ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է. Արցախի օմբուդսմենները ամերիկյան հանդիպումների մասին

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և նախկին օմբուդսմեն և պետնախարար Արտակ Բեգլարյանը «120 000 պատճառ կոալիցիայի» և ԱՄՆ Հայ իրավաբանների միության հրավերով և աջակցությամբ ԱՄՆ-ում մասնակցել են Միջազգային կրոնական ազատության համաժողովին, հանդիպումներ ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, ներկայացրել Արցախում ցեղասպանության հանգամանքները, ներկա քաղաքական ու մարդասիրական իրավիճակը, քննարկել Արցախի ժողովրդին պատշաճ միջազգային աջակցության անհրաժեշտությունը:

Գլխավոր ասելիքն այն է, որ արցախցիների հավաքական վերադարձի իրավունքը պետք է իրացվի,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արտակ Բեգլարյանը՝ շեշտելով, որ դրա համար անհրաժեշտ պայմաններ պետք է ստեղծել, որի ուղղությամբ բոլորն անելիքներ ունենք։

«Այստեղ կարևոր է նաև ՀՀ պաշտոնական դիրքորոշումը, որ պետք է Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվություն ստանձնի մեր հավաքական վերադարձի իրավունքի իրացման հետ կապված և անհրաժեշտ պայմաններ ստեղծելու հետ կապված»:

Արցախի նախկին պետնախարարը նշում է, որ ԱՄՆ-ում ունեցած հանդիպումներում  բարձրաձայնել են նաև Ադրբեջանի ցեղասպանական ռեժիմի պատասխանատուներին միջազգային պատասխանատվության ենթարկելու հարցերը։

«Միջազգային հետաքննություն, կամ՝ Ադրբեջանի պետության և կոնկրետ անհատների դեմ պատժամիջոցներ։ Նաև՝ մշակութային ժառանգության հետ կապված հարցեր ենք բարձրաձայնել ու քննարկել տարբեր կազմակերպությունների հետ»։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ շեշտում է, որ իրենց այցը հստակ ուղերձ է ունեցել՝ «ցույց տալու, ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է»։

«Մենք չենք համարում, որ Արցախի ժողովրդի մասին այլևս չպետք է խոսել, կամ նրա իրավունքների պաշտպանությանը չպետք է անդրադառնալ, որովհետև, ցավոք սրտի, կարծես տեսնում ենք, որ տարածաշրջանային զարգացումների ֆոնին փակվում կամ անտեսվում է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության օրակարգը, և խնդիր էր մեզ համար՝ թե՛ ԱՄՆ-ում հայկական Սփյուռքի ներկայացուցիչներին, և թե՛ ամերիկյան շրջանակներին  հասցնել այս կարևոր ուղերձը»։  

Այցի ժամանակ երկու բանաձևի նախագիծ ներկայացվեց կոնգրեսում՝ հիշեցնում է Արտակ Բեգլարյանը։ Խոսքը Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու և մարդու իրավունքների վերաբերյալ Բաքվի պարտավորությունները կատարելու վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ Կոնգրեսին ներկայացնելու մասին է, իսկ պարտավորությունները չկատարելու դեպքում՝ պատժամիջոցներ կիրառելու։ Հույս ունեն, որ այդ երկու բանաձևերն էլ դրական ընթացք կապահովեն գործընթացներին։

Ադրբեջանում պահվող ռազմագերիների, պատանդառված անձաց, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցին անդրադառնալով՝ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նկատեց, որ այդ առումով իրավական ճանապարհն անկարող է։ Հետևաբար՝ խնդրի լուծում անհնար է պատկերացնել առանց միջազգային, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ քաղաքական ճնշման։ Նման բանակցություններ էլ, ըստ Ստեփանյանի, ՀՀ-ն պետք է վարի և, ընդհանրապես, ՀՀ-ն բանակցային օրակարգից չպետք է հանի Արցախի ժողովրդի իրավունքների թեման։

Կարդացեք նաև

Back to top button