տրամադրում անձնակազմին։ Այդ թերթիկն այսուհետ կվերանա։ Կանչը բժիշկն անմիջապես ստանալու է բջջային հավելվածին։ Նույնիսկ ըստ ձայնային տարբեր ազդանշանի, կիմանա հրատապ է կանչը, թե ոչ։ Նույնիսկ, եթե անձնակազմը ինչ–որ մեկի տանն է, դեռ բուժսպասարկում է իրականացնում, հավելվածի միջոցով իմանալու է ՝ հաջորդիվ ինչ կանչ ունի և ինչ հրատապության»։

Շտապ օգնության ծառայությունում բոլոր կանչերը չէ, որ անվճար են։ Այնպիսի ծառայությունները, ինչպիսիք են պացիենտի ցանկությամբ բժշկական կենտրոն տեղափոխելը, կամ դիակի տեղափոխությունը, արժեն 10 հազար դրամ։ Այս հավելվածը հնարավորություն է տալիս նաև վճարովի ծառայությունների դեպքում տեղում փոխանցել գումարը։ Այս բոլոր դեպքերում, ի դեպ, քաղաքացիների համար, բացի ծառայության որակից, տեխնիկապես ոչինչ չի փոխվելու։ Նրանք նախկինի պես զանգելու են 1-03։ Զանգի գրանցմանը զուգահեռ նույնականացվելու են նրանց տվյալներն ու փոխանցվեն անձնակազմին։ Ըստ ծառայության տնօրենի՝ մայրաքաղաքի 4 տասնյակից ավելի բրիգադները արդեն պատրաստ են նորամուծությանը։ Իսկ քաղաքացիները շուտով նաև որակական տարբերությունը կզգան։

Կարդացեք նաև
Close
Back to top button