ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Երեք տարի՝ սահմանամերձ համայնքում պետության աջակցությամբ տուն կառուցելու համար

Կառավարությունը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագիրը։ Գործադիրի կողմից հաստատված բնակավայրերում կառավարության աջակցությամբ տներ են կառուցվում։ Կառույցը պետք է պատրաստ լինի երեք տարվա ընթացքում։ Հակառակ դեպքում ը գումարը չի տրամադրվի։ Բանկերը պետք է գործ ունենան կարգապահ քաղաքացիների հետ, շահառուները պետք է գիտակցեն՝ ինչի համար են գումարները՝ հստակեցրել են կառավարությունում։

412 շահառուի հաստատված հայտ՝ առևտրային բանկերի ու միասնական սոցիալական ծառայության կողմից։ Հայտերը ներկայացրել են սահմանամերձ համայնքների բնակիչները՝ պետական աջակցության ծրագրի շրջանակներում լուծելու իրենց բնակարանային խնդիրները։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյան․

«Դրանք բաշխված են ըստ մարզերի հետևյալ կերպ․ Տավուշի մարզում՝ 239 հայտ, Սյունիքի մարզում՝ 54 հայտ, Արարատի մարզում՝ 50 հայտ, Վայոց Ձորի մարզում՝ 47 հայտ, Գեղարքունիքի մարզում՝ 22 հայտ։ Հաստատված հայտերը գտնվում են շինարարության ամենատարբեր փուլերում։ Ծրագրի շրջանակներում մինչ այս պահը տրամադրվել է շուրջ 1,5 միլիարդ դրամի վարկ»։

Պոտենցիալ շահառուների թիվն ավելին է՝ ասում է նախարարը։ Ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվում սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական տուն կառուցելու նպատակով գործընկեր բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից հիփոթեքային վարկ ստացած շահառուին՝ պետական աջակցությունն ուղղելով հիփոթեքային վարկի ամենամսյա մայր գումարի և տոկոսագումարների մարմանը։ Աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13 տոկոս տոկոսադրույքի չափով մարման համար։ Երկրորդ գրավի պահանջն այլևս չի գործում՝ հստակեցնում է Նարեկ Մկրտչյանը․

«Շահառուները պետք է լինեն ՔԿԱԳ մարմիններում գրանցված ամուսնություն ունեցող, և նրանցից մեկը պետք է անպայման լինի ՀՀ քաղաքացի։ Ծրագրից կարող են օգտվել, եթե ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող հող կամ կիսակառույց շինություն, որը չունի ավարտական ակտ։ Կա սահմանամերձ գյուղերի համար հաստատված ցանկ»։

Մինչ ծրագրի ավարտը՝ 2025թ դեկտեմբերի 31–ը շահառուների թիվը կանցնի հազարները՝ արձանագրում է վարչապետը։ Ընդգծում է ՝ շատ հաճախ առևտրային բանկերը վարկը չեն հաստատում՝ վատ վարկային պատմություն ունենալու պատճառով։ Այստեղ էլ մտահոգող հարցեր կան․ եթե մայր գումարն ու տոկոսները կառավարությունն է փակում, ինչու են մերժում հայտերը․

«Խնդիրն այն է, որ բանկերը տրանշով գումարը քաղաքացուն են տալիս։ Եթե տեսնում են, որ քաղաքացին խաղադրույք կատարելու սովորություն ունի, վատ բանկային պատմություն ունի, պարտք ունի, ռիսկ է։ Նախագիծը կա, ենթադրենք ինչ որ աշխատանք անելու համար պետք է 2 մլն դրամ, տալիս են, հետո գալիս ստուգում են՝ արվել է աշխատանքը, թե ոչ, տալիս են մնացած մասերը»։

Վարկային պատմությունները կարևոր են՝ ընդգծում է Նիկոլ Փաշինյանը։ 10 տարի ժամկետով հնարավոր չի լինի վաճառել այս ծրագրով կառուցված տունը։ Այս պահին նույն պայմաններով սահմանամերձ համայնքներում տներ կարող են կառուցել Աևցախից բռնի տեղահանվածները։ Հատկապես, որ ծրագրերը միայն տվյալ գյուղում հաշվառվածների համար չէ։ Այս պահին միայն պետական բյուջեից 34 մլրդ դրամ է տրամադրվել և ծախսվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքները հասցեագրելու համար՝ արձանագրում է կառավարության ղեկավարը․

«Երբ քննարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման հետ կապված հարցերը, եկանք մի կարևոր եզրակացության, որ մենք պետք է իրենց համար նույն պայմաններն ապահովենք, ինչ ՀՀ քաղաքացիների համար: Սա շատ կարևոր է նաև լարվածություններ չառաջացնելու տեսակետից»:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի տեղեկացմամբ, որոշակի հարմարեցումներ կանեն ծրագից օգտվելու համար։ Առաջիկայում կամփոփեն ու կներկայացնեն Արցախից բռնի տեղահանվածներին բնակարաններով ապահովելու հետ կապված հայեցակարգային մոտեցումները։
 

Կարդացեք նաև

Back to top button