ԿարևորՀասարակություն

Օրը՝ կարճ․ 15․02․24

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։

Մեղադրանքներ են ներկայացվել ընդհանուր 8 անձանց, որոնցից 5-ը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք են, 3-ը՝ առևտրային նշված ընկերության ներկայացուցիչները: Քննության ներկա պահին նախնական կալանքի տակ է գտնվում վերջիններիցս մեկը։

Ադրբեջանը շարունակում է ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ՝  Կառավարության նիստի մեկնարկին ասել է  Հայաստանի  վարչապետը՝ անդրադառնալով  սահմանային իրավիճակին և Ադրբեջանի հետ բանակցություններին ընթացքին։ Փաշինյանի գնահատմամբ՝ Ներքին Հանդում տեղի ունեցածն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորումն է։ Վերջին շրջանում պաշտոնական Երևանը Բաքվի գործողություններում հստակ միտում է տեսնում։ Անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարություններին՝ գործադիրի ղեկավարը դրանք Հայաստանի ինքնիշխանության խախտում և ներքին գործերին միջամտություն է որակել։

ՀՀ ԱԳՆ–ն առաջարկում է Ադրբեջանին արագացնել սահմանազատման գործընթացը Պրահայի պայմանավորվածության հիման վրա։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությանը սահմանամերձ գյուղերի վերաբերյալ։

Կառավարությունը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագիրը։ Գործադիրի կողմից հաստատված բնակավայրերում կառավարության աջակցությամբ տներ են կառուցվում։ Կառույցը պետք է պատրաստ լինի երեք տարվա ընթացքում։ Հակառակ դեպքում ը գումարը չի տրամադրվի։ Բանկերը պետք է գործ ունենան կարգապահ քաղաքացիների հետ, շահառուները պետք է գիտակցեն՝ ինչի համար են գումարները՝ հստակեցրել են կառավարությունում։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և նախկին օմբուդսմեն և պետնախարար Արտակ Բեգլարյանը «120 000 պատճառ կոալիցիայի» և ԱՄՆ Հայ իրավաբանների միության հրավերով և աջակցությամբ ԱՄՆ-ում մասնակցել են Միջազգային կրոնական ազատության համաժողովին, հանդիպումներ ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, ներկայացրել Արցախում ցեղասպանության հանգամանքները, ներկա քաղաքական ու մարդասիրական իրավիճակը, քննարկել Արցախի ժողովրդին պատշաճ միջազգային աջակցության անհրաժեշտությունը:

«Բարձունք» կրթական շարժումը գրքի տոնին գիրք նվիրելու ավանդույթը նոր մակարդակի է բարձրացրել․ առաջարկում է երկրի գրքային ֆոնդին նոր՝ դեռևս գոյություն չունեցող գիրք նվիրել՝ այժմ ունեցած մեր գրքերը վաճառքի հանելով։ Կարճ ձևակերպմամբ՝ առաջարկում է բոլորիս գրքարար դառնալ։ Կրթական շարժման առաջնորդող խորհրդի անդամ Գեղամ Օհանյանը «Ռադիոլուր»-ին պատմել է՝ ինչպես է դա տեղի ունենալու:

Եզդիական համայնքը և ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը գործընթաց են նախաձեռնել Հայաստանում ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու համար։ Օրենսդրական փոփոխություններ ենթադրող ծրագրի նպատակը հատկապես եզդիական համայնքում ընդունված վաղ ամուսնությունների ավանդութը փոխելն է։ Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանն արձանագրում է՝ համայնքում կան ազգային ավանդույթներ, որոնք վնասում են հենց համայնքին։ Վաղ ամուսնությունների հետևանքով հատկապես աղջիկները դուրս են մնում պարտադիր կրթական համակարգից, ինչն էլ շղթայաբար այլ խնդիրների պատճառ է դառնում։

Քասախի կիրճում բնակիչներից մեկը սեփական տարածքում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության կողմից դեպքն արձանագրվել և աշխատանքները դադարեցվել էին: Քննարկվել են աշխատանքների ընթացքում հայտնաբերված հնագիտական առարկաները պետությանը հանձնելու և հրատապ պեղումների անհրաժեշտությունը: Առաջիկայում նոր հայտնաբերված հուշարձանը կվկայագրվի և կստանա նաև նորահայտ հուշարձանի կարգավիճակ:

Մահացել է հայ լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ ՄԳԱ ակադեմիկոս, Լրագրողների միության անդամ Լավրենտի Միրզոյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա որդին` Աշոտ Միրզոյանը։

Ֆրանսիայի Ազգային ժողովի Միջազգային հարցերով կոմիտեն բանաձև է ընդունել՝ դատապարտելով Ալիևի կողմից ԼՂ-ում իրականացված էթնիկ զտումները և աջակցելով Հայաստանի տարածքային ամբողջականությանը:

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Յուվեր Ժուլիեն Լաֆերրիերն «X»-ի իր էջում գրել է․

«Կոչ եմ անում Ֆրանսիային և Եվրոպայի միությանը` պահանջել ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին»:

Կարդացեք նաև

Back to top button