
ՀՀ ԱԳՆ–ն առաջարկում է Ադրբեջանին արագացնել սահմանազատման գործընթացը Պրահայի պայմանավորվածության հիման վրա։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությանը սահմանամերձ գյուղերի վերաբերյալ։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության փետրվարի 15-ի նիստում ունեցած ելույթի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել մեկնաբանությամբ, ինչի կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջանը և Հայաստանը գրավոր կերպով պայմանավորվել են, որ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանագծման գործընթացի քաղաքական հիմք է լինելու:
Ադրբեջանին առաջարկում ենք այս պայմանավորվածության հիման վրա արագացնել սահմանազատման գործընթացը և վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը»,- ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի տարածած հայտարարությունում:
Ադրբեջանի արտգործնախարարությունից արձագանքել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանի 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ ադրբեջանական օկուպացիայի տակ են, և այն որակել «քաղաքական շահարկում»: Նշել են նաև, որ Հայաստանը պարտավոր է վերադարձնել ադրբեջանական ութ գյուղ։




