
Ադրբեջանը շարունակում է ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ՝ Կառավարության նիստի մեկնարկին ասել է Հայաստանի վարչապետը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին և Ադրբեջանի հետ բանակցություններին ընթացքին։ Փաշինյանի գնահատմամբ՝ Ներքին Հանդում տեղի ունեցածն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորումն է։ Վերջին շրջանում պաշտոնական Երևանը Բաքվի գործողություններում հստակ միտում է տեսնում։ Անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարություններին՝ գործադիրի ղեկավարը դրանք Հայաստանի ինքնիշխանության խախտում և ներքին գործերին միջամտություն է որակել։
Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու համար Ադրբեջանին այժմ խանգարում է Հայաստանի օրենսդրությունը։ Այս հարցում Ալիևը նոր նախապայման է առաջ քաշել, ըստ որի՝ խաղաղության պայմանագիր չի լինի, եթե Հայաստանն օրենսդրական վերանայումներ չանի։ Հայաստանի վարչապետն արձագանքել է այդ պահանջներին ․
«Պաշտոնական Բաքվից վերջին օրերին հնչող մի շարք հայտարարություններ Հայաստանի օրենսդրական դաշտի մասին, մեր երկրի ինքնիշխանության խախտում են և միջամտություն մեր երկրի ներքին գործերին։ ՀՀ օրենսդրության մեջ «Խաղաղության պայմանագրի» իրագործմանը խոչընդոտող որևէ դրույթ չկա, և սա ոչ միայն քաղաքական, այլև փորձագիտական գնահատական է, որի իրավական նրբությունների մեջ խորանալու անհրաժեշտություն առնվազն այս պահին չեմ տեսնում»։
Ալիևի պահանջները անհիմն են թեկուզ այն տեսանկյունից, որ տարածքային պահանջների ձևակերպումներ կան հենց Ադրբեջանի օրենսդրական դաշտում, հետևաբար Ադրբեջանի նախագահը անկեղծ չէ, երբ իր խոսքում նշում է, թե «հավակնություններ չունեն Հայաստանի տարածքի նկատմամբ»։ Պատմական գիտությունների թեկնածու Հրայր Սողոմոնյանն Ադրբեջանի օրենսդրությունից առնվազն մի քանի օրինակ ունի ձեռքի տակ, որոնք ապացուցում են ադրբեջանական հավակնությունների ծավալը։
Վիճելի դրույթներ կան, օրինակ, 1991 թվականի հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին սահմանադրական ակտում, որով այսօրվա Ադրբեջանն իրեն համարում է 1918–20 թվականների Ադրբեջանական Հանրապետության իրավահաջորդը։ Ի թիվս այլ փաստաթղթերի՝ պատմաբանը մեջբերում է անում նաև 2020 թվականի Ադրբեջանի արտգործնախարարության տեղեկանքից։
«Այդ երկրի անվիճելի համարվող տարածքները կազմել են, ուշադրություն, 97 298 քառակուսի կիլոմետր, ի տարբերություն՝ Ադրբեջանական ԽՍՀ–ի 86 600–ի։ Իսկ 16 598 քառակուսի կիլոմետրն էլ համարվել է վիճելի, բայց, բնականաբար, հավակնություն կա այդ տարածքների վրա»:
Սա ասելով՝ պատմաբանը նկատի ունի Հայաստանի նոր Սահմանադրության և Անկախության հռչակագրից հրաժարվելու մասին խոսակցությունները։ Օրերս Հայաստանում ձևավորվեց «Հանուն Սահմանադրության» շարժումը։ Նախաձեռնողները համոզված են, որ առաջարկվող փոփոխություններն ուղիղ կապ ունեն «Խաղաղության պայմանագրի» հետ։ Թեև իշխանությունը պնդում է, որ մեկ անձի ստորագրությամբ պայմանագիրն ուժի մեջ չի մտնի, այն պետք է վավերացվի խորհրդանում՝ ՍԴ-ի կողմից Սահմանադրությանը համապատասխան գնահատվելուց և եզրակացությունից հետո, բայց փոփոխությունների ընդդիմախոսները խոսում են հստակ վտանգների մասին։ Պատմաբան Հրայր Սողոմոնյան։
«Հիմա ՍԴ եզրակացությունը մի կողմ դնելով, շրջանցելով՝ Սահմանադրությունն են փոխում, հետո նոր ստորագրեն պայմանագիրը»։
Ադրբեջանի ներկա տարածքային հավակնությունների համեմատ Հայաստանի բարձրաձայնած ներկա տարածքային խնդիրները Փաշինյանի ներկայացմամբ անհամեմատ համեստ են, գնահատվել են ԽՍՀՄ տարիներին զբաղեցրած տարածքներով․
«Ադրբեջանը պարբերաբար խոսում է, ինչպես ինքն է ձևակերպում, 4 գյուղերի տարածքների մասին, միևնույն ժամանակ՝ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի Հանրապետության 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ: Այսինքն՝ այս 4/31-ը վերաբերում է ոչ անկլավային գյուղերին»։
Վերահաստատելով հավատարմությունը խաղաղության օրակարգին, պնդելով էսկալացիան նվազեցնելու մեխանիզմների կիրառումը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում արտացոլված իրական համագործակցության նպատակը, Հայաստանի վարչապետը շարունակում է ահազանգել․ միջազգային իրավունքում սկզբունքորեն անընդունելի՝ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի սկզբունքի որդեգրումը Ադրբեջանի ղեկավարության կողմից արվում է միտումնավոր․
«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, թե սրա համար կարող է լինել մեկ պատճառ։ Այդ պատճառը կարող է լինել, օրինակ, ռազմական գործողություններ սկսելը սահմանի որոշ հատվածներում, հետագայում ռազմական էսկալացիան ՀՀ դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով։ Այս մտադրությունը ընթերցվում է պաշտոնական Բաքվից հնչող բոլոր հայտարարություններում ու գործողություններում»։
Վարչապետ Փաշինյանն անհիմն է համարում նաև Ադրբեջանի մեղադրանքները Հայաստանի կողմից սպառազինություն ձեռք բերելու վերաբերյալ։
«Ուժեղ և մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է։ Սա որևէ մեկը չի կարող ժխտել։ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հարևան բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և սեփական տարածքից դուրս նպատակներ չունի։ Սա, ի դեպ, մեր երկարաժամկետ ռազմավարությունն է, որովհետև, կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար կարևորագույն կոմպոնենտ է լեգիտիմությունը։ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության ոլորտում ունի միայն լեգիտիմ նպատակներ, այն է՝ միջազգայնորեն ճանաչված իր տարածքների պաշտպանությունը։ Նման նպատակ ունենալու մեջ որևէ երկիր որևէ այլ երկրի երբևէ չի կարող մեղադրել»։
Ակնհայտ է, որ վարչապետի խոսքը Կառավարության նիստում ուղղված է նաև միջազգային հանրությանը և առավելապես՝ բանակցություններում ներգրավված միջնորդներին։ Սակայն Ադրբեջանը հրաժարվում է միջնորդներից՝ հորդորելով նրանց զբաղվել սեփական գործերով։ Համոզված է, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդներ պետք չեն։ Մինչդեռ պաշտոնական Երևանը, չհրաժարվելով ուղիղ բանակցություններից, բազմիցս պնդել է միջնորդների և երաշխավորների ինստիտուտի անհրաժեշտությունը։




