
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Ազգային ժողովի այսօր սկսված հերթական քառօրյայի օրակարգում ընդգրկված է Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը: Ծրագիրն, ինչպես Սահմանադրությունն է պահանջում, Ազգային ժողով է ներկայացվում կառավարության ձևավորումից հետո քսանօրյա ժամկետում, այս դեպքում՝ մինչև մայիսի 23-ը: Նոր կառավարության ծրագիրն արդեն խորհրդարանում է, բայց նիստերի դահլիճում այսօր չի քննարկվել: Փաստաթղթի քննարկմանը պատգամավորները ձեռնամուխ կլինեն վաղը, իսկ այսօր խորհրդարանական օրվա հիմնական թեման եղել են ֆինասնական խնդիրները: Ազգային ժողովը քննարկել է ԿԲ նախագահի նշանակման հարցը: Հանրապետության նախագահն այս պաշտոնում առաջիկա 6 տարիների համար կրկին առաջադրել է Արթուր Ջավադյանի թեկնածությունը:
Մինչ այսօրվա օրակարգին անցնելը՝ խորհրդարանը թեժ քննարկմամբ ամփոփեց նախորդ նիստի ընթացքում ընդհատված հարցի քննարկումը: Խոսքն օրենսդարական այն փաթեթի մասին է, որով կառավարությունը փոփոխություններ է առաջարկում Մաքսային օրենսգրքում, նաև նախատեսում է թեթևացնել խոշոր կազմակերպությունների ֆինանսական բեռը ու վերացնել պարտադիր աուդիտի պահանջը: Խոշոր համարվում են այն կազմակերպությունները, որոնց տարեկան շրջանառությունն անցնում է 1 մլրդ դրամի սահմանագիծը, իսկ այդպիսիք Հայաստանում մոտ 1000- ն են:
2015-ի հունվարի 1-ից նրանք կարող են ֆինանսական հաշվետվությունները հրապարակվել առանց աուդիտորական եզրակացության: Այս պահանջը խոշոր կազմակերպությունների համար գործում էր 2009 թվականից և Տիգրան Սարգսյանի կառավարության առանցքային քայլերից մեկն էր: Հովիկ Աբրահամյանի կառավարությունն առաջարկում է հրաժարվել պարտադիր աուդիտից՝ հիմնավորելով, թե սա կթեթևացնի խոշոր ընկերությունների ֆինանսական բեռը: Հայաստանում մոտ 40 աուդիտորական ընկերություն է գործում, միջին աուդիտի արժեքը մոտ 2 մլն դրամ է:
Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը առաջարկին դեմ են: ՀԱԿ-ի կարծիքով՝ այն պաշտպանում է խոշոր ընկերությունների շահերը, խրախուսում է ստվերը, նվազեցնում հաշվետվողականությունը: «Ժառանգության» հայացքով ՝ եթե աուդիտորական դաշտում խնդիրներ կան, պետք է լուծել դրանք, կատարելագործել չափանիշները և ոչ թե վերացնել ինստիտուտը:
ԲՀԿ-ն կողմ է աուդիտի պահանջը վերացնելուն: Գործիքը արդյունավետ չի աշխատել, աուդիտն արվել է արվելու համար ՝ առանց հետադարձ կապի ասում է Միքայել Մելքումյանը: «Որևէ անգամ որևէ մեկը փորձե՞լ է համադրել աուդիտի համար արվող ծախսերն ու դրա արդյունքները: Ինչ-որ կերպ հասկացե՞լ ենք, որևէ օգտակար բան սա տվե՞լ է , թե՞ ոչ»:
Գրեթե նույն հիմնավորմամբ նախագիծը պաշտապանում է նաև տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, հանրապետական Վարդան Այվազյանը: Տեսականորեն գաղափարը լավն էր, գործնականում՝ ոչ արդյունավետ, ասում է հանրապետական պատգամավորն ու անընդունելի համարում ամեն ինչ սևացնելու ընդդիմադիրների մոտեցումը:
ՀՅԴ-ն դեմ է պարտադիր աուդիտը վերացնելուն՝ համոզված, որ նախագիծը պաշտպանում է խոշոր ընկերությունների շահերը, իսկ դրանց մեջ այն ընկերություններն են , որոնց գործունեությունը սոցիալական նշանակություն ունի ՝ հեռահաղորդակցություն, գազ, էլեկտրաէներգիա: Այս ոլորտներում ֆինասական հաշվետվողականության կարիք հանրությունն ունի, ասում է Արծվիկ Մինասյանը:
Ի դեպ, պատգամավորը գործընկրեներին հիշեցնում է նաև ԱԺ կանոնակարգ օրենքի այն հոդվածը, որը սահմանում է պատգամավորի էթիկայի կանոններն ու շահերի բախում հասկացությունը: Հիշեցումից հետո կոնկրետ առաջարկ: «Բոլոր այն պատգամավորները, ովքեր սեփականատերեր են և ենթարկվում են աուդիտի, նրանք իրավունք չունեն մասնակցելու այս օրենքի քվեարկությանը, ավելին` նրանք պարտավոր են հրապարակային հայտարարել շահերի բախման մասին և հրաժարվել քվեարկությունից»:
Կանսան Արծվիկ Մինասյանի հորդորին ԱԺ գործարար պատգամավորները, թե՝ ոչ, պարզ կդառնա վաղը: Օրենսդրական փաթեթը քվեարկության կդրվի վաղը:
Իսկ այսօր խորհրդարանը քննարկեց նաև ԿԲ նախագահի նշանակման հարցը: Սահմնադրության 83-րդ հոդվածի համաձայն ՝ հանրապետության նախագահի առաջարկությամբ, փակ գատնի քվերակությամբ և 6 տարի ժամկետով ԿԲ նախագահ նշանակում է խորհրդարանը: Հանրապետության նախագահն այս պաշտոնում կրկին առաջադրել է Արթուր Ջավադյանի թեկնածությունը:
Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, ապա դրա քննարկումը խորհրդարանը կսկսի վաղը: Հովիկ Աբրահամյանի կաբինետի մշակած 74 էջանոց ռազմավարական փաստաթուղթը առաջիկա տարիների սոցիալ-տնետսական գերակայությունների մասին արդեն խորհրդարանում է: Թե ինչ վերաբերմունք ունեն դրա նկատմամբ խորհրդարանական ուժերը, առայժմ հստակ չէ: Ըստ այսօր հնչած հայտարարությունների ՝ դիրքորոշումների նախնական պատկերը հետևյալն է. ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու ծրագրին, ԲՀԿ-ն գիտի, որ կողմ չի լինելու , ՕԵԿ-ը կլսի կառավարությանը, հետո միայն որոշում կկայացնի: Մյուս խմբակցություններն իրենց դիրքորոշումները կգաղտնազերծեն վաղը:




